Անչափահաս տղային մեղադրանք է առաջադրվել` դանակով հարվածներ հասցնելու համար
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վաղը շարունակվելու է անչափահաս Դավիթ Հայրապետյանի գործով դատական նիստը: Ըստ datalex տեղեկատվական համակարգի՝ անչափահաս Դավիթ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ընկերների` Արթուր Հայրապետյանի, Կառլեն Բաղդասարյանի, Աշոտ Խաչիկյանի, Սամվել Սարգսյանի, Զավեն Դուրգարյանի, Ռոլանդ Ղարիբյանի, Գրիգորի Ադիբեկյանի, Սոկրատ Մակոյանի, Գուրգեն Գինոսյանի հետ, 2012թ. նոյեմբերի 23-ին, ժամը 22:00-ի սահմաններում Նոր Նորքի 2-րդ զանգվածի թիվ 133 դպրոցի բակում Վարդան Ղումաշյանի և և նրա ընկերներ Շահեն Բալոյանի, Գարիկ Գասպարյանի, Զարմիկ Գրիգորյանի, Հայկ Գրիգորյանի և մյուսների հետ անձնական փոխհարաբերությունների պարզաբանման շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, իր հետ նախապես վերցրած դանակով հարվածներ է հասցրել Վարդան Ղումաշյանին և վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Համաձայն datalex տեղեկատվական համակարգի՝ 1995-ի ծնված ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Որպես իրեղեն ապացույց՝ դատարանի տրամադրության տակ են Վ.Ղումաշյանի հագուստները՝ կնքված ՀՀ Ոստիկանության ՓՔՎ փորձագետի թիվ 73 կնիքով, դեպքի վայրի զննությամբ առգրավված թվով 4 բամբակյա խծուծները և հանցագործության գործիք դանակը:
Գործով նախագահող դատավորն Արմեն Վարդապետյանն է: