Տավուշի մարզի Ջուջևան համայնքից ընթացիկ տարում արտագաղթել է 40 ընտանիք
Տավուշի մարզի Ջուջևան համայնքից մինչ օրս հեռացել է 40 ընտանիք: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ջուջևան համայնքի ղեկավար Ժորա Չիլինգարյանը՝ նշելով, որ նրանց որոշ մասը հավանաբար հետ կվերադառնա: Գյուղապետի փոխանցմամբ ՝ 470 բնակիչ ունեցող գյուղի հիմնական զբաղվածությունն անասնապահությունն է, իսկ կաթնամթերքի իրացման հետ կապված խնդիրներ չկան. «Կաթի մթերում գյուղից չի իրականացվում, բնակիչները կաթից պանիր են պատրաստում ու տանում շուկա, հանձնում…»,- ասաց նա:
Անասնակերի հետ կապված ևս խնդիրներ չկան, ըստ գյուղապետի՝ գյուղն ապահովված է գյուղտեխնիկայով: Ինչպես Հայաստանի մի շարք գյուղերում, այստեղ ևս թիվ մեկ խնդիրը երիտասարդության զբաղվածության հարցն է, որի պատճառով էլ երիտասարդները ցանկանում են հեռանալ գյուղից: Ջուջևան համայնքը մինչ օրս չի գազիֆիկացվել: Ժորա Չիլինգարյանի խոսքով՝ այս տարի աշխատանքները կսկսվեն, և իրենց կողմից արված ուսումնասիրությունների համաձայն՝ բնակչության 95 տոկոսը կկարողանա բնակարանները գազիֆիկացնել: Նշենք նաև, որ համայնքի առաջնային խնդիրներից է նաև խմելու ջրագծի ցանցի վատ վիճակը:
Լուսանկարը` հեղինակի
Տավուշի մարզ