Թիկունքային ապահովումը մարտական խնդիր է. Պուտինի կարևոր բարեփոխման և Երևանի անտեսած դասերի մասին

Օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կադրային վերադասավորումներ է արել երկրի պաշտպանական գերատեսչությունում՝շեշտը դնելով մարտական գեներալների և սպաների վրա։

Բացի այս, Ռուսաստանի ղեկավարը ժամանակակից պատերազմների պայմաններում, ըստ էության, շատ կարևոր որոշում է կայացրել՝ երկրի պաշտպանության նախարար Անդրեյ Բելաուսովի առաջարկի հիման վրա, որն անտեսվեց անգամ մասնագետների կողմից:

Խոսքը թիկունքային բոլոր ծառայությունները «մեկ ձեռքում» կենտրոնացնելու մասին է, ինչը նշանակում է, որ այդ ուղղությամբ նշանակված պաշտոնյայի պատասխանատվության տակ են լինելու զորքերի նյութատեխնիկական ապահովման, զինվորական փոխադրումների կազմակերպման, վառելիքի, պարենի և հանդերձանքի մատակարարման, նյութական պաշարների պահպանման, բժշկական ապահովման հարցերը և թիկունքի այլ գործառույթներ։

«Ինչպես գիտեք, մեզ մոտ շարունակվում է Պաշտպանության նախարարության կառուցվածքի կատարելագործումը՝ կապված հատուկ ռազմական գործողության փորձի և բանակի կարիքների հետ:

Կարդացեք նաև

Բոլորովին վերջերս, դուք տեղյակ եք, որոշում կայացվեց մեկ ձեռքում կենտրոնացնել այն ամենը, ինչը վերաբերում է սպառազինությանը. սրանք և՛ պատվիրատու, և՛ մատակարարող մարմինների գործառույթներն են։ Այդ աշխատանքը Պաշտպանության նախարարությունում՝ որպես Պաշտպանության նախարարի տեղակալ, գլխավորում է Սանչիկ Ալեքսանդր Սեմյոնովիչը, ով բոլորովին վերջերս դեռևս խմբավորումներից մեկի հրամանատարներից էր և հաջողակ հրամանատար էր։

Եվ հիմա Պաշտպանության նախարարի առաջարկով որոշում է կայացվել թիկունքի բոլոր ծառայությունները ևս կենտրոնացնել մեկ ձեռքում։ Ուզում եմ ուշադրություն դարձնել այն փաստին, որ արդի պայմաններում սա նույնպես լիովին մարտական աշխատանք է։ Իմ կողմից կայացվել է որոշում, որ այս ուղղությամբ պաշտպանության փոխնախարարի պաշտոնին նշանակվել է Սոլոդչուկ Վալերի Նիկոլաևիչը։

Վալերի Նիկոլաևիչ, Դուք ևս մարտական սպա եք, որն իրեն լավ է դրսևորել որպես զորքերը գրագետ կառավարած հրամանատար»,- ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարության հետ հանդիպմանը նշել էր Պուտինը:

Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության այս որոշումը կարևոր է, քանի որ ժամանակակից ռազմական գործողությունների պայմաններում թիկունքը դարձել է առաջնագիծ, ըստ էության, իսկ թիրախում լոգիստիկան է, ճանապարհը, ենթակառուցվածքները, և եթե դիրքին հասնելու խնդիր կա, ապա այն գնալով ավելի բարդ է դառնում:

Ըստ այդմ՝ հատուկ ռազմական գործողությունների փորձի հիման վրա Պուտինը որոշել է արմատապես վերանայել նյութատեխնիկական ապահովման համակարգի դերը, որով թիկունքային ծառայությունները փաստացի միացվեցին մարտական պլանավորմանը, իսկ մատակարարման խափանումը հավասարեցվեց մարտական առաջադրանքի ձախողմանը։

Պարզ է չէ՞, որ երբ թիկունքային ապահովումը մարտական խնդիր է դիտարկվում, դա ենթադրում է նաև համապատասխան զինվածություն:

Արդյո՞ք Հայաստանն այս առումով դասեր է քաղել 2016 թվականի Ապրիլյան քառօրյայից, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, իհարկե՝ ոչ:

Այս իշխանությունները նույնիսկ լուրջ հետևություններ չեն արել 2021-2022 թվականներին ադրբեջանական ներխուժումներից հետո, երբ հայկական ճանապարհները հայտնվեցին հակառակորդի ուղիղ կամ վիզուալ վերահսկողության տակ:

Այսինքն, նրանք գործնականում, թերևս, այդպես էլ մարտական խնդիր չհամարեցին թիկունքային ապահովումը, իսկ 2024 թվականին նաև դե յուրե կոռուպցիայի դեմ պայքարի տրամաբանության մեջ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի ենթակայությունից հանվեց ՀՀ զինված ուժերի թիկունքի վարչությունը և տեղափոխվեց ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայություն՝ վերանվանվելով ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչություն: Նույն ժամանակ Գլխավոր շտաբի ենթակայությունից պաշտպանության նախարարության ենթակայություն տեղափոխվեցին սպառազինության և ռազմաբժշկական վարչությունները:

Գուցե Ադրբեջանի հետ խաղաղության գնացող Հայաստանի ղեկավարության համար սրանք «մանր» և «անկարևոր» խնդիրներ են, բայց հայկական անձնակազմի՝ դիրքեր հասնելու և առաջնագծին համապատասխան մատակարարումներ ապահովելու բարդությունները դեռ ոչ ոք չի չեղարկել: Եվ ոչ էլ ժամանակակից տեխնոլոգիական պատերազմների դարաշրջանն է մոտենում ավարտին, այդ թվում՝ մեր տարածաշրջանում, որտեղ կարգավորելու խնդիրներ կան:

Եվ ի վերջո՝ նույնիսկ խաղաղության ձգտելը չի նշանակում անտեսել ժամանակակից աշխարհում տեղի ունեցող ռազմական, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական և աշխարհաքաղաքական զարգացումները կամ դրանց տալ սեփական քաղաքական կոնյունկտուրային ձեռնտու մեկնաբանություններ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31