Անձնիշխանությունից դեպի ՔՊ պարագլխի անձի պաշտամունք, ապա՝ բռնապետություն և, ի վերջո՝ ոչմիտեղ

Ազատական տնտեսության վրա հիմնված հասարակության և պետության առողջ օրգանիզմ սողոսկած կառավարման ավտորիտար-բյուրոկրատական մոդելն իշխանության ուզուրպացման (հանցավոր ճանապարհով յուրացման) հնարավորություն է ստեղծում և օրինաչափորեն հանգեցնում իշխանության նկատմամբ մենաշնորհի հաստատման։

Որքան էլ հեղափոխական իշխանությունն իրավական պետության ընթացակարգերը և նորմերը շրջանցելու առանձին դեպքերով սկսած ու զանգվածային բռնությունների հասցրած իր ուղեգիծը փորձում է արդարացնել հասարակական որոշակի խմբերի (զինվորականներ, երկրապահ կամավորականներ, հոգևորականներ, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ) ազդեցությունը թուլացնելու նպատակահարմարությամբ և ժողովրդի շահերի պաշտպանությամբ, միևնույն է, դա արվում է հանուն մեկ գերնպատակի, հանուն իշխանության պահպանման։

Հիշում եք՝ Հիտլերի թիրախը հրեաներն ու կոմունիստներն էին, իսկ «կարմիր քխմերների» թշնամիների ցանկն ավելի «ճոխ» էր՝ նախկին իշխանություն, հոգևորականներ, մտավորականներ, չինացիներ և այլք։

Բոլոր դեպքերում, դեռ ոչ ոքի չի հաջողվել սասանել դասականի ճշմարիտ դիտարկումը՝ «Հեղափոխությունը դա իշխանության հարց է»։ Այդ նույն դասականը 100 տարի առաջ հուսահատ ճիգեր գործադրեց՝ կանխելու իր հեղափոխական ընկերների այլասերումը, բայց անզոր էր՝ կյանքն ընթացավ արյան գետերի հունով։

Կարդացեք նաև

Հայաստանում էլ են հեղափոխականներն անճանաչելիորեն փոխակերպվել, որովհետև հանցավոր եղանակներով իշխանության պահպանումն այլասերում է մարդուն։ Եվ քանի որ հեղափոխական իշխանությունն ունակ չէ ստեղծելու արդյունավետ և զարգացող տնտեսություն, ապա նրան խորթ են արդյունավետ և զարգացած սեփականատերերն ու կառավարիչները։

Վերջիններս՝ քաղաքական ընդդիմության հետապնդմանը համընթաց, նույնպես բարձրացվում են կառափնարան։ Ի դեպ, քաղաքական հալածանքների և սեփականության ու շուկաների վերաբաշխման առաջին դեպքերից սկսած՝ մեր իշխանությունը հեղափոխական պետք է անվանել զուտ պայմանական առումով՝ որպես տուրք նրա վաղեմի մոլորությանը (կամ՝ մոլությանը)։

Դեպի բռնապետություն ընթացող իշխանության ամրապնդման պայմանն «առաջին դեմքի» անձի պաշտամունքի անսասանությունն է, և ՔՊ-ի անփոփոխ պարագլուխն ամեն ինչ անում է իշխանության անձնավորման, իշխանության հետ նույնանալու համար։ Բայց մեր չար բախտից նա աչքի չի ընկնում վառ անհատականությամբ կուրացած խղճով պարզունակ ժողովրդական տրիբուն է։ Գիտելիքի պակասի հետ զուգակցվող անպատկառությունն ու ամբարտավանությունը նրա կատարմամբ դարձել են քաղաքական (և՛ ներքին, և՛ արտաքին) հիմնախնդիր։

2018-ի մայիսին Հանրապետության հրապարակը, մեր քաղաքներն ու գյուղերը ողողած մարդկանց հուզական, պարզ, բայց անքննադատ պատկերացումներում հեղափոխության առաջնորդը հեղափոխության առաջնորդը Հունան Ավետիսյան էր – նա անձնազոհ առաջնորդ էր, սակայն դարձավ Մելիք Ֆրանգյուլ։

Նա ոչ միայն պետության նավը տարավ դեպի պարտություն, այլև արդարացնում է ավանդաբար ազգային շահերի դավաճանություն կոչվող գործողություններն ու մտադրությունները։

Նա հատուկ ջանքեր է գործադրում, որպեսզի իբրև պետական գործունեության առաջնային ուղղություն՝ ամրանա կեղծիքի վրա կառուցված քարոզչությունը, և Հանրային հեռուստաընկերության քաղաքական ու լրատվական ծրագրերը դարձրել է հարթակներ, որտեղ բացեիբաց ու անդադար ցեխ է շպրտվում ընդդիմության երեսին ու ապակողմնորոշվում են մարդիկ։ 

Բայց դա էլ նրան հագուրդ չի տալիս․ անձամբ հանդես է գալիս՝ որպես թունդ պոպուլիստ, խրատներ տալիս պատերնալիզմի ոգով և բարոյախրատական հորդորներ կարդում կյանքի բոլոր իրավիճակների վերաբերյալ։ Նա չի էլ թաքցնում, որ հարկադրանքի ու իրավակիրառ մարմինները գործում են իր ուղղակի ցուցումով։ Բանտերը լցված են քաղբանտարկյալներով, բռնագանձվում է միայն այն անձանց «ապօրինի» գույքը, ովքեր վտանգ են ներկայացնում իր իշխանությանը կամ երբևէ թթու խոսք են ասել իրեն։

Իսկ օգոստոսի 7-ին, դատարանի առջև կանգնեց Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը՝ իր կանոնական լիազորությունները կատարելու մեղադրանքով․․․ Հասանք մի կետի և կարող ենք ասել․ «Մենք ոչ մի տեղ էլ չենք գնում, մենք գնում ենք ոչմիտեղ»։

ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆ   

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31