Ստամբուլում Էրդողանի մասին կատակների պատճառով ստենդափ կոմիկ է ձերբակալվել
Ստամբուլի դատարանը որոշում է ընդունել կալանավորել ստենդափ կոմիկ Դենիզ Գյոքթաշին քաղաքի օդանավակայանում նրան ձերբակալելուց հետո, ինչի պատճառ է դարձել YouTube-ում 9,4 միլիոն դիտում հավաքած ելույթի տեսագրությունը, հայտնում է BBC-ն։
Գյոքթաշին մեղադրում են բեմական համարի ընթացքում «ատելություն և թշնամանք հրահրելու», ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեջ։
Կոմիկին ձերբակալել են արձակուրդից վերադառնալիս, ինչից հետո նրան տեղափոխել են դատարան։ Դատախազության հարցաքննությունից հետո դատարանը որոշում է ընդունել քննության ընթացքում նրան կալանքի տակ պահելու մասին՝ հղում անելով ելույթի այն հատվածներին, որոնք առնչվում են Էրդողանին և կրոնին։
Ստամբուլի դատախազության տվյալներով՝ տեսանյութի վերաբերյալ ստացվել է 185 պաշտոնական բողոք։ Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը ևս անդրադարձել է շոուին իր ուրբաթօրյա քարոզում՝ հայտարարելով համացանցում «սրբազան արժեքների ծաղրման» վնասակարության մասին։
Ինքը՝ Գյոքթաշը, հայտարարել է, որ հավատացյալներին վիրավորելու նպատակ չի ունեցել և պնդում է, որ օգտագործել է արտահայտություններ, որոնք արդեն վաղուց երկրում հանրային քննարկումների մաս են կազմում։ Նա ընդգծել է նաև, որ այս ծրագրով հանդես է եկել մի քանի տարի շարունակ՝ Թուրքիայի տարբեր քաղաքներում։
Ելույթը տեսագրվել էր հունիսի 1-ին Ստամբուլի բացօթյա հարթակներից մեկում և YouTube-ում հրապարակվել հունիսի 24-ին։

