Թուրքիայի բնակչության թիվն անցել է 86 միլիոնը

Թուրքիայի վիճակագրական կազմակերպությունը (TÜİK) հրապարակել է 2025թ. Թուրքիայի բնակչության թվի վերաբերյալ տվյալներ։ Դրանց համաձայն՝ Թուրքիայի բնակչությունը 2024թ. թվականի համեմատ աճել է 427.224-ով՝ հասնելով 86 միլիոն 92.168-ի։ Բնակչության 50.02%-ը կազմում են տղամարդիկ (43 մլն․ 59.434), իսկ 49.98%-ը՝ կանայք (43 մլն․ 32.734)։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայում բնակություն հաստատած օտարերկրացիների թիվը ի տարբերություն նախորդ տարվա, 2025-ին աճել է 38.968 մարդով՝ այն կազմելով 1 միլիոն 519.515։

2024-ին բնակչության տարեկան աճի տեմպը կազմել է հազարից 3.4, իսկ 2025 թվականին՝ հազարից 5։

2025-ին Թուրքիայի ամենափոքրաքանակ բնակչություն ունեցող նահանգը Բայբուրթն է (82.836)։ Բայբուրթին հետևում են Դերսիմը (85.083), Արդահանը (90.392), Գյումյուշհանեն (138.807) և Քիլիսը (157.363): Հատկանշական է, որ այս փոքրաքանակ բնակչություն ունեցող նահանգներում տղամարդկանց թիվը գերակշռում է կանանց թվին:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Թուրքիայում գյուղական բնակավայրերն աստիճանաբար դատարկվում են։ Գյուղական բնակչության թիվը կրկին նվազել է։ Այն կազմում է ընդհանուր բնակչության 6․4%-ը։ 2024թ. թվականին այդ ցուցանիշը 6․6% էր։

2024-ին՝ նախորդ տարվա համեմատ, բնակչության նվազում է արձանագրվել 40 նահանգներում, իսկ 2025-ին՝ 33 նահանգներում։

2025-ին Թուրքիայի ամենախոշոր քաղաքի՝ Ստամբուլի բնակչության թիվն աճել է 52.451-ով՝ կազմելով 15 միլիոն 754.053 (Թուրքիայի բնակչության 18․3 տոկոսը)։ Ստամբուլին բնակչության թվի մեծությամբ հաջորդում են Անկարան՝ 5 միլիոն 910.320, Իզմիրը՝ 4 միլիոն 504.185 մարդ, Բուրսան՝ 3 միլիոն 263.011 մարդ և Անթալիան՝ 2 միլիոն 777.677 մարդ։

Տեսանյութեր

Լրահոս