Զելենսկի․ Մեր հարվածների հեռահարությունն արդեն գերազանցում է 3000 կմ-ը և շարունակում է աճել
Ուկրաինական հարվածների հեռահարությունն արդեն գերազանցում է 3000 կմ-ը և շարունակում է աճել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Թիկունքի ռազմավարական խորության առկայությունը, որը երկար ժամանակ ռուսաստանյան առավելությունն էր, այժմ Ռուսաստանի քաղաքական և ռազմական ղեկավարության համար դառնում է առանձնահատուկ խնդիր։
Մենք արդեն ապացուցել ենք, որ ուկրաինական դրոնները կարող են հասնել, մասնավորապես, Ուրալի տարածաշրջանի, Սիբիրի և Մոսկվայից հեռու գտնվող այլ տարածքների թիրախներին։ Միայն այս տարվա ընթացքում՝ մեր հեռահար հարվածների ծրագրի իրականացումից ի վեր, արդեն կատարվել է ավելի քան հազար կրակային առաջադրանք։ Խոցվել են նավթային օբյեկտներ, կարևոր ռազմական արտադրություններ, Ռուսաստանի լոգիստիկայի համակարգային նշանակություն ունեցող օբյեկտներ։
Այսօր մենք համաձայնեցրել ենք մեր գործողությունների շարունակությունը և թարմացրել առաջնահերթ թիրախների ցանկը։ Գլխավոր նպատակը Ռուսաստանին դիվանագիտության մղելն է։
Մենք Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը ներկայացրել ենք բոլոր անհրաժեշտ առաջարկները, որպեսզի պատերազմն ավարտվի արժանապատիվ խաղաղությամբ», — նշել է Զելենսկին։

