Բաժիններ՝

«Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան» պատրաստ են եվրոպական մարտերին

Հուլիսի 24-ին հայաստանյան երկրպագուներին սպասվում է եվրոպական ֆուտբոլի հագեցած երեկո․ Երևանի երկու առաջատար ակումբները՝ «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան», ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 խաղարկության որակավորման երկրորդ փուլի շրջանակում կանցկացնեն իրենց առաջին հանդիպումները։

«Փյունիկ» – «Դյոր». նպատակ՝ նոր փուլ

Երևանյան ակումբը հեշտությամբ հաղթահարեց առաջին փուլը՝ չնայած արտագնա հանդիպման 0։1 պարտությանը՝ «Լա Ֆիորիտայի» հետ։ Սակայն «Հանրապետականում» ցուցադրած 5։0 հաշվով վստահ հաղթանակը վկայում է թիմի ներուժի մասին։ Երկրորդ փուլում մրցակիցն արդեն ավելի լուրջ է՝ հունգարական «Դյորը», որն ունի խաղամակարդակի և կարգապահության բարձր մշակույթ։

Խաղից առաջ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը վստահեցրել է, որ թիմը պատրաստ է դիմակայելու մրցակցի ուժեղ կողմերին․

«Մեր մրցակիցը լուրջ թիմ է, բայց վստահ եմ՝ նրանք էլ նույն կարծիքին են մեր մասին։ Մեր նպատակը հաջորդ փուլ անցնելն է, և վստահ եմ՝ երկրպագուների աջակցությամբ մեր խաղացողները կմիացնեն իրենց տուրբոն»։

«Փյունիկ» – «Դյոր» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 24-ին՝ ժամը 20։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

«Արարատ-Արմենիա» – «Ունիվերսիտատեա Կլուժ»

Մյուս հայաստանյան ներկայացուցիչը՝ «Արարատ-Արմենիան», որ ազգային առաջնությունում գրավեց երկրորդ տեղը, ուժերը կչափի ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» հետ։ Հաղթանակը «Արարատի» նկատմամբ (6։0) ցույց տվեց թիմի հարձակողական պոտենցիալը, որը գոհացուցիչ է նոր գլխավոր մարզչի՝ Վարդան Մինասյանի համար։

Իսկ ռումինական ակումբի մարզիչ Իոան Սաբեուն հանդիպումից առաջ նշեց․

««Արարատ-Արմենիան» նոր շունչ ունի՝ բրազիլացի և պորտուգալացի խաղացողներով։ Մենք պետք է խաղադաշտ դուրս գանք էներգիայով, վստահությամբ և խիզախությամբ։ Սա մեզ համար հնարավոր է դարձել երկրպագուների հավատքի և նվիրվածության շնորհիվ, ու մենք պատրաստ ենք այն արդարացնել»։

Թիմերն արդեն անցկացրել են համապատասխան նախապատրաստական փուլեր․ «Արարատ-Արմենիան» ցուցադրել է կայուն արդյունքներ՝ գոլային առավելությամբ, իսկ «Ունիվերսիտատեան» նոր մրցաշրջանի մեկնարկում հաղթել է «Մետալոգլոբուսին» և խաղացել ոչ-ոքի «UTA Արադի» հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս