Գերտերությունների կուլիսային երկխոսությունը և Հայաստանի դասերը․ Ի՞նչ է փաստում ԿՀՎ ղեկավարի այցը Մոսկվա

Օգոստոսի 25-ին ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռետքլիֆն անսպասելի այցով այցելել է Մոսկվա, որտեղ հանդիպել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հետ:

Այս իրադարձությունը, որը 2021 թվականից ի վեր նման բնույթի առաջին հայտնի շփումն է, նոր հարցեր է առաջ բերել գլոբալ անվտանգության և գերտերությունների կուլիսային դիվանագիտության վերաբերյալ: Այս այցը, հանդիպումը կարևոր ազդանշան են ոչ միայն ռուս-ամերիկյան հարաբերությունների, այլև դրանցից ածանցվող տարածաշրջանային գործընթացների տեսանկյունից։ Հանդիպման օրակարգը պաշտոնապես չի հրապարակվել, իսկ ամերիկյան աղբյուրների մի շարք տեղեկություններ չեն ստացել պաշտոնական հաստատում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է ԿՀՎ ղեկավար Ջոն Ռետքլիֆի այցը Մոսկվա և հայտարարել, որ դրանից «կարող է ինչ-որ բան ստացվել»: ԱՄՆ նախագահը Ջոն Ռետքլիֆի ուղևորությունը Ռուսաստան անվանել է «սովորական աշխատանքի  մաս» և հերքել ենթադրությունները, թե այն կապված է ՆԱՏՕ-ի վճռականության ստուգման, Իրանի դեմ պատժամիջոցների կամ Մեծ Բրիտանիայի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման հետ. «ԿՀՎ տնօրեն Ռետքլիֆը Ռուսաստանում էր, կիսաառօրյա այց»։ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ակտիվորեն աշխատում է Ուկրաինայում պատերազմն ավարտելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ Ռետքլիֆի՝ Մոսկվա կատարած այցից «կարող է ինչ-որ բան ստացվել»։

Այնուամենայնիվ այս այցը հերթական անգամ փաստում է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմավարական հակասությունների պայմաններում պահպանվում են բարձր մակարդակի փակ հաղորդակցությունն ու համագործակցությունը։ Սա վկայում է, որ մրցակցությունը չի բացառում գործակցային շփումները, իսկ գերտերությունները նույնիսկ հակադրության պայմաններում պահպանում են միմյանց հետ անմիջական հաղորդակցության ինստիտուցիոնալ մեխանիզմները։

Կարդացեք նաև

Այս հանգամանքն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ ՀՀ իշխանությունները գտնվում են արտաքին քաղաքականության համակարգային վերակողմնորոշման փուլում։ Վերջին տարիներին Հայաստանի իշխանությունները հետևողականորեն նվազեցնում են Ռուսաստանի հետ նախկին ռազմաքաղաքական կապերի ինստիտուցիոնալ նշանակությունը՝ միաժամանակ խորացնելով հարաբերություններն ԱՄՆ-ի և Եվրամիության հետ։

Օրերս Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ԵՄ անդամակցության պաշտոնական հայտի գործընթացը սկսելու վերաբերյալ այս քաղաքականության որակական նոր փուլն է։ Իրավական առումով դա դեռ չի նշանակում Ռուսաստանի հետ հարաբերությունների անմիջական խզում, սակայն ռազմավարական իմաստով վկայում է Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական ինտեգրման ուղղությամբ երկարաժամկետ վերադասավորման մասին։

Այս գործընթացի կարևոր առանձնահատկությունն այն է, որ Հայաստանը ձգտում է հեռանալ ռուսական ազդեցության նախկին համակարգից այն պայմաններում, երբ արևմտյան դերակատարները՝ այդ թվում ԱՄՆ-ը, իրենք չեն դիտարկում Ռուսաստանի հետ հարաբերությունները բացառապես առճակատման տրամաբանությամբ։ Թեև ՀՀ իշխանությունները ևս հայտարարում են, թե չեն գնում առճակատման, այլ այլընտրանքներ են ստեղծում Հայաստանի համար:

Այնուամենայնիվ Հայաստանի արևմտյան վերակողմնորոշումն արդեն ստանում է ինստիտուցիոնալ և ենթակառուցվածքային բովանդակություն Հայաստանի կողմից։ ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության խարտիան և TRIPP-ի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները ցույց են տալիս, որ Վաշինգտոնի ներգրավվածությունը Հարավային Կովկասում չի սահմանափակվում քաղաքական աջակցությամբ, իսկ այս դիրքավորմանը Ռուսաստանը կոշտ չի հակադրվում։ Սակայն այստեղ առաջանում է Հայաստանի համար առանցքային ռազմավարական խնդիր՝ ժամանակային ասիմետրիան։

Ռուսաստանի հետ նախկին համակարգային կապերի թուլացումը կարող է տեղի ունենալ ավելի արագ, քան եվրոպական ինտեգրման և արևմտյան անվտանգության մեխանիզմների լիարժեք ինստիտուցիոնալացումը, որին 168.am-ը բազմիցս անդրադարձել է՝ վերլուծելով Հայաստանի ԵՄ անդամակցության հեռանկարը։

ԵՄ անդամակցության գործընթացը երկարատև է, իսկ անդամակցության քաղաքական և անվտանգության հետևանքները չեն կարող դիտարկվել որպես անմիջական երաշխիքներ։

Հետևաբար այն, ինչ ներկայումս տեղի է ունենում Հայաստանի արտաքին քաղաքական դաշտում, նմանվում է աշխարհաքաղաքական մի բևեռից մյուսին անցման և ոչ թե՝ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի և ռազմավարական ինքնավարության ընդլայնման։ Եթե Ռետքլիֆի այցը որևէ կարևոր դաս է պարունակում Երևանի համար, ապա դա այն է, որ նույնիսկ համակարգային հրապարակային հակառակորդները կարող են պահպանել սերտ  փակ հաղորդակցության կամ բանակցության ուղիներ, քանի որ իրենց քաղաքականությունը կառուցում են ազգային շահերի հաշվարկով։

Հայաստանի համար ևս առաջնային պետք է լինի ոչ թե Ռուսաստանի հետ հարաբերությունների պարզունակ «փոխարինումն» արևմտյան գործընկերությամբ, այլ այդպիսի բազմաշերտ արտաքին քաղաքական համակարգի ձևավորումը:

Այս համատեքստում Ռետքլիֆի Մոսկվա այցը պետք է դիտարկել որպես ավելի լայն աշխարհաքաղաքական վերադասավորման դրվագ։ Հարավային Կովկասում միաժամանակ վերաձևավորվում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի շահերի հարաբերակցության համակարգ, իսկ Հայաստանը փորձում է այդ փոփոխությունների պայմաններում փոխել իր ռազմավարական դիրքավորումը։

Երևանի համար հիմնական մարտահրավերը ոչ այնքան կողմ ընտրելն է, որքան այնպիսի պետական և անվտանգային կարողությունների ձևավորումը, որոնց պայմաններում արտաքին գործընկերների հարաբերությունների ցանկացած փոփոխություն չի վերածվի Հայաստանի ռազմավարական խոցելիության։

Գերտերությունների միջև հաղորդակցությունը ցույց է տալիս, որ միջազգային հարաբերություններում  դաշինքներն ու  հակադրությունները երբեք կայուն չեն․ հետևաբար՝ Հայաստանի արտաքին քաղաքականության արդյունավետությունը պետք է չափվի ոչ թե որևէ կենտրոնի հետ մերձեցման աստիճանով, այլ սեփական շահերի պաշտպանության արդյունավետությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31