«Ինչո՞ւ է թվում, որ իշխանությունը պետք է ամեն ինչ, ամեն գնով կոծկի». ՀՀԿ պատգամավոր
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվության խորհրդարանական քննարկման ժամանակ ՀՀԿ-ի ակտիվ քննադատությանը, հայտարարել էր. «Իշխանությունները այն տրամաբանության մեջ են, որ ամեն ինչ այս երկրում իրենցն է, ամեն տեղ պետք է իրենք լինեն, ամեն ինչ մոնոպոլիզացնեն, հիմա էլ քաղաքական դաշտն են մոնոպոլիզացնում: Իրենք փորձում են ներկայանալ թե՛ իշխանություն, թե՛ ընդդիմություն»:
Այս առնչությամբ 168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասաց, որ համամիտ չէ ՀՅԴ պատգամավորի հետ, ապա նշեց, որ դաշտը մոնոպոլիզացնելու խնդիր իրենք չունեն. «Ընդամենը միշտ ասել ենք, հիմա էլ ասում ենք` լավին լավ ենք ասում, վատին` վատ: Եթե ՎՊ-ն չարաշահումներ, խախտումներ է արձանագրում, որոնք թիվ մեկ ամբիոնից բարձրաձայնվում են, դա պետք է հետևանքներ ունենա` սա է մեր ասածը: Իրականության հետ կապ չունի պարոն Ռուստամյանի հայտարարությունը, թե ցանկություն ունենք ներկայանալ ընդդիմության դաշտում: Հիմա ի՞նչ, ընդդիմադիր դաշտը մեզ պետք է ասի, թե ինչո՞ւ ենք մենք խոսում չարաշահումներից կամ ինչո՞ւ ենք բացահայտումներ արել»: Մեր դիտարկմանը, թե շատերը թերահավատորեն են մոտենում, որ կլինեն հետևանքներ, Հովհաննես Սահակյանն այսպես արձագանքեց. «Բոլորս պետք է հետևենք օրենքի տառին: Եթե կան չարաշահումներ, դրանք պետք է ուղարկվեն իրավապահ մարմիններին: Իսկ եթե իրավապահ մարմիններն են թերանում համապատասխան գրության, ուղերձի կամ փաստերի ուսումնասիրման համար, դա այլ հարթության խնդիր է ու հետևություններն այս մակարդակում պետք է կատարվեն»:
Ինչ վերաբերում է ՀՅԴ պատգամավորի մեկ այլ հայտարարությանը, թե ՀՀԿ-ն նոր աշխատաելաոճ է որդեգրել` «ավելի լավ է առաջինը մենք ներկայացնենք խնդիրները, քննադատենք, որ ընդդիմության համար տեղ չմնա» ու իր քննադատություններով «բան չի թողնում ասելու» ընդդիմությանը, Հովհաննես Սահակյանն ասաց. «Իսկ ինչո՞ւ է թվում, որ իշխանությունը պետք է ամեն ինչ, ամեն գնով կոծկի, չբարձրաձայնի: Որպես իշխանության ներկայացուցիչ՝ առաջինը ես եմ շահագրգռված, որ ամեն ինչ ավելի դրական լույսի տակ անցնի: Գործող իշխանությունն է նախևառաջ պատասխանատու բացասականի համար չէ՞, վատ հետևանքներն էլ մեզ վրա է անդրադառնում չէ՞: Մենք շահագրռված ենք բարձրաձայնել ու խնդրին լուծում տալ»: Մեր հարցին, թե խոստովանությունից հետո կհետևի՞ ապաշխարությունը, ինչպես ասել էր Արմեն Ռուստամյանը, կլինե՞ն պատասխանատվության ենթարկվողներ, ՀՀԿ պատգամավորը նշեց. «Ես ուզում եմ հավատալ, որ հայտարարություններն ու հետագա քայլերը պետք է համահունչ լինեն: Կարող ես աշխատանքից ազատել մի շարք պաշտոնյաների, բայց մտածելակերպը, աշխատաոճը, կարծրատիպը, համակարգը մնա նույնը: Սա մի ժամանակահատված է, որ բոլորը պետք է ոչ միայն վերաարժեվորեն իրենց աշխատելաոճը, այլև`նման հայտարարություններից հետո պետք է հետևեն շոշափելի ու տեսանելի քայլեր»: Ըստ նրա` իշխանությունն այն «միամիտ» տեսակետի կրողը չէ, որ «մեկ-երկու չինովնիկ ազատելով հարց կլուծվի»: