Իշխանազավթումից մինչև բիզնեսի զավթում. ինչպես է կառավարությունը «խառնվում» տնտեսությանը
ՔՊ-ական պատգամավոր, հայտնի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը, ով Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմնական շահառուներից մեկն է, և ում բիզնես կայսրությունը Հայաստանում տեղի ունեցած իշխանազավթումից հետո մեկ այլ ձևով է ընդլայնվել, նոր շուկաներ ու տնտեսական ոլորտներ գրավել, հարցազրույց է տալիս Հանրային հեռուստաընկերությանն ու, ի զարմանս շատերի, հայտարարում, թե իշխանությունն այսօր չի խառնվում բիզնեսին, մեկ-մեկ պետք է լինում, որ պետությունը խառնվի, որ բալանսավորի, դա էլ չի անում։
Տպավորություն է, որ բոլորը կույր են ու չեն տեսնում՝ ինչ է կատարվում Հայաստանում։
Թե իշխանություններն ինչքանով են խառնվում բիզնեսին, պոպուլիստական հայտարարություններով չէ, որ արտահայտվում է, այլ կոնկրետ փաստերով, ու այդ փաստերի մասին հազիվ թե Խաչատուր Սուքիասյանը չգիտի։
Երբ կառավարությունը, հայտնի ու անհայտ մեթոդներով, ստիպում է բիզնեսին, այն էլ՝ խոշոր բիզնեսին, իր սեփականության մի մասը «կամավոր նվիրաբերել» պետությանը, սա արդյոք բիզնեսին խառնվե՞լ է, թե՞ ոչ։ Թե՞ այս մասին Խաչատուր Սուքիասյանը չգիտի կամ մտածում է, որ այդ բաժնետոմսերը սեփականատերերը կառավարության սիրուն աչքերի համար են «նվիրել»։
Այն, ինչ վերջին տարիներին իշխանություններն արել են բիզնեսի հետ, շատ մեղմ է միջամտություն անվանել։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի», «Լիդիան Արմենիայի», «Վիվա Արմենիայի» օրինակները լիովին բավարար են՝ բիզնեսին իշխանությունների միջամտությունների վերաբերյալ պատկերացում կազմելու համար։ Եթե Խաչատուր Սուքիասյանի բիզնեսները, հասկանալի պատճառներով, անձեռնմխելի են եղել, դա դեռ չի նշանակում, թե իշխանությունը չի միջամտել ու չի միջամտում բիզնեսին, ազատ տնտեսական հարաբերություններ են ու չկան մենաշնորհներ։ Մենաշնորը միայն այն չէ, որ մեկ ընկերություն է գործում որևէ շուկայում։ Գուցե ոչ դասական առումով, բայց մենաշնորհից շատ չի տարբերվում այն, երբ «ազատ տնտեսական» միջավայրում մեկն արտոնյալ պայմաններ է ստանում ու դրա արդյունքում արագորեն ընդլայնում է դիրքերը՝ մյուսների հաշվին։
Հասկանում եք, չէ՞, թե խոսքն ինչի մասին է։
Այդպես էլ մինչև հիմա ոչ մեկը չի կարողանում մի հոդաբաշխ բացատրություն տալ, թե ինչպե՞ս է լինում, որ խոշոր բիզնեսն իր բաժնետոմսերի մի մասը «կամավոր» զիջում է պետությանը։ Իսկ ինչո՞ւ Խաչատուր Սուքիասյանն էլ իր բիզնեսներից բաժնեմասեր չի նվիրում պետությանը։
Գո՞ւցե պատճառն այն է, որ իշխանությունն իրեն չի ստիպում այդպես վարվել, ինքն էլ չի ուզում կամավոր հրաժարվել իր սեփականությունից։
Այն, որ շատ պատահաբար, հայտնի հայտարարությունից հետո, կառավարությունը հայտնաբերեց, որ Սամվել Կարապետյանի ձեռքին ՀԷՑ-ն անվտանգային սպառնալիք է Հայաստանի համար ու պետք է «խլել» նրանից, հավանաբար Խաչատուր Սուքիասյանը չգիտի։ Սա իշխանության կողմից նույնիսկ բիզնեսին միջամտություն չէ։ Սա բիզնեսի նկատմամբ քաղաքական ճնշման ու իշխանության լծակներն օգտագործելով՝ բիզնեսը խլելու դասական օրինակ է։
Հայտնի է, որ մինչ այդ էլ իշխանությունը փորձում էր, այլ բիզնեսների օրինակով, «կամավորության» սկզբունքով, բաժնեմաս պոկել ՀԷՑ-ից։ Ու քանի որ դա նրան չհաջողվեց, հարմար պահի ընտրեցին հարմար տարբերակը։
ՀԷՑ-ը բիզնեսի ու սեփականատիրոջ նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի բացահայտ դրսևորում է։
Եթե խոշոր գործարարի ու նրա սեփականության հետ կարող են նման կերպ վարվել, պատկերացրեք, թե ինչեր կարող են անել մանր ու միջին բիզնեսի նկատմամբ։
Երբ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով, հաշված ժամեր հետո բիզնես են փակում, քաղաքական շարժառիթներով քրեական գործեր են բացում բիզնեսի վրա, ի՞նչ ազատ մրցակցության ու իշխանությունների կողմից բիզնեսին չմիջամտելու մասին կարող է խոսք լինել։
Անշուշտ, Խաչատուր Սուքիասյանն այդպիսի ռիսկերից ապահովագրված է, ձայնը տաք տեղից է գալիս, դրա համար մեծ-մեծ խոսում է բիզնես միջավայրի, բիզնեսին իշխանությունների կողմից չմիջամտելու, Հայաստանի տնտեսության «ֆանտաստիկ» աճերի ու զարգացումների մասին։ Այն աճերի, որոնք, հայտնի է, թե ինչ գործոններով են պայմանավորված, ու այդ գործոններից մեկն էլ ռուսական ոսկու վերաարտահանումն է։ Մի բան, ինչը կապվում է հենց Խաչատուր Սուքիասյանի անվան հետ։
Հիմնականում այս գործոններն են եղել Հայաստանի վերջին մի քանի տարիների տնտեսական աճերի փուչիկի ձևավորման հիմքը։ Բայց այդ աճերը բոլորովին կապ չունեն տնտեսության զարգացման հետ։ Ու դա տեսնում ենք նաև տնտեսության կառուցվածքում։ Առևտուրը դարձել է մեր տնտեսության ամենամեծ ճյուղը։ Առևտրի բաժինը ՀՆԱ-ում ավելացել է, իսկ մշակող արդյունաբերությանն ու գյուղատնտեսությանը, որոնք տնտեսության հիմնարար ճյուղերն են, նվազել է։
Այսպիսին է եղել Հայաստանի տնտեսության «ֆանտաստիկ» աճերի արդյունքը։
Զարմանալի չէ, որ այդքան «ֆանտաստիկ» աճերի ու զարգացումների պայմաններում տարիներ շարունակ Հայաստանի իրական տնտեսության մեջ օտարերկրյա ուղղակի ներդրումներ գրեթե չեն կատարվել։ Ու քանի որ ներդրումներ չեն եղել, մի բան էլ ներդրումները դուրս են եկել, Խաչատուր Սուքիասյանը վարկերի աճերով է փորձում լցնել մարդկանց ուղեղները։ ՔՊ իշխանության տարիներին Հայաստանը իսկական վարկային տենդի մեջ է եղել։ Իսկապես վարկերը մեծ տեմպերով ավելացել են և հասել 20 մլրդ դոլարի։ Բայց վարկերի այս աճով հպարտանալու փոխարեն, Խաչատուր Սուքիասյանը թող ասի, թե ո՞ւր են գնացել այդ գումարները և ինչի՞ են ծառայել։
Ամբողջ խնդիրն այն է, որ այդ գումարները գնացել են ոչ թե տնտեսություն, այլ ծանրացել են տնային տնտեսությունների, այլ կերպ ասած՝ քաղաքացիների վրա։
Եթե Խաչատուր Սուքիասյանը չգիտի, կամ գիտի, բայց միտումնավոր թաքցնում է, ասենք, որ իրենց իշխանության 8 տարիների ընթացքում տնտեսության իրական հատվածում, մասնավորապես՝ արդյունաբերության մեջ, բանկերի վարկային պորտֆելն ավելացել է ընդամենը 242 մլրդ դրամով։
8 տարվա կտրվածքով սա չնչին գումար է արդյունաբերության համար։
Եթե 2017թ. բանկերի 2.6 տրիլիոն վարկային պարտֆելի մեջ արդյունաբերությանը տրամադրված վարկերը 18 տոկոսն էին կազմում, 2026թ. 7.9 տրիլիոնի մեջ կազմել են հազիվ 8.8 տոկոսը։
Հիմա ասեք, թե վարկային այս տենդից ինչքանո՞վ է շահել արդյունաբերությունը։
Ութ տարում արդյունաբերությանն ուղղված վարկերն աճել են ընդամենը 52 տոկոսով, իսկ քաղաքացիների վարկային բեռը, միայն սպառողական ու հիփոթեքային վարկերի մասով, գրեթե 5 անգամով. 739 մլրդ դրամից հասել է 3 տրիլիոն 533 միլիարդի, ինչը համարժեք է 9.3 մլրդ դոլարի։ Միայն այս 2 ուղղություններով քաղաքացիների վարկային բեռն աճել է 7.3 մլրդ դոլարով՝ 11.5 անգամ ավելի շատ, քան արդյունաբերության վարկային պորտֆելն է ավելացել։
Պատկերացնո՞ւմ եք գոնե, թե ինչ եք արել. Ոչ միայն սարսափելի մեծ ֆինանսական բեռ եք դրել քաղաքացիներ վրա, այլև ահավոր ռիսկերի մեջ եք ներքաշել ամբողջ բանկային համակարգը։ Վարկերը, որոնցով հպարտանում ենք, իսկական ռումբ են՝ դրված բանկային համակարգի տակ։ Ցանկացած ցնցում, չենք ասում՝ ճգնաժամ, կարող է կործանարար լինել բանկային համակարգի ու ոչ միայն բանկային համակարգի համար։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



