Բաքվի հակաիրանական հռետորաբանության նահանջը. Թեհրանի նոր դիրքերն ու նոր իրողությունները Հարավային Կովկասում
Իրան-ԱՄՆ հուշագրի ստորագրումից ու Շվեյցարիայում ԱՄՆ-Իրան բանակցություններից օրեր անց Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը մեկնել է Ադրբեջան։ Բաքվում նա մասնակցում է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների Խորհրդարանական միության 20-րդ նիստին: Հունիսի 24-ին Ղալիբաֆի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ադրբեջանական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն, Ալիևը նշել է, թե պատերազմի ընթացքում Ադրբեջանը եղել է իրանցի ժողովրդի և պետության կողքին:
Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի այցը լավ հնարավորություն կստեղծի նաև երկկողմ օրակարգին առնչվող հարցերի քննարկման համար։
Նա նաև անդրադարձել է ադրբեջանա-իրանական հարաբերությունների հաջող զարգացմանը։ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը շնորհակալություն է հայտնել Ալիևին Իրանի դեսպանատուն այցելելու և Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի ու բազմաթիվ խաղաղ բնակիչների զոհվելու կապակցությամբ ցավակցություն հայտնելու, ինչպես նաև Այաթոլլահ Մոջթաբա Հոսեյնի Խամենեիին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առթիվ հղած շնորհավորական ուղերձի համար։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ հարաբերությունների հեռանկարների, այդ թվում՝ միջխորհրդարանական համագործակցության հարցերի շուրջ և անդրադարձել միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը։
Իլհամ Ալիևի և Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հանդիպումն ու դրան հաջորդած պաշտոնական հաղորդագրությունը փաստում են Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցության տեղաշարժի մասին։ ԱՄՆ-Իրան հուշագրի ստորագրումից և Շվեյցարիայում Վաշինգտոնի ու Թեհրանի միջև բանակցությունների առաջին ռաունդից հետո Ադրբեջանը կարծես հարկադրված է փոխել իր հակաիրանական հռետորաբանությունը։ Արևմուտք-Իրան պատերազմական ճգնաժամի հաղթահարումը Թեհրանին վերադարձնում են տարածաշրջանային առանցքային խաղացողի կարգավիճակը, ինչը ստիպում է Բաքվին ավելի զգոըւշավոր քաղաքականություն վարել Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
ԱՄՆ-Իրան բանակցություններն արդեն իսկ արտացոլվում են Հարավային Կովկասի ռեգիոնալ դինամիկայի վրա։ Եվ Ալիև-Ղալիբաֆ հանդիպման հաղորդագրությունն այդ դինամիկայի փոփոխության ցուցիչն է: Ուշագրավ է, որ հանդիպումից հետո տարածված պաշտոնական հաղորդագրություններում շեշտադրվում էին երկկողմ հարաբերությունների զարգացման, միջխորհրդարանական համագործակցության և տարածաշրջանային հարցերի շուրջ փոխըմբռնման թեմաները։ Սակայն առավել ուշագրավ էր ոչ թե այն, ինչ ասվեց, այլ այն, ինչ չասվեց։
Մի քանի ամիս առաջ Իրանի և ԱՄՆ-ի ռազմական դիմակայության ընթացքում Նախիջևանի օդային տարածքի հարևանությամբ տեղի ունեցած միջադեպից հետո Ադրբեջանը կոշտ հայտարարություններով պատասխանատվություն էր պահանջում Թեհրանից և բացահայտ դժգոհություն հայտնում իրանական կողմի գործողությունների վերաբերյալ։ Իրան-Ադրբեջան հարաբերությունները լարված էին, իր հերթին՝ Իրանը ոչ միայն պատասխանում էր Ադրբեջանին, այլև սպառնում երկրներին, որոնք գուցե իրենց տարածքը տրամադրեն Իրանի թշնամիներին Իրանի նկատմամբ գործողություններ իրականացնելու համար: Այժմ այդ թեման ամբողջությամբ բացակայում է պաշտոնական օրակարգից։
Այս փոփոխությունը միայն դիվանագիտական էթիկայով հնարավոր չէ բացատրել: Ավելի հավանական է, որ այն արտացոլում է տարածաշրջանային ուժային հավասարակշռությունում փոփոխությունը։ Եթե մինչև վերջերս Բաքուն կարող էր իրեն թույլ տալ ավելի կոշտ հակաիրանական հռետորաբանություն՝ հաշվի առնելով Թեհրանի միջազգային մեկուսացումն ու Արևմուտքի հետ առճակատումը, ապա՝ պատերազմը, ապա ԱՄՆ-Իրան բանակցային գործընթացի մեկնարկը փոխում է իրավիճակը։ Պատերազմական ճգնաժամի թուլացումն ու Վաշինգտոնի հետ ուղիղ շփումների վերականգնումն Իրանին վերադարձնում են տարածաշրջանային կարևոր դերակատարի դիրքերը, ինչը ստիպում է Ադրբեջանին ավելի զգուշավոր և հավասարակշռված քաղաքականություն վարել հարավային հարևանի նկատմամբ։
Իրանի կարևորությունն Ադրբեջանի համար պայմանավորված է ոչ միայն անվտանգային, այլև տնտեսական և տրանսպորտային գործոններով։ Իրանը միակ տարածաշրջանային ուժն է, որը հետևողականորեն հայտարարել է, որ Հարավային Կովկասում պետական սահմանների փոփոխությունը կամ արտատարածքային տրամաբանությամբ հաղորդուղիների ստեղծումն անընդունելի է։ Այդ պատճառով Բաքուն, նույնիսկ պահպանելով ռազմավարական գործընկերությունը Թուրքիայի և Իսրայելի հետ, չի կարող անտեսել Իրանի գործոնը։
Ստեղծվող իրավիճակը կարևոր հետևանքներ կարող է ունենալ նաև Հայաստանի համար։ Եթե Իրանի միջազգային դիրքերն իսկապես ամրապնդվեն, և Թեհրանը վերադառնա ավելի ակտիվ տարածաշրջանային քաղաքականության, ապա կուժեղանան այն սահմանափակումները, որոնք Իրանը դնում է ուժային սցենարների և տարածաշրջանային սահմանների վերաձևման փորձերի վրա։
Սա կարող է լրացուցիչ զսպող ազդեցություն ունենալ Հարավային Կովկասում, զուգահեռաբար նպաստավոր իրավիճակ ստեղծելով «3+3» հարթակի գործունեության վերականգնման համար: Միաժամանակ Հայաստանը կարող է շահել Իրանի աճող տնտեսական և տրանսպորտային դերակատարությունից՝ հատկապես հյուսիս-հարավ կապուղիների և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման համատեքստում։
Ուստի Ղալիբաֆի այցը Բաքու պետք է դիտարկել ոչ թե որպես սովորական արարողակարգային միջոցառում, այլ որպես ավելի լայն գործընթացի դրսևորում։ Ադրբեջանը փաստացի արձանագրում է, որ ԱՄՆ-Իրան հարաբերություններում նոր փուլը փոխում է տարածաշրջանային միջավայրը և ստիպում է վերանայել Թեհրանի նկատմամբ նախկին կոշտ մոտեցումները։ Հարավային Կովկասում գուցե սկսվում է նոր շրջան, որտեղ Իրանը կարող է վերածվել առանցքային գործոնի, որի շահերն ու դիրքորոշումներն անտեսելը գնալով ավելի դժվար է դառնում տարածաշրջանի բոլոր դերակատարների համար։

