Իսրայելի ՊԲ-ն հարվածներ է հասցրել հարավային Լիբանանին
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ հարվածներ են հասցնում հարավային Լիբանանին, այն բանից հետո, երբ տարածաշրջանում գտնվող իրենց ուժերը հարձակման են ենթարկվել երկու անօդաչու թռչող սարքերով։
Նշվում է, որ հարավային Լիբանանի անվտանգության գոտում գտնվող իսրայելական ուժերը հարձակման են ենթարկվել շիական «Հըզբոլլահ» շարժման երկու անօդաչու թռչող սարքերով և մեղադրել են նրանց համաձայնագիրը խախտելու մեջ։
«Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել հարավային Լիբանանին», – ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի՝ հարձակման հետևանքով իսրայելցի զինվորներ չեն տուժել։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը չի լքի հարավային Լիբանանի անվտանգության գոտին, մինչև «Հըզբոլլահը» լիովին չզինաթափվի։

