ՔՊ-ական պատգամավոր, հայտնի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը, ով Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմնական շահառուներից մեկն է, և ում բիզնես կայսրությունը Հայաստանում տեղի ունեցած իշխանազավթումից հետո մեկ այլ ձևով է ընդլայնվել, նոր շուկաներ ու տնտեսական ոլորտներ գրավել, հարցազրույց է տալիս Հանրային հեռուստաընկերությանն ու, ի զարմանս շատերի, հայտարարում, թե իշխանությունն այսօր չի խառնվում բիզնեսին, մեկ-մեկ պետք է լինում, որ պետությունը խառնվի, որ բալանսավորի, դա էլ չի անում։
Անցած տարվա փետրվարին հայտարարվեց հերթական ընկերության կողմից սեփական բաժնետոմսերի 20 տոկոսը կառավարությանը նվիրաբերելու մասին։ Մինչ այդ՝ կառավարությանը սեփական բաժնետոմսերի «կամավոր» նվիրաբերությամբ էին հանդես եկել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ու «Լիդիան Արմենիայի» սեփականատերերը։ Այս անգամ խոսքը «ՄՏՍ Հայաստանի» մասին էր, որի ակտիվները մի քանի ամիս առաջ գնել էր կիպրական ընկերությունը՝ հետագայում այն վերանվանելով «Վիվա Արմենիայի»։
«Վիվա Արմենիայի» բաժնետոմսերի 20 տոկոսն այդ ընկերությունից «նվեր ստանալուց» կամ «խլելուց» 1.5 տարի անց Հայաստանի Կառավարությունը վաճառում է «նվեր ստացած» կամ «խլած» 20 տոկոսը նույն «Վիվա Արմենիային», որի նոր սեփականատերը FEDILCO GROUP LIMITE ընկերությունն է։