Արևմուտքի նախընտրական «նվերները» և TRIPP-ը. Ինչո՞ւ են սրանք Հայաստանի ամենաաշխարհաքաղաքական ընտրությունները

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանը վերածվել է Արևմուտքի և Ռուսաստանի միջև բացահայտ աշխարհաքաղաքական դիմակայության թատերաբեմի։ Մոսկվան այս քարոզարշավի ընթացքում հատկապես օր օրի խստացնում է քաղաքական հռետորաբանությունը Երևանի՝ դեպի ԵՄ ինտեգրման քաղաքականության վերաբերյալ։ Ռուսաստանը տարբեր մակարդակներով հայտարարում է, որ «Հայաստանը չի կարող պարել երկու հարսանիքում»։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ այսօր ասել է,  թե պետք է տեսնել՝ ով կհաղթի ընտրություններում, և հետո միայն միջոցներ ձեռնարկել, որոշել։

«Որովհետև եթե հաղթեն արևմտամետ ուժերը, նշանակում է՝ Հայաստանը գնում է դեպի Եվրոպական միություն։ Եվ այդ ժամանակ իրոք անհրաժեշտ կլինի ձեռնարկել համապատասխան միջոցներ»,- ասել է նա։ Իսկ Մարիա Զախարովան պնդում է՝ այս ամենը կապ չունի ՀՀ-ում սպասվող ընտրությունների հետ։ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն իրեն հատուկ կոշտ ոճով հասկացրել է իր հայտարարություններով, որ «աշխարհաքաղաքական դավաճանությունները» միշտ ունենում են տնտեսական և անվտանգային ծանր գին։

Հայաստանում շատերն են համարում, որ Կրեմլի այս քաղաքական ճնշումն ունի հստակ նախընտրական ենթատեքստ։ Դեռ քարոզարշավի սկզբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ բառացիորեն նշել էր. «Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի ռուսամետ ուժերը ևս ակտիվորեն կմասնակցեն ընտրություններին և հնարավորություն կունենան ներկայացնելու երկրի զարգացման այլընտրանքային տեսլականը»։ Մայիսի մեկին այս ուղերձից  կարճ ժամանակ անց Հայաստանում տեղի ունեցավ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որից հետո սկսվեցին ռուսական կողմից կոշտ անդրադարձերն ու   հայկական մթերքների արտահանման լուրջ խնդիրները, ինչն ընկալվեց՝ որպես տնտեսական լծակների կիրառում։ Այդուհանդերձ, Մոսկվան խուսափում է կամուրջները վերջնականապես այրելուց. օրերս Պուտինը զանգահարեց Փաշինյանին՝ շնորհավորելու ծննդյան օրվա առթիվ, իսկ ավելի ուշ պարզ դարձավ, որ կա նախնական պայմանավորվածություն՝ հանդիպել ընտրություններից հետո և քննարկել բոլոր հարցերը։ Ռուսաստանի ճնշումների թեման լավագույնս շրջանառում են իշխանություններն, ինչպես նաև Արևմուտքը, ցուցադրելով կոնսոլիդացիա ՀՀ իշխանությունների շուրջ։

Հավաքական Արևմուտքը չի թաքցնում՝ ամեն հարցում աջակցում է Փաշինյանի իշխանությանը։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մեկժամանոց  այցը Երևան, որը դարձավ ամերիկյան աջակցության առաջին  ակորդը։ Դրանից օրեր անց էլ Ռուբիոն բացահայտ հայտարարեց՝ «ռուսները ցանկանում են, որ Փաշինյանը պարտվի այս ընտրություններում»։ Ավելին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր սոցիալական հարթակի գրառմամբ անձնական հստակ աջակցություն հայտնեց Փաշինյանին։

Կարդացեք նաև

Այսօր նաև  ստորագրվեց ՀՀ-ԱՄՆ TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) շրջանակային համաձայնագիրը։ Այս փաստաթուղթը, որը նպատակ ունի ստեղծել Ռուսաստանն ու Իրանը շրջանցող տրանսպորտային և էներգետիկ նոր երթուղի, Վաշինգտոնին է փոխանցում համատեղ ձեռնարկության 74% վերահսկողական բաժնեմասը։

Ամերիկյան կողմին զուգահեռ՝ Եվրոպական միությունը նույնպես գործի դրեց իր «հակաճնշումային» գործիքակազմը։ Այսօր կայացած Փաշինյան-Ուրսուլա ֆոն դեր Լայեն հեռախոսազրույցի ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահը Մոսկվայի գործողություններն անվանեց «անընդունելի տնտեսական ճնշում»։ Որպես արագ արձագանք՝ Բրյուսելը հայտարարեց անհապաղ աջակցության փաթեթի մասին, որով 50 միլիոն եվրո կուղղվի հայկական ագրոպարենային ոլորտի դիմակայունությանը։ ԵՄ-ն, հայտարարությունների համաձայն, կարծես փորձում է լուծել ռուսական շուկայում արգելափակված  ծաղիկների արտահանման հարցը, հայտարարվեց՝ հայկական ծաղիկների առաջին մեծ խմբաքանակը կուղղվի դեպի Լատվիա՝ ցույց տալով, որ ռուսական էմբարգոն կարող է հաղթահարվել եվրոպական համերաշխությամբ։ Սակայն բոլորն են հասկանում, որ սրանք կոսմետիկ, իրավիճակային քայլեր են, որոնք ստեղծված համակարգային խնդիրը չեն լուծելու, սակայն ստեղծելու են տպավորություն, որ ԵՄ-ն լուծում է խնդիրը։

Այսպիսով, ընտրություններից ընդամենը երեք օր առաջ Բրյուսելի կողմից ցուցաբերվող այս կայծակնային արձագանքը՝ 50 միլիոն եվրոյի անհապաղ փաթեթն ու հայկական ծաղիկների համար լատվիական շուկայի հրատապ բացումը, դժվար է դիտարկել զուտ որպես սովորական տնտեսական գործընկերություն։ Ակնհայտ է, որ սրանք Եվրոպական միության կողմից Փաշինյանի կառավարությանը մատուցվող յուրօրինակ «նախընտրական նվերներ» են, որոնք ունեն հստակ քաղաքական նպատակ։ Բրյուսելը փորձում է հայ ընտրողին առարկայորեն ցույց տալ, որ եվրոպական վեկտորն ունի արագ, շոշափելի և ֆինանսապես շահավետ արդյունքներ, ինչն ուղղակիորեն ծառայում է քվեարկությունից առաջ գործող իշխանության դիրքերի ամրապնդմանն ու արևմտյան կողմնորոշման գրավչության մեծացմանը։

Ցույց տալով, որ ռուսական շուկայի հնարավոր կորուստը կարող է ակնթարթորեն փոխհատուցվել եվրոպական ֆինանսական ներարկումներով և նոր լոգիստիկ ուղիներով, Արևմուտքը փորձում է թուլացնել հայաստանյան հանրության շրջանում առկա տնտեսական տագնապները։ Սա հստակ հաշվարկված քայլ է՝ ուղղված նրան, որ հունիսի 7-ին տեղամասեր մոտեցող քաղաքացին քվեարկի ոչ թե վախից դրդված, այլ տեսնելով Արևմուտքի կողմից առաջարկվող շոշափելի ու երաշխավորված այլընտրանքը, ինչն էլ ավելի է սևեռում ընտրությունների աշխարհաքաղաքական բնույթը։

Ճիշտ նույնպիսի քաղաքական քայլ է նաև Վաշինգտոնի հետ TRIPP համաձայնագրի շտապ ստորագրումը քվեարկության նախաշեմին։ Այս բոլոր աշխարհաքաղաքական ժեստերը դառնում են այն հոգեբանական և տնտեսական հակակշիռը, որ կոչված են հայ ընտրողի աչքերում ամրապնդելու այն արտաքին քաղաքական գիծը, որը վարում են իշխանությունները, և որը ՀՀ-ի ներսում ամենաքննադատված ոլորտն է։

Այս զարգացումները փաստում են, որ Հայաստանը կանգնած է իր պատմության ամենաաշխարհաքաղաքականացված ընտրությունների շեմին, ինչի վառ ապացույցը խոշոր տերությունների աննախադեպ և բացահայտ ներգրավվածությունն է նախընտրական գործընթացներին: Մոսկվայի ուղղակի հորդորներն ու տնտեսական ակնարկները, ինչպես նաև Վաշինգտոնի ու Բրյուսելի կայծակնային ֆինանսական ու ռազմավարական «նվերները» փաստում են, որ հունիսի 7-ին հայ ընտրողին փորձում են կանգնեցնել արտաքին ընտրության առջև։ Վերջնական որոշում կայացնողը մնում է Հայաստանի քաղաքացին։ Այս ամենաաշխարհաքաղաքական ընտրություններում հայ ընտրողը պետք է առաջնորդվի ոչ թե դրսից պարտադրվող օրակարգերով, այլ իր ներքին համոզմունքներով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930