Թրամփի հետ կապված նավթային ընկերությունն առանց թույլտվության սկսել է սարքավորումներ տեղափոխել Գրենլանդիա. The Guardian

ԱՄՆ նավթային ընկերությունը, որը կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շրջապատի հետ, սկսել է հորատման համար նախատեսված սարքավորումներ մատակարարել Գրենլանդիա՝ չստանալով դրա համար տեղական իշխանությունների թույլտվությունը, գրել է The Guardian-ը։

Միջադեպը տեղի է ունեցել այն ֆոնին, երբ ԱՄՆ նախագահը նոր սպառնալիքներ է հնչեցրել արկտիկական տարածքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին։

Գրենլանդիայի կառավարությունը «կոշտ նախազգուշացում» է արել Greenland Energy ընկերությանը՝ հայտարարելով, որ կղզու արևելյան ափ սարքավորումներ տեղափոխելու թույլտվություն չի տրվել։ Իշխանությունները պահանջել են հետագա բոլոր լոգիստիկ գործողությունները համաձայնեցնել հանքային ռեսուրսների գերատեսչության հետ։

The Guardian-ի տվյալներով՝ վերջին օրերին քարշակը Ջեյմսոն Լենդ շրջանի ափ է հասցրել մի բեռնանավակ և բեռնաթափել մոտ մեկ տասնյակ սարքավորումներով բեռնարկղեր։ Նավագնացային ընկերության ներկայացուցիչը հաստատել է, որ բեռը պատկանել է Greenland Energy-ին։

Անցյալ տարի Տեխասում ստեղծված ընկերությունը մտադիր է մոտ 60 մլն դոլար ծախսել Ջեյմսոն Լենդում երկու հորի հորատման վրա։ Նրա ղեկավարները պնդում են, որ այդտեղ կարող են գտնվել մինչև 1 տրլն դոլար արժողությամբ նավթի պաշարներ։

Միևնույն ժամանակ, Գրենլանդիան 2021 թվականից բնապահպանական նկատառումներով այլևս նոր լիցենզիաներ չի տրամադրում նավթի հետախուզման համար։ Բրիտանական 80 Mile ընկերությունը նախկինում ստացել էր Ջեյմսոն Լենդում հետախուզման իրավունքներ, իսկ Greenland Energy-ն ծրագրում է ձեռք բերել նախագծի վերահսկիչ փաթեթը՝ աշխատանքների ֆինանսավորման դիմաց։ Հորատումն սկսելու համար ընկերությանը նախկինի պես անհրաժեշտ է գրենլանդական իշխանությունների թույլտվությունը։

Հունիսին Greenland Energy-ի ներկայացուցիչը Ջեյմսոն Լենդի բնակիչների հետ հանդիպման ժամանակ արդեն հայտարարել էր, թե ընկերությունն իբր ստացել է սարքավորումների տեղափոխման թույլտվությունը։ Ավելի ուշ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Լարի Սվեթսը խոստովանել էր, որ նախագծի ներկայացուցիչների «ոգևորության» պատճառով նրանց հայտարարությունները կարող էին շփոթություն առաջացնել։

Այժմ Գրենլանդիայի իշխանությունները հայտնել են, որ աշխատանքների իրականացման հայտը դեռ մնում է քննարկման փուլում։ Միևնույն ժամանակ, նրանք արդեն տեղափոխված սարքավորումները դուրս բերելու պահանջը համարում են «անհամաչափ միջոց»։

Իրավիճակը լրացուցիչ քաղաքական սրություն է ստանում նաև Թրամփի՝ Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն սահմանելու անհրաժեշտության մասին շարունակվող հայտարարությունների ֆոնին։ Սարքավորումների բեռնաթափումից երկու օր անց ԱՄՆ նախագահը Truth Social-ում հրապարակել է նկար, որտեղ ինքը «վեր է խոյանում» Գրենլանդիայի մի բնակավայրի վրա։

Greenland Energy-ն պնդում է, որ նավթային նախագիծը կապված չէ տարածքի բռնակցման վերաբերյալ ամերիկյան ծրագրերի հետ։ Ընկերությունը հույս ունի առաջին հորի հորատումը սկսել հոկտեմբերին։ Թրամփի՝ Գրենլանդիայի հարցերով ներկայացուցիչը, Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրին, ավելի վաղ հայտարարել էր, որ կղզին կարող է սկսել նավթ արդյունահանել արդեն հաջորդ տարի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31