Բրիտանիայում Թրամփին մեղադրել են միջամտության մեջ՝ ԱՄՆ-ի կողմից 500 հազար դոլարի դրամաշնորհների մասին հայտարարությունից հետո
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատունն առաջարկել է մինչև 500 հազար դոլարի դրամաշնորհներ այն ծրագրերի համար, որոնք ուղղված են ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի «ընդհանուր արժեքների» առաջխաղացմանը, ինչը, ինչպես պարզել է The Guardian-ը, առաջացրել է մեղադրանքներ Վաշինգտոնի հանդեպ՝ երկրի ներքին քաղաքականությանը միջամտելու հարցում։
Դեսպանատան հրապարակած հայտարարության համաձայն՝ առաջնահերթություն կտրվի «խոսքի ազատությանը», «սահմանափակ կառավարությանը», օրենքի գերակայությանը, սեփականության իրավունքին, երդվյալ ատենակալների դատարանին և անգլո-ամերիկյան իրավական ավանդույթի այլ սկզբունքներին նվիրված նախագծերին։ Նախաձեռնությունները պետք է նպաստեն «ազգային երկխոսությանը» և ազդեցություն ունենան հանրային քննարկման, լրատվամիջոցներում լուսաբանման և քաղաքացիական ակտիվության վրա։
Ծրագիրը կոչվում է «Ազատություն օրենքի շրջանակում. ընդհանուր անգլո-ամերիկյան ավանդույթ»։ Դրա նպատակների թվում է՝ բարձրացնել ԱՄՆ և Բրիտանիայի սահմանադրական կարգի ընդհանուր սկզբունքների հանրային ընկալումը։ Ծրագրի մեկնարկի առիթներից մեկը կլինի Ռանիմեդում Ամերիկյան իրավաբանների ասոցիացիայի կողմից Ազատությունների մեծ խարտիայի հուշահամալիրի բացման 70-ամյակը։
Բրիտանական Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Լիզա Սմարթը Դոնալդ Թրամփի վարչակազմին մեղադրել է «բրիտանական ժողովրդավարությանը միջամտելու» մեջ։ Նրա խոսքով՝ Բրիտանիային պետք չեն MAGA շարժման փողերը՝ իր սեփական ժողովրդավարական արժեքներն առաջ մղելու համար։
ԱՄՆ պետդեպարտամենտի նախկին աշխատակիցները նույնպես մտահոգություն են հայտնել ծրագրի ձևակերպումների կապակցությամբ։ Նրանցից մեկը հայտնել է, որ Վաշինգտոնը փաստացի փորձում է Բրիտանիայում ստեղծել «Մեծ Բրիտանիայում ստեղծված նարատիվներ՝ MAGA-ի քարոզչությանն աջակցելու համար»։
ԱՄՆ դեսպանատանը մերժել են մեղադրանքները՝ հայտարարելով, որ ծրագիրը կոչված է ամրապնդելու ամերիկա-բրիտանական հարաբերությունները և բարձրացնելու սահմանադրական սկզբունքների, օրենքի գերակայության ու ժողովրդավարական նորմերի ըմբռնումը։ Այնտեղ ընդգծել են, որ դրամաշնորհները նախատեսված չեն կուսակցական քաղաքական գործունեության կամ լոբբինգի համար։
Դեսպանատան առանձին դրամաշնորհային ծրագիրը նախատեսում է կրթական և տեղեկատվական նախաձեռնությունների ֆինանսավորում, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքականության աջակցմանն ուղղված։ Հայտարարված նպատակների թվում են՝ Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքի աջակցության ամրապնդումը և Չինաստանի մրցակցությանը հակազդելը։
Պետդեպարտամենտի նախկին աշխատակցի խոսքով՝ նման ձևակերպումը տարբերվում է նախկին մոտեցումից, երբ ամերիկյան հանրային դիվանագիտության ծրագրերն ավելի շուտ ձգտում էին օտարերկրյա լսարանին տեղեկացնել ԱՄՆ քաղաքականության մասին, այլ ոչ թե ուղղակիորեն հասնել դրա աջակցությանը։

