Չկայացած նավթավերամշակման գործարանը Հայաստանում. ԱՄՆ պատժամիջոցների քաղաքական համակցություններն ու մտահոգությունները
Հայաստանում վառելիքային ածխաջրածնային պաշարները չեն արդյունահանվում, իսկ դրանց սպառումն ապահովվում է ներմուծման հաշվին։ Էներգետիկ համագործակցության դիվերսիֆիկացմանն ուղղված քայլեր ձեռնարկվել են դեռևս Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ Սահակաշվիլիի օրոք ռուս-վրացական հարաբերությունների կտրուկ սրման խորապատկերին:
Այսպես, Հայաստանում որոշ փորձագետներ պարբերաբար վերհիշում են 2006-2009 թվականներին ՌԴ-ի, Իրանի և Հայաստանի՝ Մեղրիում հայ-իրանական սահմանի մոտ նավթավերամշակման գործարան հիմնելու նախագիծը, որը, ենթադրվում էր, պետք է աշխատեր իրանական նավթով։ Որոշ հրապարակումներում ակնարկներ են եղել «Գազպրոմ նեֆթի» կողմից այդ նախագծից փաստացի հրաժարվելու մասին, քանի որ, իբր, ընկերությունը ոչ միայն այն համարել է ոչ շահութաբեր, այլև, իբր, նույն հարցում համոզել է իրանական կողմին…
««Գազպրոմ նեֆտը» դիտարկում է Հայաստանում Իրանի հետ սահմանին նավթավերամշակման գործարան կառուցելու հնարավորությունը,- 2007 թվականի հունվարին պատմել է այդ ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Վյալկինան: -Այս պահին քննարկվում են շինարարության հնարավորությունները, բանակցություններ են ընթանում։ Գործարանի կառուցման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել»։
Առկա տեղեկատվության համաձայն՝ նախատեսվող նավթավերամշակման գործարանի (ՆՎԳ) հզորությունը պետք է կազմեր տարեկան մինչև 7 միլիոն տոննա վերամշակվող նավթ։ Շինարարության մեջ ներդրումների ծավալը գնահատվում էր նվազագույնը 1,7 միլիարդ ԱՄՆ դոլար՝ առանց հարակից տրանսպորտային ենթակառուցվածքների հաշվառման, որոնց զարգացման համար անհրաժեշտ կլիներ ուղղել ևս մոտ 1 միլիարդ դոլար։ Ծրագրվում էր, որ նախնական փուլում գործարանը տարեկան կտրվածքով կվերամշակի առնվազն 5,5 միլիոն տոննա իրանական նավթ, որից կարտադրվեր մոտ 3,3 միլիոն տոննա դիզելային վառելիք և 2,8 միլիոն տոննա բենզին։ Վերամշակման համար նախատեսված հումքն օբյեկտ պետք է մատակարարվեր Իրանից, ինչի նպատակով անհրաժեշտ կլիներ կառուցել 330 կիլոմետր երկարությամբ խողովակաշար՝ Թավրիզից (Արևելյան Ադրբեջան նահանգի վարչական կենտրոն) մինչև գործարանի տեղակայման վայր։
Մեղրիի նավթավերամշակման գործարանում արտադրվող նավթամթերքների մի մասն Իրան արտահանել ենթադրվում էր Մեղրի-Մերենդ-Թավրիզ երկաթուղային ճյուղով, որը մինչ օրս բացակայում էր (բացառությամբ Թավրիզ-Մերենդ հատվածի)։ Ի դեպ, արդեն այն ժամանակ, ըստ ռուսական գործարար ԶԼՄ-ների, «ոլորտի փորձագետներն արդեն ձևավորել են իրենց կարծիքը հնարավոր շինարարության վերաբերյալ. Նրանք նախագիծն անիմաստ են համարում տնտեսական տեսանկյունից՝ դրա նկատմամբ հետաքրքրությունը բացատրելով քաղաքական դրդապատճառներով»։
Նման, թեև ավելի դրական կարծիք է հայտնել 2007 թվականի սեպտեմբերին «Գազպրոմ»-ի ղեկավարի տեղակալ Վալերի Գոլուբևը՝ պարզաբանելով, որ «…Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցման խնդիրը նավթավերամշակման ոչ այնքան բարձր եկամտաբերությունն է, ինչի պատճառով շատ ընկերություններ խուսափում են ներդրումներ կատարել նման նախագծերում։ Նրանց ավելի ձեռնտու է ֆինանսավորել ավելի գրավիչ նախագծեր՝ բարձր եկամտաբերությամբ։ Նավթավերամշակման գործարանի կառուցումը եկամտաբերության տեսանկյունից ամենաշահութաբեր բիզնեսը չէ, շատ ներդրողներ մտածում են՝ ինչո՞ւ նավթավերամշակման գործարան կառուցել, եթե կարելի է խանութ կառուցել Մոսկվայում և ավելի շատ շահույթ ստանալ»։
Միևնույն ժամանակ, «Գազպրոմի» համար հիմնավորված, խելամիտ և հետաքրքիր է, նույնիսկ աշխարհաքաղաքական տեսանկյունից, նավթավերամշակման գործարանի կառուցումը հենց Հայաստանի տարածքում»:
Երևանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռայիսին դիվանագիտական ձևով մերժել է նախագիծը, ինչպես և մի քանի ուրիշներ՝ պատճառաբանելով մեծ ներդրումների անհրաժեշտությունը։ 2008-ից հետո, այնուամենայնիվ, ստորագրվեցին Իրանի և Հայաստանի (բայց առանց «Գազպրոմ նեֆթի» մասնակցության) պայմանագրերը Թավրիզից մինչև Նախիջևանին և Թուրքիային սահմանակից Երասխ (մոտ 430 կմ երկարությամբ) նավթամուղի և հիշյալ Թավրիզ-Մեղրի նավթամուղի կառուցման վերաբերյալ։ Իսկ 2020 թվականի փետրվարին Հայաստանում հիշեցրել են, որ «հայ-իրանական սահմանին նավթավերամշակման գործարանի թեման քննարկվում է 2000-ականների վերջից։ Բայց երկու կողմերի պաշտոնյաների բանակցություններից ու հայտարարություններից այն կողմ գործը չգնաց։ Նավթամթերքի հայկական շուկան չափազանց փոքր է նման վիթխարի նախագիծը փոխհատուցելու համար, իսկ իրանական շուկայում բենզինը շատ էժան է, այն սուբսիդավորվում է Իրանի կառավարության կողմից»։ Բացի այդ, «նախագիծը կարող է ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ճնշում առաջացնել Հայաստանի վրա»։
Այսպես թե այնպես, Հայաստանը մնացել է նավթամթերքի 100 տոկոսանոց ներկրողը, որը նախկինի պես մատակարարվում է հիմնականում Ռուսաստանից։ Հայտնի է վերջին շրջանում Իրանից վառելիքի ներկրման որոշակի աճի մասին, իսկ 2025 թվականից փորձնական մատակարարումներ են եղել նաև Ադրբեջանից, սակայն նույնիսկ առավել բարենպաստ սցենարի դեպքում դրանք չեն լրացնի ռուսական մատակարարումների 90 տոկոսը։
Մայիսի 27-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ուղղված նամակում ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը Երևանին նախազգուշացրել էր Հայաստան գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների մատակարարման վերաբերյալ համաձայնագրերի չեղարկման հնարավորության մասին: Դա տեղի կունենա, եթե Հայաստանը շարունակի Եվրամիությանն ինտեգրվելու գործընթացը։ Իր հերթին, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ իրավիճակը, որի պայմաններում Հայաստանը շարունակում է Եվրամիությանն ինտեգրվելու գործընթացը, անորոշություն է ստեղծում, այդ թվում՝ ռուս ներդրողների համար: Մոսկվան կցանկանար ավելի արագ պարզաբանել Երևանի հետ տնտեսական հարաբերությունները, մինչդեռ Հայաստանում հասկանում են արտոնությունների և առևտրի ծավալները, որոնք նա ստանում է՝ մնալով Եվրասիական տնտեսական միության կազմում։
Ալեքսեյ Բալիև
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի



