Ա. Ադիբեկյան. Եթե այժմ առաջարկենք հանրաքվե, ապա միանշանակ մարդիկ Ռուսաստանի կողմ են լինելու (տեսանյութ)

«Հայաստանում բնակվող հայերի համար համագործակցության առումով նախընտրելի երկիրը միշտ առաջին հերթին եղել է Ռուսաստանը, երկրորդ տեղում` միշտ եղել է Եվրամիությունը, իսկ երրորդ տեղը ժամանակի ընթացքում ԱՄՆ-ն զիջել է Պարսկաստանին: Հիմա չորս երկիր կա, որոնց հետ Հայաստանի հայերն ուզում են համագործակցել. առաջինը՝ Ռուսաստանը (40-55%), երկրորդը` Եվրամիությունը (20-22%), Պարսկաստանը (մոտ 14%) և Միացյալ նահանգները (11-12%):

Մյուս երկրների դերակատարությունը 1-3 %-ի սահմանում է, դրա մեջ մտնում է Ուկրաինան, Վրաստանը, Ղազախստանը և այն երկրները, որոնց մասին գոնե մի քիչ գաղափար ունեն»: Այս մասին այսօր` սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` անդրադառնալով Մաքսային միությանը միանալու վերաբերյալ հանրային կարծիքի մասին հարցին:

Ըստ սոցիոլոգի` իրենք ընտրությունների ժամանակաշրջանում հարցումներում ներառում են նաև հարցեր` պարզելու համար, թե ուր պետք է կողմնորոշվի Հայաստանը, որպեսզի պարզ դառնա, արդյոք մեր երկրի արտաքին քաղաքական ուղեցույցները համապատասխանո՞ւմ են ժողովրդի սպասելիքներին, թե՞ ոչ, կամ՝ արդյոք դա կարո՞ղ է քաղաքական պայքարի, ըմբոստության մի նոր ալիքի վերածվել, թե՞ ոչ:

«Առաջին տարիներին հարցումների ժամանակ ԱՄՆ-ն բարձր տոկոս էր գրավում՝ մոտ 25 տոկոս, որը, սակայն, հետագայում նվազեց: Եթե այժմ առաջարկենք հանրաքվե այս հարցի վերաբերյալ, ապա միանշանակ մարդիկ Ռուսաստանի կողմ են լինելու»,- ասաց Ա. Ադիբեկյանը` նշելով, որ դրամային փոխանցումների առումով նախորդ տարի Հայաստան է եկել 1.7 մլրդ դոլար, որից 1.44 -47 միլիարդը` Ռուսաստանից, որը կազմում է 85.6%:

«Ստացվում է, մեր մոտ ամեն 6-7-րդ ընտանիքը ապրում է Ռուսաստանից եկած գումարների շնորհիվ, եթե համեմատենք մեր բյուջեի հետ, որը 2.5 մլրդ է, պատկերացրեք, թե ինչ մեծ գումար է գալիս Ռուսաստանից»,- ասաց Ա. Ադիբեկյանը` նշելով, որ սա ևս մի փաստարկ է, որ եթե հանրաքվե լինի, ապա, բնակչության մեծ մասը, որ ապրում, սնվում և ձմռանը տունը ջեռուցում է Ռուսաստանից եկած գումարների հաշվին, միանշանակ կլինի Ռուսաստանի օգտին:

Ա. Ադիբեկյանը նշեց նաև, որ ԱՄՆ-ից, Ուկրաինայից փոխանցումները դեպի Հայաստան կրճատվել են, իսկ Ռուսաստանից, ընդհակառակը, մոտ 2 տոկոսով աճել է: Սոցիոլոգը խոսեց նաև հանրության տարբեր խավերի և տարիքային տարբեր խմբերի՝ այս հարցի առնչությամբ կարծիքների մասին, ինչպես նաև այս հարցի վերաբերյալ քաղաքական կուսակցությունների հիմնականում դիրքորոշման բացակայության մասին:

«ՀՀԿ-ն ի՞նչ է ասում՝ ոչ մի բան, ԲՀԿ-ն ի՞նչ է ասում՝ ոչ մի բան…»,- ասաց Ա. Ադիբեկյանը:

Մանրամասները` տեսանյութում:     

Տեսանյութեր

Լրահոս