
Եկեղեցու դեմ նման կերպով գրոհելը կլինի Փաշինյանի վերջը. Նրա պարտվիրատուն շտապեցնում է». Կարո Վարդանյան

Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմ արշավը և Հայոց Վեհափառին հեռացնելու գործընթացը համարում է իր առաջնային օրակարգը։ Նա երեկ հերթական գրառումն է կատարել՝ նշելով, թե պետք է «ժամանակավոր կաթողիկոս նշանակվի, օրինակ, որևէ ամուսնացյալ քահանա»։ Ավելին՝ ըստ Նիկոլ Փաշինյանի, ինքը համապատասխանում է բոլոր չափանիշներին, որպեսզի առաջնորդի Վեհարան ներխուժելու շարժումը։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նախկին տնօրեն, գրող, գրականագետ Կարո Վարդանյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմ արշավը չի դադարեցնելու, իր հայտարարությունների պարբերականությունը հուշում է, որ նա իր ստանձնած դերը մինչև վերջ կատարելու է՝ ընդհուպ Վեհարան ներխուժելը։
«Գոնե ինձ ու ինձ նման մտածող մարդկանց համար Նիկոլ Փաշինյանի հետագա գործողությունները հստակ են։
Սաղմոսներ է անգիր անում այստեղից ու այնտեղից, ինչը հանրության առաջ «աչքակապություն» է, իբր թե ինքն ամեն ինչին տիրապետում է, եկեղեցու զավակ է. սա միամիտների համար է։
Ինքս վստահ եմ, որ ինչ-որ զանգված կհավաքվի Նիկոլ Փաշինյանի շուրջ՝ Վեհարանի վրա ներխուժելու համար, բայց նաև վստահ եմ, որ դա չի լինելու այն քանակը, ինչ ինքն ակնկալում է, դրանք կլինեն աղանդավորներ, որոնց նպատակը մեր եկեղեցին կործանելն է։ Բնականաբար, կլինեն նաև ուժային կառույցի ներկայացուցիչներ, սական վերջին շրջանում տեսնում ենք միտումներ, որ բոլորը չէ, որ հլու-հնազանդ կենթարկվեն Նիկոլ Փաշինյանի հրամաններին։
Նրա հույսն ու հավատը պետական ապարատն է, ինչպես մենք ենք նրանց կոչում՝ այդ «տուն պահողները», բայց նրանց մեջ էլ կլինեն մարդիկ, որ չեն գնա։ Վստահ եմ՝ Վեհարան ներխուժելու համար Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու իր ուզած քանակը ստանալ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Կարո Վարդանյանը։
Նրա խոսքով՝ հանրության ճնշող մեծամասնությունը՝ թե՛ սփյուռքում, և թե՛ Հայաստանում, լավ էլ գլխի է ընկնում, թե ինչ է մտքին դրել Նիկոլ Փաշինյանը կամ ինչպիսի պարտավորություններ է ստանձնել։
«Նա ստորագույն ճանապարհ է ընտրել, որոշ հոգևորականների է թիրախավորել, իբր թե ուզում է իր ստոր քայլերը հիմնավորել։ Բայց սա իր թիմով ասպատակում է տարբեր ոլորտների դեմ՝ կրթություն, գիտություն, տնտեսություն, բոլոր տեղերում։ Բայց եկեղեցու դեմ ասպատակելու, այն տկարացնելու համար մեր օրենսդրությունը Փաշինյանի օգտին չէ։ Վստահ եմ, նա իր կամակատարներով ժամանակին լավ նայել է օրենսդրությունը և այնտեղ որևէ հիմք չգտնելով՝ հիմա փորձում է մանիպուլացնել։ Այս պիղծ շարժման ամենամեծ զավեշտն այն է, որ իբր բարոյական հենքի վրա է պայքարը սկսում»,- հավելեց մեր զրուցակիցը։
Կարո Վարդանյանը շաև շեշտեց՝ եկեղեցու դեմ պայքարը սկսել է մեկը, ում կյանքում բարոյական, առաքինի որևէ նշույլ չկա։ Նա նշում է, որ Փաշինյանի գործընկերները գիտեն նրա իրական վարքը՝ գոնե ժամանակին նա շանտաժով է դրամ վաստակել, զրպարտել։
Նա նաև հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի հրահանգով դատարանների վրա հարձակումներն ու շրջափակումները, ինչը, նրա գնահատմամբ՝ բարբարոսական վերաբերմունք էր սեփական երկրի օրենքի վրա։ Հիմա էլ, ինչպես նշեց Կարո Վարդանյանը՝ Փաշինյանը եկեղեցու վրա գրոհելու կոչ է անում, այն էլ՝ օրը մեջ, բայց չի կարողանում ապահովել իր ուզած քանակը։
«Ինձ համար հստակ է՝ Փաշինյանի պարտվիրատուն նրան շտապեցնում է, որովհետև այս մարդը տեսնում է, որ գրեթե շանս չունի հաջողելու, բայց այնուամենայնիվ հետ չի կանգնում։ Իսկ պատվիրատուն «Թուրանական աշխարհն» է՝ Փաշազադե մոլլայապետի գլխավորությամբ, ով պարզ ասել է, որ Հայ Առաքելական եկեղեցին սպառնալիք է տարածաշրջանի երկրների համար։ Եկեղեցին ինչպե՞ս կարող է սպառնալիք լինել, երբ հնազանդություն, օրինականություն ու հավատ քարոզող մարմին է։
Նրանք հայության համերաշխությունից ու միաբանությունից են վախենում, իսկ ո՞վ պետք է հայությանը միաբանի, միակ ուժը եկեղեցին է, որն այսօր մնացել է մեր գոյաբանության միակ հենարանը։ Սա էլ ժամկետները խախտում է, դրա համար էլ վերջին գրառումները հասնում են հիստերիայի։
Ինչ վերաբերում է բախումներ ու խժդժություններ հրահրելուն, դա Նիկոլ Փաշինյանի տարերքն է, մենք դա տեսել ենք, նույնիսկ մինչև իշխանության գալը, տեսել ենք իր կողմից այդքան շահարկած «մարտի 1»-ը։ Բայց եկեղեցու դեմ նման կերպով գրոհելը կլինի Նիկոլ Փաշինյանի վերջը»,- ընդգծեց Կարո Վարդանյանը։