ՀԷԿ-երի պատճառով Արագածոտնի մարզի մի շարք համայնքներում նորմալ ոռոգում չի իրականացվել
Այն, որ ՀԷԿ-երի գոյությունը գյուղացիական մի շարք տնտեսութունների համար իսկական պատուհաս է դառնում ոռոգման սեզոնին, շատերը գիտեն: Գաղտնիք չէ նաև ՀԷԿ-երի աշխատանքի հետ պայմանավորված գյուղացիների կրած վնասները: Մասնավորապես, շատ դեպքերում ՀԷԿ-երն ամբողջությամբ օգտագործում են գետի ջուրը՝ սահմանված ջրի քանակը չթողնելով գյուղացուն, ինչի արդյունքում գյուղացիները չեն կարողանում նորմալ ոռոգում ապահովել և առատ բերք ստանալ:
Խնդիրն առկա է նաև Արագածոտնի մարզում, որտեղ օրերս մարզ այցելության ժամանակ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ հանդիպման ժամանակ նշված խնդրի մասին բարձրաձայնել են նաև մարզի բնակիչները: Արագածոտնի մարզպետարանի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, նրանք տեղեկացրել են, որ ոռոգման շրջանում գյուղացիական տնտեսություններն անհրաժեշտ ջրաքանակով ապահովվածության խնդիր են ունեցել, քանի որ համայնքները գտնվում են Արզնի- Շամիրամ ջրանցքի ծայրամասում:
Բացի այդ, ըստ բնակիչների, ջրի ծավալների նվազմանը նպաստում են նա մարզում գործող փոքր ՀԷԿ-երը: Բնակիչների ասվածին ի պատասխան Ա. Գևորգյանը տեղեկացրել է, որ ոռոգման խնդիրը լուծելու համար կառավարությունում քննարկվում է Եղվարդի ջրամբարի կառուցման, ինչպես նաև նոր ջրաղբյուրներ գտնելու հնարավորությունը: Այդ դեպքում հնարավոր կլինի Արզնի-Շամիրամ ջրանցքով անգամ ծայրամասային գյուղերն ապահովել ջրի անհրաժեշտ ծավալով:
Ինչ վերաբերում է փոքր ՀԷԿ-երի խնդրին, ապա փոխվարչապետը նշել է, որ ՀՀ օրենսդրությամբ` ջրային ռեսուրսներն առաջնահերթ օգտագործվում են բնակչության խմելու – կենցաղային ոռոգման պահանջարկն ապահովելու համար: Մինչդեռ այս ամենի հետ գյուղացիները համաձայն չեն. նրանց փոխանցմամբ՝ իրենք լավ գիտեն, որ ոչ մի ՀԷԿ-ի սեփականատեր չի մտածում գյուղացու մասին, նրանց միայն իրենց փողն է պետք: Փոքր ՀԷԿ-երի հետ կապված էլ նախարարը հիշեցրել է, որ նրանք կարող են օգտագործել միայն այն ջրաքանակը, որը ոռոգման նպատակով ջրառից հետո ազատ է մնում: Փոխվարչապետը մարզպետին հանձնարարել է մարզում գործող փոքր ՀԷԿ-երի ղեկավարներին նախազգուշացնել օրենսդրական այդ պահանջի մասին: