Պլանավորված է Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը հասցնել մինչև 2026 թվականը. Պուտին
Ռուսական ПРАЙМ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ռոսատոմ» ընկերությունը հայ փորձագետների հետ պայմանավորվել է համատեղ աշխատել Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով (մինչև 2026 թվականը) երկարաձգելու նախագծի իրագործման ուղղությամբ:
Այս մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը. «Շարունակվում է ատոմային ոլորտում համագործակցությունը:
«Ռոսատոմի» մասնագետները հայ փորձագետների հետ համատեղ պայմանավորվել են իրենց ջանքերը կենտրոնացնել հայկական ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով՝ մինչև 2026 թվականը, երկարաձգելու նախագծի իրագործման ուղղությամբ»:
Բանակցությունների արդյունքներով երկու երկրների առաջնորդների համատեղ հայտարարությունում ընդգծվում է նոր ատոմակայանի կառուցման նախագծի ուղղությամբ աշխատանքներ տանելու կարևորությունը:
Փաստաթղթում նաև ընդգծվում է Հայաստանի ու Ռուսաստանի միջև մինչև 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագիրը ողջ ծավալով հետևողականորեն իրականացնելու անհրաժեշտությունը:
Երկու նախագահների համատեղ հայտարարությունում նշված է, որ Երևանն ու Մոսկվան պայմանավորվել են Ռուսաստանից Հայաստան էներգակիրների մատակարարման շուրջ: 2013 թվականի հունվար-հունիս ամիսներին Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարման ծավալը կրճատվել է 7.2 տոկոսով՝ կազմելով 945 միլիոն խորանարդ մետրով: