ԱՄՆ Սենատը գլխավոր դատախազի պաշտոնում հաստատել է Թրամփի նախկին փաստաբան Թոդ Բլանշին

Թոդ Բլանշը հաստատվել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնում։ Սենատը շաբաթ օրը՝ օգոստոսի 8-ին, ձգձգված գիշերային նիստից հետո քվեարկել է նրա թեկնածության օգտին։ Որոշումն ընդունվել է նվազագույն տարբերությամբ՝ 50 կողմ և 49 դեմ ձայներով, հայտնել է NBC News-ը։

Բլանշը, որը նախկինում եղել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբանը, ստացել է գրեթե բոլոր հանրապետականների աջակցությունը։ Նրա նշանակմանը դեմ են հանդես եկել միայն հանրապետական երկու սենատորներ՝ Մեյն նահանգից Սյուզան Քոլինզը և Ալյասկայից Լիզա Մուրկովսկին, ինչպես նաև բոլոր դեմոկրատները։

Նրա հաստատումը հարցականի տակ էր հայտնվել՝ կապված արդարադատության նախարարությունում Բլանշի աշխատանքից դժգոհությունների հետ։ Մասնավորապես, սենատորներին անհանգստացրել էր նրա մասնակցությունը այսպես կոչված պետական մարմինների «քաղաքականացման» դեմ պայքարի 1,8 միլիարդ դոլարի հիմնադրամի ստեղծմանը։ Հիմնադրամը կապված էր Թրամփի՝ որպես մասնավոր անձի, և դաշնային կառավարության միջև ենթադրվող կարգավորման հետ, որը նա այժմ ղեկավարում է։

Հիմնադրամի միջոցները կարող էին օգտագործվել Թրամփի այն դաշնակիցներին վճարումներ կատարելու համար, որոնք պնդում էին, թե դարձել են պետական ճնշման զոհ։ Նրանց թվում կային նաև անձինք, որոնք պատասխանատվության էին ենթարկվել 2021 թվականի հունվարի 6-ի Կապիտոլիումի գրոհի հետ կապված։

Բացի այդ, Բլանշը հավանություն էր տվել համաձայնագրի մեկ այլ հատվածի, որը նախատեսում էր Թրամփի, նրա ընտանիքի անդամների և նրանց պատկանող ընկերությունների անձեռնմխելիություն հարկային ստուգումներից։

Հանրապետական սենատորներ Բիլ Քեսիդին, Ջոն Քորնինը և Թոմ Թիլիսը սկզբում դեմ էին Բլանշի հաստատմանը, սակայն ավելի ուշ համաձայնել էին աջակցել նրան՝ մի շարք երաշխիքներ ստանալուց հետո։ Մասնավորապես, Բլանշը կարգադրել էր չեղարկել 1,8 միլիարդ դոլարի հիմնադրամը։ Միևնույն ժամանակ, իրավական սողանցքը տեսականորեն թույլ է տալիս վերականգնել դրա գործունեությունը։

Առանձին դժգոհություններ կապված էին Թրամփի համար Բլանշի նախկին աշխատանքի հետ։ Երկու կուսակցությունների ներկայացուցիչներն էլ մտավախություն էին հայտնում, որ նախագահի հետ նրա սերտ անձնական կապերը կարող են խոչընդոտել արդարադատության նախարարության անկախությանը։

«Թոդ Բլանշի հաստատման խնդիրն այն է, որ նա այդպես էլ չկարողացավ հրաժարվել Դոնալդ Թրամփի քրեական գործերով փաստաբանի իր դերից», — հայտարարել է դեմոկրատ սենատոր Ադամ Շիֆը։ Նրա խոսքով՝ Բլանշը գործելու է ոչ թե ամերիկացի ժողովրդի, այլ Թրամփի շահերից ելնելով։

Բլանշը ապրիլից ի վեր կատարում էր գլխավոր դատախազի պարտականություններն այն բանից հետո, երբ Թրամփը հասավ նրա նախորդի՝ Փեմ Բոնդիի պաշտոնից հեռանալուն։ Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ նախագահը դժգոհ էր արդարադատության նախարարության կողմից իր քաղաքական ընդդիմախոսների դեմ ակտիվ գործողությունների բացակայությունից։

Բլանշի՝ գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո արդարադատության նախարարությունը մեղադրանքներ է առաջադրել ՀԴԲ նախկին տնօրեն Ջեյմս Քոմիին։ Թրամփի վարչակազմի քննադատները սա համարում են նախագահի քաղաքական հակառակորդներին հետապնդելու համար գերատեսչության հնարավոր օգտագործման օրինակներից մեկը։

Ինքը՝ Բլանշը, ապրիլին NBC News-ին հայտնել էր, որ ամերիկացիները պետք է գոհ լինեն Թրամփի՝ արդարադատության նախարարության աշխատանքին ակտիվ մասնակցությունից։

Նրա ընդդիմախոսները նաև մտավախություն ունեն, որ պաշտոնապես հաստատվելուց հետո Բլանշը կարող է էլ ավելի ակտիվորեն աջակցել իր քաղաքական ընդդիմախոսների դեմ իրավապահ մարմիններին օգտագործելու Թրամփի ձգտմանը։ Նախկին դաշնային դատախազ Լորի Լևենսոնը հայտնել էր, որ Բլանշի օրոք արդարադատության նախարարության աշխատանքում գործնականում բացակայել են մեխանիզմներ, որոնք կարող էին սահմանափակել ԱՄՆ նախագահի նման միջամտությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31