Ապացուցողական և վարութային գործողություններ են դեռ իրականացվում. ՔԿ-ն Շուշիին և հակահարվածի հայտնի օպերացիային առնչվող զարգացումները գաղտնի է պահում

Ապրիլի 18-ին 168.am-ը 44-օրյա պատերազմին առնչվող հարցադրումների ներառմամբ, գրավոր հարցում է ուղարկել ՀՀ քննչական կոմիտե:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տարբեր առիթներով հայտարարել է, որ 44-օրյայի զեկույցում ներառված են լինելու սպառազինությունների վերաբերյալ հարցադրումների պատասխանները, ինչը, ըստ էության, տեղի է ունեցել:

168.amի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնել է, որ 44-օրյայի զեկույցում անդրադարձ կա սպառազինության ձեռքբերմանը և ձեռքբերման պլանների փոփոխությանը, դրան հաջորդում է հետևանքների գնահատումը:

Մենք այս թեմային դեռ անցած տարվա սեպտեմբերին անդրադարձել ենք նաև մեր՝ «Քննիչ հանձնաժողովի զեկույցի սուբյեկտիվ կողմը. Փաստերի հետքերով» վերտառությամբ հոդվածում:

Ավելին, հայտնել ենք, որ զեկույցին կցվել է նաև Սու-30-ների հետ կապված Անդրանիկ Քոչարյանի մի քանի էջանոց նամակ-վերլուծությունը, որը նա ներկայացրել էր Փաշինյանին, և ինչի մասին հիշատակվել էր նաև քննիչ հանձնաժողովում Փաշինյանի հարցաքննության ժամանակ:

Բայց Անդրանիկ Քոչարյանը մի առիթով հայտարարել էր նաև, որ սպառազինության սխալ ձեռքբերումներ են եղել, և Քննիչ հանձնաժողովի՝ մի հսկայական փաթեթ հավաքագրած տեղեկատվությունը ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազին, խոսքը մասնավորապես վերաբերել է «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային համալիրներին:

168.am-ին Գլխավոր դատախազությունից ասել էին, որ քրեական վարույթ կա, բայց այլ մանրամասներ չէին հայտնել:

Իսկ վերջերս Անդրանիկ Քոչարյանը նշել էր, որ ելնելով զեկույցից, համապատասխան մարմինները գործողություններ ունեն անելու, որին դեռ հասնելու են:

Ըստ այդմ՝ մենք մեր հարցման միջոցով փորձել ենք ՀՀ քննչական կոմիտեից նախ ճշտել՝ 44-օրյայի զեկույցը ստացե՞լ են, արդյո՞ք զեկույցի կամ Քննիչ հանձնաժողովի տրամադրած նյութերի հիման վրա քրեական վարույթներ հարուցվել են, այդ թվում՝ սպառազինության պիտանի-ոչ պիտանի լինելու հետ կապված:

Ապրիլի 27-ին մեզ ուղարկած իր պատասխան գրության մեջ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ 2020 թվականի 44-օրյա ռազմական գործողությունների վերաբերյալ զեկույց կամ քննիչ հանձնաժողովի եզրակացություն չեն ստացել:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին գրավոր տարբերակով ուղարկել ենք նաև հետևյալ հարցերը.

– 2020 թվականի հոկտեմբերի 7-ին բանակային հակահարվածի հայտնի օպերացիայի դրվագով այս պահին քրեական գործ կա՞, թե՞ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ արդարացման հիմքով քրեական հետապնդման դադարեցումից հետո պատերազմական այս դրվագը քննության առարկա չէ այլևս կամ չի դարձել: Արդյո՞ք պատերազմական այս օպերացիայի կամ դրվագի հետ կապված երբևէ Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ նախկին տնօրեն և ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը և այդ օպերացիայի քննարկմանը ներկա այլ անձինք ցուցմունքներ տվել են:

– Շուշին հետ վերցնելու գործողություններ են եղել 2020 թ. նոյեմբերի 7-ից հետո, այս հանգամանքը քննության առարկա դարձե՞լ է, և ի՞նչ գործի շրջանակում:

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում 2020 թվականի 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթներով իրականացվել և շարունակվում են իրականացվել ծավալուն ապացուցողական և վարութային այլ գործողություններ, այդ թվում հարցաքննվել են մեծաթիվ վկաներ, նշանակվել և ստացվել են համապատասխան փորձաքննությունների եզրակացություններ, որոնց արդյունքում մի շարք քրեական վարույթներ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան»,- ի պատասխան մեր այս հարցադրումների՝ նշել է Քննչական կոմիտեն՝ հավելելով, թե հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները՝ մյուս հարցադրումների մասով տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ, քանի որ դրանք պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ:

Այս համատեքստում հավելենք, որ 2025 թվականին նույն Քննչական կոմիտեն մեզ հայտնել էր.

«2020 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացված բանակային հակահարվածի դեպքով նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»:

Իսկ ինչ վերաբերում է 2020թ. նոյեմբերի 7-ից հետո Շուշիի ուղղությամբ տեղի ունեցած գործողություններին, ապա 2024 թվականին ՔԿ-ն դրանց հետ կապված հարցին պատասխանել էր՝ նշելով.

«44-օրյա պատերազմի ընթացքում ծավալված ռազմական գործողությունների բոլոր ուղղությունները, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 7-ից հետո Շուշիի ուղղությամբ տեղի ունեցած իրադարձությունները քննության առարկա են դարձված իշխանության անգործության, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու, զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից հրաժարվելու, զինվորական ծառայության կրման կարգի դեմ ուղղված առերևույթ այլ հանցագործությունների կատարման դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացվող քրեական վարույթների շրջանակներում»:

Միաժամանակ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ այդ ժամանակ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը «2020 թվականի 44-օրյա ագրեսիվ պատերազմի ընթացքում հայտարարված ռազմական դրության պայմաններում զինվորական կարգի դեմ ուղղված, ինչպես նաև՝ ռազմական գործողություններին առնչվող այլ հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների շրջանակներում չի հարցաքննվել»:

Իր հերթին՝ Նիկոլ Փաշինյանը մի առիթով լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի համատեքստում հարցաքննվել է:

Նշենք, որ այս պահի դրությամբ 44-օրյայի առնչությամբ Փաշինյանի հարցաքննության մեկ դեպք է հայտնի: Դեռ 3 տարի առաջ, ըստ մամուլի հրապարակումների, նա որպես վկա՝ հարցաքննվել էր 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում:

Հավելենք, որ Փաշինյանին հարցաքննելու պահանջ ներկայացրել էին զոհվածների հարազատները, որոնք այդ ժամանակ բողոքի ակցիաներ էին անում կառավարության, գլխավոր դատախազության շենքի առջև:

Արդյո՞ք Քննչական կոմիտեի գաղտնապահությունից պիտի ենթադրել, որ կան այլ քրեական վարույթներ, որի շրջանակում Փաշինյանը հարցաքննվել է կամ կարող է հարցաքննվել, ժամանակը ցույց կտա:

Օրինակ, հետաքրքիր է՝ Փաշինյանն ի՞նչ կարգավիճակով է մասնակցել և հաստատել հակահարվածի հայտնի օպերացիան, կամ՝ ի՞նչ կարգավիճակով է Շուշին հակագրոհով հետ վերցնելու հրաման տվել՝  որպես վարչապե՞տ, թե՞ գերագույն հրամանատար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930