Հայաստանն ընտրություններից հետո. քաղաքական հաշվեհարդարների ժամանակը

Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքներն ամփոփվել են. Նիկոլ Փաշինյանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է մեծամասնություն, թեև՝ ոչ սահմանադրական մեծամասնություն: Թվում էր, թե մի քանի ամիս նախընտրական կատաղի ցնցում ապրած երկիրը սպասում էր հարաբերական կայունության շրջանի։

Սակայն քվեարկությունից հաշված օրեր անց ակնհայտ դարձավ, որ չնայած ամառային սեզոնին, քաղաքական սեզոնը Հայաստանում չի ավարտվել։ Ավելին, այն նոր է սկսվում։

Այսօր արդեն ուշադրության կենտրոնում ոչ ընտրությունների արդյունքներն են, ոչ քարոզչությունը, ոչ էլ ընտրողների քվեների համար պայքարը։ Գլխավոր թեման ընդդիմության առանցքային ներկայացուցիչների դեմ իշխանության գործողություններն են։  Եվ եթե տեղի ունեցողը դիտարկենք ոչ թե որպես առանձին դրվագներ, այլ որպես մեկ պատկեր, ապա տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում սկսվում է նոր փուլ՝ ընդդիմադիր ճամբարի քաղաքական ու տնտեսական ռեսուրսների համակարգային կազմաքանդման։

Հատկապես ուշագրավ է, որ հարվածի տակ են ընկնում հենց այն ուժերը, որոնք ավանդաբար համարվում են Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների պահպանման կողմնակից կամ առնվազն դեմ են երկրի աշխարհաքաղաքական կտրուկ շրջադարձին։

Կարդացեք նաև

Փաստորեն, խոսքը միայն ներքաղաքական պայքարի մասին չէ։  Խոսքը Հայաստանի նոր քաղաքական ճարտարապետության ձևավորման մասին է։

Առաջին խոշոր դրվագը Սամվել Կարապետյանի գործն էր։ Դեռ ընտրություններից առաջ իշխանությունները սկսել էին Կարապետյանին փաստացի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության վերահսկողությունից զրկելու գործընթացը։ Ընտրություններից հետո այդ գործընթացը հետագա զարգացում ստացավ։ Կառավարությունը պատրաստել է օրենսդրական մեխանիզմներ, որոնք կարող են թույլ տալ պետությանը լիակատար վերահսկողություն հաստատել ընկերության նկատմամբ:

Պետության և ռազմավարական օբյեկտի սեփականատիրոջ միջև վեճն ինքնին եզակի բան չէ։  Նման գործընթացներ տեղի են ունենում աշխարհի շատ երկրներում, սակայն հայկական դեպքն աչքի է ընկնում քաղաքական ենթատեքստով։ Սամվել Կարապետյանը վաղուց դադարել է լինել բացառապես խոշոր գործարար։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ստեղծումից հետո այն վերածվել է գործող իշխանության առանցքային քաղաքական ընդդիմախոսներից մեկի։ Ավելին, հենց Կարապետյանն է ընկալվում հասարակության և փորձագիտական հանրության զգալի մասի կողմից որպես Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների պահպանմանն ուղղված քաղաքական գործիչ: Այս առնչությամբ հարց է առաջանում՝ արդյո՞ք խոսքը բացառապես տնտեսական վեճի մասին է, թե՞ ականատեսն ենք պոտենցիալ քաղաքական մրցակցի ֆինանսական բազայի վերացման։

Պակաս ցուցադրական չէ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի հետ կապված կառույցների վրա ճնշումները նկատելիորեն ուժեղացել են։ Սկզբում խնդիրներ են առաջացել նրան պատկանող անշարժ գույքի օբյեկտների և սպորտային ենթակառուցվածքների շուրջ։ Դրան հաջորդեցին «Շանգրի-Լա» խաղատան վերաբերյալ որոշումները (լիցենզիան կասեցվել է)։ Զուգահեռաբար շարունակվում են «Արարատցեմենտի» շուրջ քննարկումները։

Յուրաքանչյուր առանձին դրվագ կարող է ունենալ իրավական բացատրություն: Սակայն քաղաքականությունը գնահատվում է ոչ միայն առանձին որոշումներով, այլև ընդհանուր պատկերով։ Իսկ ընդհանուր պատկերը հետևյալն է. հայաստանյան ընդդիմության խոշորագույն ֆինանսական և կազմակերպչական կենտրոններից մեկը հետևողականորեն կորցնում է իր դիրքերը:

Հատկապես խորհրդանշական է, որ դա տեղի է ունենում այն պահին, երբ Ծառուկյանի կուսակցությունն ինքը փորձում է վիճարկել ընտրությունների արդյունքները և բարձրաձայնում է ձայների հաշվարկի ընթացակարգին վերաբերող բազմաթիվ հարցերի մասին։

Դժվար է չնկատել ևս մեկ օրինաչափություն։ Ճնշման տակ են հայտնվում ոչ պատահական քաղաքական գործիչները։ Սրանք ոչ մանր կուսակցություններ են, ոչ հասարակական ակտիվիստներ, ոչ էլ երկրորդ էշելոնի ֆիգուրներ, այլ հարվածի տակ են հայտնվում հենց այն ուժերը, որոնք երկար տարիներ հիմք են հանդիսացել հայ քաղաքականության, այսպես կոչված, ռուսամետ հատվածի համար՝ Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, Ռոբերտ Քոչարյան, ՀՅԴ։ ԵՆթադրելի է՝ հենց այդ քաղաքական շրջանակների ներկայացուցիչներն են դառնում քրեական գործերի, խուզարկությունների, հետաքննությունների, տնտեսական ճնշումների և քաղաքական մեկուսացման օբյեկտ։

Դաշնակցության ներկայացուցիչների մոտ կատարված խուզարկությունները, Իշխան Սաղաթելյանի դեմ գործողությունները, Ռոբերտ Քոչարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը տպավորություն են ստեղծում, որ խոսքն արդեն ոչ թե առանձին օրինախախտումների դեմ պայքարի, այլ համակարգային գործընթացի մասին է։

Հատուկ ուշադրություն է գրավում հենց վարչապետի հռետորաբանությունը։ Երբ կառավարության ղեկավարը խորհրդարանական ամբիոնից հայտարարում է, որ «հասցեական ջարդելու է» իր ընդդիմախոսներին, դա դառնում է ոչ միայն էմոցիոնալ արտահայտություն։ Նման հայտարարություններն անխուսափելիորեն ընկալվում են որպես քաղաքական ազդակ ողջ պետական մեքենային։

Նման խոսքերից հետո իրավապահ մարմինների ցանկացած գործողություն ինքնաբերաբար սկսում է դիտարկվել քաղաքական դրդապատճառների պրիզմայով։ Իշխանությունը կարող է պնդել, որ գործում է բացառապես օրենքի շրջանակներում։ Ընդդիմությունը խոսելու է քաղաքական հետապնդումների մասին, բայց հանրության համար գլխավորը դառնում է վստահության հարցը, իսկ վստահությունը նման իրավիճակներում սկսում է սրընթաց նվազել։ Ամենահետաքրքիրը տեղի ունեցողի միջազգային կողմն է։ Վերջին տարիներին Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններն աննախադեպ ճգնաժամ են ապրում։ Փաստացի սառեցված է ռազմաքաղաքական համագործակցությունը նախկին ձևաչափով։ Կտրուկ նվազել է երկու երկրների ղեկավարության միջև քաղաքական վստահության մակարդակը։ Պարբերաբար խնդիրներ են առաջանում առևտրատնտեսական ոլորտում։ Մոսկվան բացահայտ դժգոհություն է դրսևորում Երևանի արտաքին քաղաքական ուղեգծից։

Այս խորապատկերին հենց հայկական քաղաքական սպեկտրի ռուսամետ հատվածն է մնում միակ հարթակը, որի միջոցով Մոսկվան կարող էր պոտենցիալ քաղաքական ազդեցություն պահպանել երկրի ներսում: Եթե այդ ուժերը վերջնականապես ջախջախվեն կամ դուրս մղվեն քաղաքական համակարգի ծայրամաս, Ռուսաստանը փաստացի կզրկվի Հայաստանի ներսում իր հիմնական քաղաքական գործընկերներից։

Այդ իսկ պատճառով տեղի ունեցողը ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքական նշանակություն ունի։ Մոսկվայի համար հարցն արդեն ոչ թե առանձին քաղաքական գործիչների ճակատագիրն է, այլ այն, թե արդյո՞ք Հայաստանում կմնա որևէ ազդեցիկ ուժ, որը հանդես է գալիս Ռուսաստանի հետ լիարժեք ռազմավարական գործընկերության վերականգնման օգտին։

Ընդ որում, պետք է հասկանալ նաև իշխանության տրամաբանությունը։ Նիկոլ Փաշինյանի թիմի համար վերջին տարիների իրադարձություններն ապացույցն են այն բանի, որ նախկին քաղաքական համակարգն ի վիճակի չէ ապահովել երկրի կայուն զարգացումը: Իշխանությունը գտնում է, որ ներկայիս ընդդիմության զգալի մասը կապված է նախկին էլիտաների և կառավարման օլիգարխիկ մոդելի հետ։ Ըստ այդմ, այդ գործիչների դեմ գործողությունները կառավարության կողմնակիցների կողմից դիտարկվում են՝ որպես հին համակարգի դեմ պայքարի շարունակություն։

Սակայն, նույնիսկ, եթե ելնենք այդ տրամաբանությունից, մնում է քաղաքական հետևանքների հարցը։ Ցանկացած ժողովրդավարության խնդիրն այն է, որ ուժեղ ընդդիմության ոչնչացումը գրեթե միշտ հանգեցնում է բուն քաղաքական համակարգի թուլացմանը: Երբ վերանում է մրցակցային միջավայրը, իշխանությունը սկսում է կորցնել հետադարձ կապը հասարակության հետ։ Երբ բացակայում են ուժեղ այլընտրանքային ազդեցության կենտրոնները, մեծանում է քաղաքական սխալների ռիսկը։ Երբ ընտրողների զգալի մասը դադարում է տեսնել իրենց ներկայացուցիչներին քաղաքական դաշտում, դժգոհությունը սկսում է կուտակվել խորհրդարանական ինստիտուտներից դուրս։

Այդ իսկ պատճառով այսօր գլխավոր հարցը Կարապետյանի, Ծառուկյանի կամ Քոչարյանի ճակատագիրը չէ։ Գլխավոր հարցն այն է, թե ինչպիսին կլինի հայկական քաղաքական համակարգը երկու-երեք տարի հետո։

Եթե ներկայիս միտումը պահպանվի, Հայաստանը կարող է ստանալ խորհրդարան, որտեղ ֆորմալ առումով ներկա կլինի ընդդիմությունը, սակայն նրա իրական քաղաքական և ֆինանսական հնարավորությունները լրջորեն սահմանափակ կլինեն։ Նման սցենարը կարող է ապահովել կարճաժամկետ կայունություն, բայց երկարաժամկետ հեռանկարում այն լուրջ ռիսկեր է պարունակում։

Հետխորհրդային տարածքի պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ երբ օրինական քաղաքական մրցակցությունը վերանում է, ճգնաժամային երևույթները դրա հետ միասին չեն վերանում, դրանք պարզապես հետաձգվում են ապագայի համար։

Այսօր դժվար է խոսել արտահերթ ընտրությունների հավանականության մասին։ Մոտ ապագայում իշխանությունն ունի կայուն մեծամասնություն և վերահսկում է բոլոր հիմնական պետական ինստիտուտները:

Սակայն, եթե Սահմանադրական դատարանը մերժի ընդդիմության պահանջները, եթե խորհրդարանական պայքարն արգելափակվի, եթե քաղաքական մրցակիցների վրա տնտեսական ճնշումը շարունակվի, ապա արդեն մի քանի տարի անց Հայաստանը կարող է բախվել տուրբուլենտության նոր ալիքի։ Եվ այդ ժամանակ արտահերթ ընտրությունների հարցը կրկին կհայտնվի քաղաքական օրակարգի կենտրոնում։

Պարադոքսն այն է, որ ընտրությունների ավարտից հետո երկիրը պետք է մտներ կայունացման շրջան, բայց առայժմ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը թևակոխում է նոր դիմակայության շրջան, որտեղ պայքարն արդեն գնում է ոչ թե ընտրողների ձայների, այլ քաղաքական այլընտրանքի գոյության բուն իրավունքի համար։

ԱՐԹՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ

fondsk.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930