Ազատամարտիկ. «Այսօր ես պիտի լինեմ ղարաբաղցի կամ Հանրապետական կուսակցության անդամ, որ ես նստեմ, կամ իմ հարցերը լուծվի՞»
Արդեն մեկ ամիս անցել է, ինչ ազատամարտիկներն իրենց խնդիրները ներկայացրել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, սակայն մինչ այժմ պատասխան չեն ստացել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը: Խոսելով իրենց խնդիրների մասին՝ ազատամարտիկ Գևորգ Տեր-Գևորգյանն ասաց, թե դրանք նոր չեն առաջացել, վաղուց լուծման կարիք են ունեցել, սական պետական մակարդակով ոչինչ չի արվել՝ դրանց լուծում տալու համար: Ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանն ասաց, որ իրենք կառավարությունից այլևս ոչ թե խնդրում են, այլ՝ պահանջում են:
«Թող իրենք հանկարծակի չփորձեն այդ տղաներին լցնեն կամ խաբեն, մեկ ուրիշ ուղղությամբ շեղեն: Տղաները կտրուկ կանգնած են և կտրուկ պահանջում են կոնկրետ խնդիրներին ճիշտ լուծում»,- ասաց նա:
«Մենք հաղթանակած երկիր ենք, բայց մենք մեզ մեր երկրի մեջ զգում ենք՝ որպես ստրուկներ, որոնք անուշադրության են մատնված կառավարության կողմից: Մենք մեր պետությունը շատ ենք սիրում ու հարգում, բայց թույլ չենք տա անտարբերություն մեր նկատմամբ»,- հավելեց նա: Ազատամարտիկ Տիգրան Կարապետյանն էլ ասաց, որ ազատամարտիկների «ստացած կամ չստացած» թոշակը քիչ է, իսկ գազի և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեպքում նրանց սոցիալական վիճակն ավելի կվատանա: Նրանց վրդովեցրել է այն հանգամանքը, որ որոշ դեպքերում մարդիկ՝ իմանալով, որ ինքն ազատամարտիկ է, ասում են.
«Մի տեղ մտնում, ասում ես՝ ես պատերազմի մասնակից եմ, կամ երկրորդ կամ առաջին խմբի հաշմանդամ եմ, ասում էին՝ չգնայիր, քեզ ոչ մեկը չէր խնդրել»: «Ես Ղարաբաղի տեղն էլ չեմ իմացել, ծնված օրվանից ես չեմ էլ իմացել՝ Ղարաբաղ կա կամ ղարաբաղցի: Պարզ եմ ասում: Այսօր ես պիտի լինեմ ղարաբաղցի կամ Հանրապետական կուսակցության անդամ, որ նստեմ, կամ իմ հարցերը լուծվի՞: Բայց այն ժամանակ ես չէի ասում՝ հայաստանցի կամ ղարաբաղցի: Հասկանո՞ւմ եք, ցավն ինչ է: Արհեստական ձևով սարքեցին այս շիլաշփոթը»,- ասաց ազատամարտիկ Գեղամ Հակոբյանը: Պատասխանելով լրագրողների հարցին՝ ինչպե՞ս են ազատամարտիկները պատրաստվում «մաքրել» իրենց շարքերը, քանի որ որոշ դեպքերում նրանց շարքերում լինում են մարդիկ, ովքեր պատերազմին շատ քիչ են մասնակցել, ազատամարտիկներն ասացին, որ նման խնդիր կա, սակայն այդ խնդիրը հեշտ լուծելի է: «Իրական պատերազմի մասնակիցները կարգավիճակ չունեն որևէ տեսակի, այսինքն՝ ոչ մասնակցի վկայական, ոչ մի բան, բայց կարող եմ ասել՝ մարդ, որը այդ տարիներին եղել է ընդամենը 8-9 տարեկան, բայց ինչ-ինչ հանգամանքներում այս տարիների ընթացքում հարստացել է և այսօր Խաչի ասպետ է»,- ասաց Գևորգ Տեր-Գևորգյանը: