Ադրբեջանը որոշել է համագործակցել նաև Սու-25 գրոհիչների արդիականացմամբ զբաղվող վրացական ընկերության հետ. Թուրքիայի միջոցով արդիականացրածներն արդեն կիրառում է
Հուլիսի 6-ին գրել ենք, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն ստորաբաժանումներում անցկացվել են ուսումնական վարժանքներ: Մասնավորապես, թռիչքներ են իրականացվել JF-17C (Block III), L-39, Su-25ML և Su-25 ինքնաթիռներով։
Զորավարժությունների ընթացքում օդաչուները թռիչքներ են կատարել անհատական և խմբային՝ կատարելագործելով օդային տարածքում փոխգործակցության, սովորական մարտական առաջադրանքների և տակտիկական հնարքների իրականացման, թիրախների հայտնաբերման, ոչնչացման և հատուկ իրավիճակներում ճիշտ որոշումների կայացման հմտությունները։
Ընդ որում, ուշադրություն է դարձվել տարբեր օդերևութաբանական և մարտավարական պայմաններում առաջադրանքների ճշգրիտ ու անվտանգ կատարմանը, ավիացիոն տեխնիկայի մարտական հնարավորությունների կատարելագործմանը:
Հիշեցնենք, որ JF-17C կործանիչներն Ադրբեջանը ձեռք է բերել Պակիստանից: Վերջերս անդրադարձել ենք Պակիստանից Բաքվի կողմից JF-17 կործանիչներ գնելու հեռահար նպատակների մասին, և, թե որքանո՞վ է այն առնչվում Հայաստանին:
Իսկ L-39-ը չեխական արտադրության ինքնաթիռ է, Su-25-ը ռուսական գրոհային ինքնաթիռ է, Su-25ML-ը՝ դրա արդիականացված տարբերակը: Սու-30-ների արդիականացման թեմային դեռ կանդրադառնանք:
Մինչ այդ նշենք, որ հուլիսի 17-ին, ինչպես տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն ստորաբաժանումները դարձյալ ուսումնական վարժանքներ են իրականացրել՝ JF-17C (Block III), L-39, Su-25ML և Su-25 ինքնաթիռների կիրառմամբ, տարբեր բարձրություններում կատարվել են բարդ օդաչուական և մարտական մանևրներ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խոսում է ուսումնական վարժանքների ժամանակ իրենց օդաչուների դրսևորած բարձր պրոֆեսիոնալիզմից, բայց նույն ժամանակ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ուսումնական վարժանքի ժամանակ ադրբեջանցի զինծառայող է մահացել՝ Ալեքպեր Ռիզվան օղլու Գուլիև, նրա պարաշյուտը չի բացվել թռիչքի ժամանակ։ Իհարկե, սա կարող է լինել զուտ դժբախտ պատահար՝ տեխնիկական պատճառներով:
Հոդվածը գրելու դրությամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ոչ մի հաղորդագրություն չէր տարածել նշված դեպքի վերաբերյալ, չնայած որ Ալեքպեր Ռիզվան օղլու Գուլիևը մասնակցել է և՛ 2020 թվականի 44-օրյա պատերազմին, և՛ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած ռազմական ագրեսիային և էթնիկ զտմանը։ Սա զուտ հավելյալ տեղեկություն, իսկ այժմ, ինչպես նշեցինք, անդրադառնում ենք Սու-25 գրոհիչների արդիականացմանը:
Դեռ երկու տարի առաջ գրել ենք, որ Ադրբեջանն իր զինանոցում առկա խորհրդային Սու-25 գրոհիչներն արդիականացնում է թուրքական TUSAŞ ընկերության մասնակցությամբ:
Ավելին, հայտնել ենք նաև, որ ադրբեջանական գրոհիչները զինվել են թուրքական SOM ŞAHİN թևավոր հրթիռներով, որի թռիչքի հեռահարությունն ավելի քան 250 կմ է: Մենք գրել ենք, որ Ադրբեջանի ՊՆ-ի և թուրքական ընկերության միջև արդիականացման պայմանագիրը կնքվել է 2023 թվականի հուլիսի 26-ին, և, որ Ադրբեջանը ստանալու է նաև «խելացի» ավիառումբեր և թուրքական հրթիռներ:
Եվ հիմա ադրբեջանական poliqon.az մասնագիտացված կայքը տեղեկություն է տարածել, որ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության փոխնախարար Մեհման Բախիշովի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այց է կատարել Վրաստան և բանակցություններ վարել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի, պաշտպանության նախարարի տեղակալներ Դավիթ Կուպատաձեի և Գրիգոլ Գիորգաձեի, ինչպես նաև՝ «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնի գլխավոր տնօրեն Դավիթ Ախվլեդիանիի հետ։
Բացի այս, այցի շրջանակներում ադրբեջանական պատվիրակությունն այցելել է «Դելտա» ռազմագիտատեխնիկական կենտրոն, «Դելտա-ՎԲ» ընկերություն և Թբիլիսիի ավիաշինական բաժնետիրական կոմիտե, որտեղ պաշտոնատար անձինք ծանոթացել են ձեռնարկությունների գործունեության հիմնական ուղղություններին, արտադրական հզորություններին և առաջատար տեխնոլոգիական լուծումներին։ Այսինքն, Ադրբեջանը և Վրաստանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության նոր նախագծերի մասին են մտածում:
Տեղեկացնենք, որ «Դելտա-ՎԲ» ընկերությունը վրաց-լեհական ընկերություն է, որը զբաղվում է անօդաչու թռչող սարքերի մշակմամբ և արտադրությամբ:
Թբիլիսիի ավիաշինական բաժնետիրական կոմիտեն էլ (իրականում՝ Թբիլիսիի ավիացիոն գործարան, հայտնի է՝ որպես TAM կամ «Տբիլավիամշենի») զբաղվում է ռազմական ինքնաթիռների (հիմնականում՝ Սու-25 գրոհիչների) և ուղղաթիռների (Մի-8, Մի-24) հիմնանորոգմամբ, արդիականացմամբ:
Այսինքն, Ադրբեջանը, որն իր զինանոցում եղած Սու-25 գրոհիչների բավականին քանակ արդեն արդիականացրել է թուրքական առաջատար ընկերության միջոցով, այսօր գտնում է, որ կարող է նաև այդ ոլորտում համագործակցել Վրաստանի հետ:
Եվ այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք ՀՀ բանակի զինանոցում առկա Սու-25 գրոհիչների արդիականացումը Հայաստանը դիտարկում է վրացական կողմի հետ համագործակցությամբ, կամ՝ երբևէ համապատասխան քննարկում եղե՞լ է պաշտպանական գերատեսչությունների հետ հանդիպումներում, հատկապես, երբ հարց է՝ արդյո՞ք 2020 թվականի օգոստոսի 24-ին ՀՀ ՊՆ-ի և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև Սու-25 ինքնաթիռների արդիականացման և վերանորոգման պայմանագիրն իրագործվել է, հնարավոր է՝ ոչ:
Մենք բազմիցս փորձել ենք այս պայմանագրի և Սու-25-ների արդիականացման վերաբերյալ տեղեկություն ստանալ ՀՀ պաշտպանության նախարարությունից, սակայն հրաժարվել են՝ հղում անելով պետական և ռազմական գաղտնիքի մասին իրավակարգավորումներին: Եվ եթե հիմա փորձենք գրավոր հարցման միջոցով պարզել՝ արդյո՞ք Վրաստանի հետ այս հարցով քննարկում եղել է, բնականաբար, նույն պատասխանն ենք ստանալու, ամեն դեպքում, կփորձենք որևէ կերպ ինչ-որ տեղեկություն ստանալ այս մասին:
Հավելենք, որ այս տարվա հունիսին Վրաստան էր այցելել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, նա եղել էր տեղի ռազմական մի շարք օբյեկտներում: Իսկ դրանից առաջ Վրաստան էր այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ինչին մենք անդրադարձել ենք, և տվյալ դեպքում այցի կարևորությունն ընդգծվել է սպառազինության մատակարարման գործում լոգիստիկ խնդիրների կարգավորման տեսանկյունից:

