Բաժիններ՝

«Ուսուցիչները միշտ ասել են. «Սահա՛կ, լավ սովորիր, այնպիսի մարդու աթոռին ես նստած, որ չես կարող վատ սովորել»

Արդեն 2 տարի է՝ Շենգավիթ վարչական շրջանում՝ մայիսի 9 հասցեում գործում է ՀՀ նկարիչների միության անդամ, քանդակագործ, ժողովրդական վարպետ Սահակ Սահակյանի թանգարանը, որտեղ այցելուները կարող են ծանոթանալ այն հարուստ ստեղծագործություններին, որոնք ժողովրդական վարպետը ստեղծել է ամբողջ կյանքի ընթացքում ու ժառանգել սերունդներին։ Սահակ Սահակյանի ստեղծագործություններն՝ ինչպես մեծահասակների, այնպես էլ՝ մանուկների համար է, նրա ստեղծած գեղարվեստական տիկնիկների հարուստ շարքը չկրկնվող է տիկնիկագործության արվեստում։

Սահակ Սահակյանը սկսել է ստեղծագործել, երբ 13 տարեկան էլ չկար, մինչև կյանքի վերջին օրերը՝ 2010 թվականը, նա ստեղծագործել է՝ նպատակ ունենալով, որ կունենա թանգարան և իր ստեղծագործությունները կցուցադրի։ Սակայն կենդանության օրոք այդպես էլ թանգարան չունեցավ, միայն 2024 թվականի մայիսին ընտանիքի ջանքերով, համառ աշխատանքի արդյունքում բացվեց թանգարանը հենց այն շենքում, որտեղ ապրել է վարպետը։

Կարդացեք նաև

Ինչպես այս տարի, այնպես էլ նախորդ տարի Սահակ Սահակյան թանգարանը միացել էր «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը՝ իր դռները բացելով այցելունների առջև։ Չնայած այցելուները դեռևս քիչ են, սակայն թանգարանի տնօրեն, Սահակ Սահակյանի թոռնուհի Լուսինե Սահակյանն ուրախ է, որ  հանրությունն աստիճանաբար տեղեկանում է թանգարանի մասին և այցելում։

Սահակ Սահակյան թանգարանում պահվում են 1000-ից ավելի ցուցանմուշներ՝ քանդակներ, նկարներ, դեկորներ, տիկնիկներ, մոտ այդքան էլ պահվում է ֆոնդերում։

1983 թվականին Սահակ Սահակյանն է «Անուշ» օպերայի հիման վրա նկարահանված ֆիլմի դեկորները նկարում։

«Պապիկիս դիզայնով այս դեկորացիան մայրիկս է կարել՝ Սահակ Սահակյանի հարսը, դեկորները տարել՝ ֆիլմը նկարահանել են ու նորից վերադարձրել։

Կարծում եմ՝ այս դեկորներից զատ, թանգարանն ունի նաև այլ արժեքավոր նմուշներ, որոնք համարվում են թանգարանի այցեքարտը։ Ըստ իս, «Սասնա Ծռեր»  էպոսն է, որի քանդակները բազմաթիվ են, աշխատանքները կավից են՝ մոտ 180-ից ավելի քանդակներ ունի էպոսը։ Մի մասը կարողացել ենք ցուցադրել, մի մասը ֆոնդում է»,- 168.am հետ զրույցում նշեց Լուսինե Սահակյանը։

Սահակ Սահակյանը ծնվել է Լոռիում՝ Ստեփանավան քաղաքում, այսօր վարպետի ծննդավայրում նույնպես գործում է համայնքային թանգարան՝ ներկայացնելով Սահակ Սահակյանի ստեղծագործությունների մի մասը։ Ստեփանավանում նա սովորել է հենց այն դպրոցում, որտեղ սովորել է Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։

«Պապիկս Ստեփանավանում է դպրոց գնացել, ասում են՝ նրա ուսուցիչները միշտ ասել են. «Սահա՛կ, լավ սովորիր, որովհետև այնպիսի մարդու աթոռին ես նստած, որ չես կարող վատ սովորել», նկատի են ունեցել Հովհաննես Թումանյանին։ Հիմա Ստեփանավանի թանգարանին և՛ ցուցանմուշներ ենք նվիրել, և՛ տվել ենք, որպեսզի ժամանակավոր ցուցադրության ներկայացնեն»,- հավելեց թանգարանի տնօրենը։

Թանգարանում Սահակ Սահակյանի ստեղծագործությունների կողքին ցուցադրվում է նաև մի քանի դարի պատմություն ունեցող սնդուկը, որը քանդակագործի տատիկը գաղթի ժամանակ իր հետ բերել է Կարսից։ Սնդուկի կողքին ներկայացված է նաև 1914 թվականի գործված կարպետ, Սահակ Սահակյանի ձեռքով ստեղծված փոքրիկ օրորոցը՝ իր որդու՝ քանդակագործ Պերճ Սահակյանի համար։

«Սահակ Սահակյանի ստեղծագործությունները բազմաժանր են, աշխատել է տարբեր նյութերով ու տարբեր ոճերով, նրա ստեղծագործություններում ամեն ինչ կարող ենք գտնել։

Ինքս հիշում եմ, թե ինչպես էր Արցախի պատերազմի օրերին նկարում լամպի լույսի տակ, նույնիսկ մթության ու դժվարության մեջ ստեղծագործում էր, շատ աշխատասեր էր։ Երբ սկսում էր ստեղծագործել, իրեն այլևս ոչինչ չէր հետաքրքրում, ժամերով կարող էր ստեղծագործել, արվեստով էր ապրում։ Երբեմն դադար էր տալիս ու պատմում էր, թե ինչ նկատի ունի այս կամ այն կերպարը քանդակելիս։ Շարք ունի քաղաքական սատիրայի թեմայով, այստեղ կարող եք տեսնել, օրինակ, ինչպես է քանդակի վրայից դիմակը հանել ու տակը մնացել է դատարկ կուժ։ Երբեմն հումորով էր ամեն ինչին մոտենում։

Սահակ Սահակյանը ստեղծագործության սկզբնական փուլում փայտով է ստեղծագործել։ Ստեփանավանում Գալո անունով վարպետ է եղել, որը հետաքրքիր իրեր է ստեղծել, ինչն էլ հետաքրքրել է պապիկիս, ամեն օր գնացել ու այս ստեղծագործական պրոցեսին մասնակցել է, դրանից հետո էլ աստիճանաբար սովորել է փայտից ստեղծագործել։

Սահակ Սահակյանն իր ստեղծագործություններից միայն մի քանի նմուշներ է վաճառել, սիրել է ստեղծագործել ու պահպանել։ Կենդանության օրոք երազում էր թանգարանի մասին, որ ստեղծագործությունները մի վայրում հավաքի, իհարկե, ուներ արվեստանոց, որը փոքր էր։

Կարդալն ու ստեղծագործելն անբաժան են եղել պապիկցս, չի եղել մեկ օր, որ նա չստեղծագործեր՝ ցուրտ լիներ, մութ լիներ, նրա համար միևնույն էր՝ նա հասնում էր Զեյթունի իր արվեստանոց ու սկսում էր ստեղծագործել, երբեմն ինձ էլ էր հետը տանում։

Նա ռադիոն միացնում էր, հայկական երաժշտություն էր միացնում, երբեմն էլ ցածրաձայն երգելով սկսում էր ստեղծագործել։

Եղավ շրջան, որ ծաղիկներ էր շատ նկարում, դաշտեր էր գնում ու նկարում, մի շրջան էլ եղավ, որ քարեր էր հավաքում ու դրանք բերելով արվեստանոց՝ դրանց տեսք էր տալիս՝ դարձնում էր դիմանկար»,- նշեց մեր զրուցակիցը։

Այսօր Սահակ Սահակյանի ստեղծագործությունները ցուցադրվում են մի քանի երկրներում՝ Մոսկվայում, Պրահայում, Բելգիայում, Ճապոնիայում, Ֆրանսիայում։  Խորհրդային Միության տարիներին Սահակ Սահակյանի ստեղծագործությունները բազմիցս են ցուցադրվել տարբեր երկրներում, նա նաև Պրահայի պատվավոր քաղաքացի է։

Թանգարանում արժեքավոր նմուշների կողքին մշտական ցուցադրության ներկայացված է նաև վարպետի դիմաքանդակը, որը ստեղծել է որդին՝ Պերճ Սահակյանը։

Վարպետի որդու խոսքով՝ եղել է մի շրջան, երբ հայրը սեփական ստեղծագործություններում առանձնացնում էր երգիծական ժանրը, օրինակ, Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» ստեղծագործության երգիծական կերպարներին։ Ներկայացված երգիծական քանդակներից յուրաքանչյուրը Պերճ Սահակյանը յուրովի է մեկնաբանում։ Նա առանձնացնում է նաև վարպետի «Սասնա ծռեր» էպոսի շարքը, որն ամբողջացնելու համար աշխատել է մոտավորապես 10 տարի՝ զուգահեռ ստեղծելով նաև այլ աշխատանքներ։

Եղել են ստեղծագործություններ, որոնք Սահակ Սահակյանը ստեղծել է, ավարտել ու հանկարծ տարիներ անց նույն ստեղծագործությունը ձևափոխել է, ներկել ու գույներ տվել։

Սահակ Սահակյանի ստեղծագործությունների հիմքում միշտ դրվել են ազգային արժեքները, նրա թոռնուհին ու որդին էլ այսօր հետևում են նրա թողած ավանդին՝ ցանկացած ցուցադրություն ու միջոցառում կազմակերպելիս, հիմքում դնում են ազգայինը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031