Բաժիններ՝

Ո՞ւր են մեր ցորենի պահուստները

2013 թվականին մարզերից ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ կանխատեսվում է շուրջ 275 հազար տոննա ցորենի բերք, որը կկազմի տարեկան օգտագործվող ցորենի շուրջ 46.5 %-ը: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը:

Յուրաքանչյուր տարի հանրապետությունում օգտագործվում է 528-581 հազար տոննա ցորեն, որից տեղական արտադրության ծավալները 2009, 2010, 2011 և 2012 թվականներին ՀՀ-ում համապատասխանաբար կազմել են` 198.1, 183.5, 224.0 և 243.0 հազար տոննա կամ հանրապետությունում օգտագործվող ցորենի 34.7-41.8 %-ը:

Ցորենի արտադրության ավելացման հետ միաժամանակ, ավելացել են ներկրման ծավալները. 2011-ին Հայաստան է ներկրվել ավելի քան 356 հազար տոննա ցորեն, 2012 –ին՝ 480.4 հազար տոննա, իսկ 2013-ի առաջին եռամսյակում՝ 46.5 հազար տոննա ցորեն:

2011թ. ընդունված ՀՀ պարենային անվտանգության ապահովման հայեցակարգով նախատեսվում է «էքստենսիվ և ինտենսիվ գործոնների կիրառմամբ` առավելապես ի հաշիվ բերքատվության բարձրացման՝ ցորենի արտադրության ծավալը 2020-ին հասցնել 375 հազար տոննայի»։ Այդ դեպքում ինքնաբավության մակարդակը, ըստ հաշվարկների, կկազմի 64.2 %:

Կարդացեք նաև

Պահուստային ցորենի ամբարման հարցերով զբաղվում է ԱԻՆ Պետական ռեզերվների գործակալությունը: Թե վերջինս որտեղ է ամբարում պահուստային ցորենը, և արտակարգ դրության դեպքում՝ ինչպես եղավ վրաց-աբխազական պատերազմի ժամանակ, ինչ ժամանակաշրջանի համար այն կբավարարի, այս հարցերի մասին չի խոսվում: ԱԻՆ-ից նշեցին, որ մեր հարցերին կպատասխանեն մի քանի օրվա ընթացքում:

Հայեցակարգում նշվում է, որ ռազմական դրության կամ արտակարգ իրավիճակների պայմաններում, հնարավոր պարենային ճգնաժամերի կանխարգելման նպատակով, անհրաժեշտ է պետական պարենային պահուստներում ամբարվելիք սննդամթերքի անվանացանկի, կուտակման չափերի և ժամկետների հստակ և իրատեսական (օպտիմալ) սահմանումը: Ընդ որում՝ 30 պետական պարենային պահուստներում, առաջին հերթին, պետք է ամբարվի կենսապես կարևորագույն այն սննդամթերքի տեսականին, որի ինքնաբավության մակարդակը դեռևս ցածր է, մասնավորապես` պարենային ցորենը, բուսական (կենդանական) յուղը, շաքարավազը, մանկական սնունդը, պահածոյացված (վերամշակված) որոշակի արտադրանքը: Այդ ապրանքատեսակների կուտակման չափերը չպետք է գերազանցեն բնակչության և հատուկ սպառողների 1-2 ամսվա պահանջարկի ծավալները: Պետական պարենային պահուստում պետք է նախատեսվի նաև չնվազեցվող պաշար՝ միայն ռազմական դրության հայտարարման դեպքում դրա նպատակային օգտագործման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս