Եգիպտոսի նոր իշխանությունները սերտ կապեր են հաստատում թուրքական ընդդիմության հետ
Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ Եգիպտոսի նոր իշխանությունները, որոնք բարդ հարաբերությունների մեջ են գտնվում Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ու նրա նախագահ, երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ, երկիր այցելելու հրավեր են ուղարկել թուրքական հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին:
Բացի այդ, Եգիպտոսի նոր իշխանությունները հայտնել են, որ Քըլըչդարօղլուի համար բաց է երկրի տարածքով Գազայի հատված մեկնելու ճանապարհը: Ընդդիմադիր կուսակցապետը պլանավորել է Գազայի հատված մեկնել հոկտեմբերին: Առաջիկա օրերին նա կհստակեցնի այդ հարցը և համապատասխան հարցով կդիմի Եգիպտոսի նոր իշխանություններին:
Նշվում է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը ջերմորեն են նայում Քըլըչդարօղլուի այդ այցին Գազայի հատված, ինչին ականատես չենք եղել այն ժամանակ, երբ Էրդողանը քանիցս փորձել է Եգիպտոսի տարածքով մուտք գործել Գազայի հատված: ԱՄՆ-ն ու Իսրայելը դեմ են հանդես եկել, որ Էրդողանն այցելի Գազայի հատված: