Իսրայելա-ադրբեջանական գործարք. Հայոց ցեղասպանության ճանաչման կասեցումից հետո հրեա դեսպանն այցելել է Գյանջայի հուշահամալիր
2026 թվականի հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը հավանություն էր տվել երկրի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի ներկայացրած բանաձևի նախագծին՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։
Այս որոշումը վերջնական պետք է հաստատվեր Իսրայելի Քնեսեթի կողմից, բայց հուլիսի 13-ին Քնեսեթը կասեցրել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը։
Իսրայելական աղբյուրներն անմիջապես հայտնել էին, որ հայկական հարցը Քնեսեթի օրակարգից հանվել է Բաքվից ստացված զանգից հետո:
Ավելի կոնկրետ՝ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն արգելափակել է քվեարկությունն այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն Ալիևի անունից կապ է հաստատել նրա գրասենյակի հետ:
Օրերս այս տեղեկությունը հաստատել է անձամբ Հաջիևը:
«Մենք իսրայելական կողմին ենք հասցրել մեր դիրքորոշումը․ նման որոշման ընդունումն առաջին հերթին կլիներ անարդար, չէր արտացոլի պատմական իրականությունը, և մենք այն համարում ենք անընդունելի։ Դրականն այն է, որ իսրայելական կողմը լրջորեն է ընդունել Ադրբեջանի ուղերձները։ Մենք համարում ենք, որ այս հարցի հետագա առաջմղումը կանխվել է»,- Haber Global հեռուստաալիքին ասել է նա՝ հավելելով, որ Թուրքիայի հետաքրքրություններն Ադրբեջանի համար առաջնահերթություն են:
Եվ այսօր ադրբեջանական APA գործակալությունից տեղեկանում ենք, որ Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ռոնեն Կրաուսն այցելել է 44-օրյայից հետո կառուցված Գյանջայի հուշահամալիր, որի նպատակն է՝ հիշեցնել «Գյանջայի դեպքերի» և «ՀՀ զինված ուժերի հրթիռային հարվածների մասին Հայաստանի տարածքից»:
«Այս հուշահամալիր այցն ինձ համար շատ հուզիչ և էմոցիոնալ պահ է: Որովհետև այս վայրը չափազանց կարևոր է Գյանջայի վրա հարձակումների ժամանակ զոհվածների և տուժածների հիշատակի պահպանման տեսանկյունից։ Որպես Իսրայելից եկած մարդ՝ ես գիտեմ, որ, ցավոք, մենք նույնպես տառապում ենք նման սարսափելի իրադարձություններից։
Այս հոգևոր կապն այն ցավի միջև, որը զգում է Ադրբեջանը, և այն ցավի, որը զգում է Իսրայելը, դա մի զգացողություն է, որը երկու երկրներն էլ խորապես հասկանում և գնահատում են։ Մենք միշտ հարգելու ենք զոհվածների հիշատակը:
Ինձ համար մեծ պատիվ էր այցելել այս հուշահամալիրը։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանի համար չափազանց կարևոր են «ներդրումները» զոհվածների հիշատակը պահպանելու և պատերազմ ու հակամարտություն չտեսած նոր սերունդներին նրանց պատմությունները փոխանցելու գործում։
Պատմական հիշողության պահպանումը մի հարց է, որին պետք է մեծ ուշադրություն դարձնել։ Ես շատ ուրախ եմ և խորապես շոյված՝ այս վայր այցելելու և այս պատմությունը պահպանելու ու միջազգային հանրությանը հասցնելու ուղղությամբ Ադրբեջանի ջանքերն անձամբ տեսնելու հնարավորության համար: Իսկ հուշահամալիրում ինձ վրա հատկապես տպավորություն թողեց ավերված շենքերի տեսարանը, որոնց վրա թավշյա արջուկներ են դրված:
Եվ այն գիտակցումը, որ այստեղ երեխաներ են տուժել, այդ թվում՝ ահաբեկչությունների հետևանքով զոհված վեց երեխաները, ամենահուզիչ պահերից մեկն է ինձ համար՝ որպես հայր։ Մենք բոլորս նայում ենք դեպի առաջ՝ հուսալով ավելի լավ ապագա կառուցել մեր երեխաների և ընտանիքների համար։ Ցավոք, տեսածս ինձ վրա շատ խորը և անձնական հուզական տպավորություն թողեց»,- ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է հրեա դիվանագետը:
Հետաքրքիր բան է ստացվում. Գյանջայում ծնված Հիքմեթ Հաջիևը զանգում է Իսրայելի վարչապետին՝ կանխելու Հայոց ցեղասպանության ճանաչումը, կարճ ժամանակ անց Ադրբեջանում Իսրայելի դեսպանն այցելում է հենց Գյանջայի հուշահամալիր և փորձում Հայաստանին մեղադրել «ահաբեկչական ակտ» իրականացնելու մեջ՝ պնդելով, որ «Գյանջայի դեպքերը» չպետք է մոռացվեն, այն պետք է հասցվի միջազգային հանրությանը: Եվ այս ամենում խորամանկ ձևով շեշտը դրվում է երեխաների վրա:
Իսկ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ մայրերի փորում սպանված երեխաները հաշվի մեջ չե՞ն, կամ՝ որբացածները, սեփական ծնողների դաժան մահը տեսածները, կամ՝ արդեն մեր օրերում իրանական Մինաբա քաղաքում աղջիկների դպրոցի ուղղությամբ ԱՄՆ-Իսրայել հարվածները, ինչի հետևանքով ավելի քան հարյուր երեխա զոհվեց, ինչո՞ւ չէ նաև՝ Գազայում իսրայելական հարվածներից զոհված անմեղ երեխաները: Սա ցեղասպանություն չէ՞, չմոռանանք նաև Իսրայելի ռազմական, ռազմատեխնիկական աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախում 44-օրյա պատերազմում կատարվածը:
Բայց այս ամբողջ պատմության մեջ ամենացավալին այն է, որ Հայաստանի իշխանություններից ոչ մի արձագանք չի լինելու, ինչպես նմանօրինակ այլ դեպքերում:
Ավելին, ՀՀ իշխանություններն իրենք են փորձում մոռացության տալ Հայոց ցեղասպանության փաստը, Ադրբեջանի ռազմական հանցագործությունները, բայց, ինչպես բազմիցս գրել ենք, Բաքվից ոչ մի հայելային քայլ չի եղել, և Իսրայելի դեսպանի այցի կազմակերպումը և նրա շուրթերով ասվածը հերթական ապացույցն է, որ Ալիևը չի հրաժարվելու ո՛չ «Խոջալուի ցեղասպանության», ո՛չ էլ «Գյանջայի դեպքերին» առնչվող «պատմական հիշողությունից» և պահանջներից:


