
Իրանն ու Ադրբեջանը քննարկել են երկաթուղային ոլորտում համագործակցությունը

Ինչպես հաղորդում են ադրբեջանական և իրանական լրատվամիջոցները, այսօր երկու երկրների երկաթուղիների ներկայացուցիչները այցելել են Ասթարա քաղաքի տերմինալ։ Պատվիրակության կազմում էին Իրանի երկաթուղիների ղեկավար Ջաբարալի Զաքերի Սերդրուդին, «Ադրբեջանի երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Ռովշան Ռուստամովը, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային և քաղաքային պաշտոնյաներ։
Կողմերը ծանոթացել են երկաթուղային տերմինալի և հացահատիկի պահեստի աշխատանքների ընթացքին։ Բացի այդ, տեղի է ունեցել հանդիպում երկու երկրների և Գիլան նահանգի վարչակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ քննարկվել են առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները։
Հիշեցնենք, որ 2021թ., երբ քննարկվում էին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարները, իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը փետրվարի 1-ին հրապարակել էր քարտեզ, որը վերաբերում էր իրանական «Հյուսիս-հարավ» անունը կրող միջանցքին։
Համաձայն այդ ծրագրի՝ միջանցքը Չինաստան Ժողովրդական Հանրապետությունը կապում է Հնդկաստանի Հանրապետությանը, Պակիստանի Իսլամական Հանրապետությանը և Իրանին։ Ակնկալվում էր, որ Իրանը կավարտի Գիլան նահանգի հյուսիսային Ռաշթ և Ասթարա քաղաքների միջև երկաթուղու 170 կիլոմետրը՝ Եվրոպայում Ռուսաստանի Դաշնության ու Ֆինլանդիայի Հանրապետության հետ կապ ապահովելու համար:
Ըստ իրանցի փորձագետների՝ ներկայումս նավերը Հնդկաստանից Սուեզի ջրանցքով ՌԴ են տեղափոխվում 40 օր, իսկ Հյուսիս-հարավ միջանցքի դեպքում ճանապարհը կկրճատի 14 օրվա: Երկաթուղային միջանցքը պատրաստվում է միացնել Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Ռուսաստանի և Կովկասի տարածաշրջանի երկրները Պարսից ծոցին ու Հնդկաստանին։
Բացի այդ, Ռուսաստանի, Ադրբեջանի Հանրապետության և Իրանի նախագահները 2020 թվականին այս միջանցքի կառուցումն ավարտելու մասին փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել: Հյուսիս-հարավ միջանցքը դիտարկվում էր որպես Հնդկաստանի, Իրանի, Աֆղանստանի Իսլամական Հանրապետության, Հայաստանի, Ադրբեջանի, ՌԴ-ի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև ապրանքների տարանցման ճանապարհային, երկաթուղային ու նավային ուղիների 7200 կիլոմետր երկարությամբ ցանց: