«Մարգարիտա Հովհաննիսյանից կնիքը պահում էին»․ Ավանի թիվ 57 մանկապարտեզում դատարանով վերականգնված նախկին տնօրենի գործունեությունն ինչ-ինչ անձինք խոչընդոտում են 

Դատարանը դեռ ամիսներ առաջ որոշել էր՝ Ավանի թիվ 57 մանկապարտեզի երկարամյա տնօրեն Մարգարիտա Հովհաննիսյանը կվերադառնա իր հաստիքին։ Իսկ խնդրի ակունքները քաղաքական էին․ մամուլը գրել էր, որ 2024 թվականին  մանկապարտեզում ստեղծվել էր լարված իրավիճակ՝ ՔՊ-ական, այն ժամանակ դեռ ոչ պատգամավոր Ջուլիետա Ազարյանի միջամտությունից հետո։

«Արդարադատություն` վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից։ Ամբողջությամբ բավարարվեց իմ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, որի հիման վրա դատարանը որոշեց Մարգարիտա Հովհաննիսյանին վերականգնել նախկին աշխատանքում՝ «Ավանի մսուր-մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի թիվ 57 մանկապարտեզի տնօրենի պաշտոնում, ինչպես նաև` կբռնագանձվի ամբողջ պարապուրդի ժամանակահատվածի համար միջին ամսական աշխատավարձի չափով հատուցում։ Հավելեմ` որ դատարանը անվավեր և ոչ իրավաչափ ճանաչեց բոլոր կարգապահական տույժերը»,- դեռ հուլիսին մանրամասնել էր Հովհաննիսյանի փաստաբան Լուսինե Վիրաբյանը։

Սակայն դատարանի որոշումը, պարզվեց, բավարար չէ, որ քաղաքացին վերադառնա աշխատանքի․ իր և դատական որոշման դեմ, ըստ Մարգարիտա Հովհաննիսյանի,  դիմադրության օջախներ են ձևավորվել մանկապարտեզում, արշավներ են կազմակերպել Մարգարիտա Հովհաննիսյանին դեմ՝ չենթարկվել նրա հրամանին, չկատարել պահանջը, չբարևել ու չնկատել նրան։

Գործող անձինք, ըստ նրա`«Ավանի մսուր մանկապարտեզներ» ՀՈԱԿ-Ի տնօրեն Արփինե Հակոբյանը, մեթոդական գծով փոխտնօրեն Լաուրա Գևորգյանը և 57 մանկապարտեզի մեթոդիստ Վարդուհի Հարությունյանն են։

Կարդացեք նաև

«Վերականգնվել եմ իմ աշխատատեղում, սակայն ոչ մի պաշտոնական պարտականություն չեմ կարողանում իրականացնել, որովհետև չի տրամադրվում ո՛չ աշխատասենյակ, ո՛չ փաստաթուղթ և այլն,- 168․am-ի հետ զրույցում պատմեց Մարգարիտա Հովհաննիսյանը, ապա հիշեցրեց,- Ինձ չորս նկատողություն են տվել և Վերաքննիչ դատարանում չորսն էլ անվավեր են ճանաչվել»։

Ի դեպ, նկատողությունների պատճառը նախկին տնօրենը բացառապես քաղաքական է համարում․ «Ընդդիմադիր հայացքներ ունեմ»։

«2025 թվականի փետրվարին Մարգարիտան արդեն ուներ չորս հրամաններ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որից չորրորդն արդեն աշխատանքային պայմանագրի լուծումն էր։ Չորսն էլ վիճարկել ենք դատական կարգով․ մինչև վճռաբեկ դատարան գնացել ենք, մեր հայցը դատարանը բավարարել է և պարապուրդի համար համապատասխան վճարումներ նշանակել,-  168․am-ի հետ զրույցում նշեց Մարգարիտա Հովհաննիսյանի փաստաբան Լուսինե Վիրաբյանը և հավելեց,- Հոկտեմբերի 6-ին արդեն իսկ նա անցել է իր աշխատանքային պարտականությունների կատարմանը, բայց սա ձևական պահանջի կատարում է ընդամենը եղել, այսինքն՝ դատական ակտը չէին կարող չկատարել, ընդամենն ապահովել են նրա մուտքը, սակայն խոչընդոտել են ղեկավարի պարտականությունը կատարելու․ օրինակ, Մարգարիտա Հովհաննիսյանից կնիքը պահում էին։ Մեր տեղեկություններով, ենթադրաբար, իր գնալուց առաջ արդեն իսկ աշխատակազմին հրահանգված է եղել չենթարկվել, հակառակ դեպքում իրենք են ունենալու խնդիրներ»։

Լուսինե Վիրաբյանը շեշտեց՝ խոչընդոտում են գործունեությունը, ապա նկատեց՝ ժամանակն է բացել փակագծեր նու իրավապահների ուշադրություն հրավիրել այնպիսի հանգամանքների վրա, ըստ որոնց՝ այս իրավիճակում փորձել են օգտագործել նաև երեխաներին։

«Ուղղակի աչք են փակում դատարանի վճռի վրա։ Այս օրերին տեղի ունեցողի վերաբերյալ դիմել եմ Գլխավոր դատախազություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Աշխատանքի տեսչություն, որովհետև աշխատողներին ստիպել էին դատարկ դիմումների տակ ստորագրել, իսկ թե դիմումը հետո ինչ էր դառնալու՝ ես չգիտեմ, ինչպես նաև՝ դիմել ենք Երևանի քաղաքապետարանի կրթության վարչություն։ Պատասխան դեռևս ստացել եմ միայն կրթության վարչությունից։ Այսօր եմ ստացել պատասխանը, որտեղ նշվում է, թե սա գործատուի և աշխատողի աշխատանքային հարաբերություններ են, և իրենք անելիք չունեն:

Հասկանում եմ՝ աղբյուրները որտեղից են գալիս կոնկրետ քաղաքապետարանում, մենք պատրաստ ենք բացեիբաց խոսել այդ մասին»,- հավելեց փաստաբանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031