«World Skate»-ը ՌԴ մարզիկներին թույլատրել է հանդես գալ պետական դրոշի ներքո
Սքեյթբորդինգի և ռոլլեր սպորտի միջազգային ֆեդերացիայի (World Skate) գործադիր կոմիտեն ամբողջությամբ վերականգնել է Ռուսաստանի սքեյթբորդինգի և ռոլլեր սպորտի ֆեդերացիայի՝ միջազգային մարզական միջոցառումներին մասնակցելու իրավունքը։ Տեղեկությունը հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
ՌԴ մարզիկներին թույլատրվել է միջազգային մրցաշարերին մասնակցել պետական դրոշի ներքո, ազգային օրհներգի կատարմամբ և ազգային խորհրդանիշների օգտագործմամբ:
«Շնորհավորում ենք մարզիկներին, մարզիչներին, մրցավարներին, մասնագետներին և բոլոր նրանց, ովքեր այս գործընթացի մաս են կազմել: Մեզ նոր միջազգային մրցաշարեր ու նոր հաղթանակներ են սպասում»,- ասված է ֆեդերացիայի հայտարարության մեջ։
«World Skate»-ը ռուսաստանցիներին մրցաշարերից հեռացրել էր 2022 թվականից։ 2024-ի հունվարից ՌԴ ներկայացուցիչները միջազգային մրցաշարերին կարող էին մասնակցել չեզոք կարգավիճակով։

