Ուժեղ տղամարդկանց թուլությունը
Ի՞նչ են պահանջում ազատամարտիկներն իշխանություններից: Այն, ինչ պահանջում է սոցիալական խոցելի խմբերից յուրաքանչյուրի անդամ` կոմունալ ծառայություններից օգտվելու զեղչեր, արտոնություններ առողջապահության ոլորտում, արժանապատիվ թոշակ:
Հայաստանում ազատամարտիկների թիվը 20.000-ից ավելի է: Նրանց բոլորի հանդեպ պարտավորվածություն իշխանությունները դեմ չէին լինի զգալ, սակայն զբաղվածությունը թույլ չի տալիս: Ազատամարտիկների խնդրին հիմնավոր անդրադառնալու անհրաժեշտություն էլ չի եղել. զինադադարից այսկողմ որևէ լուրջ ընդվզում, իշխանությունների վերարտադրմանը սպառնացող իրավիճակ ազատամարտիկները չեն ստեղծել: Հասարակական ընկալման մեջ էլ ազատամարտիկներն ասոցիացվել են գեներալներ Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի, Հայկազ Բաղմանյանի հետ: Ազատամարտիկների ձայնը կարող էր շատ ազդեցիկ և անգամ որոշիչ լինել կեղծված յուրաքանչյուր ընտրությունից հետո, սակայն նրանք նախընտրել են համերաշխ լռությունը:
Այսօր արդեն նրանք դուրս են եկել Ազատության հրապարակ և արդարացի պահանջներ են ներկայացնում իշխանություններին:
Երեկ ազատամարտիկներից մի քանիսին հանդիպել է վարչապետը: Պաշտոնական հաղորդագրությամբ` ազատամարտիկներին մտահոգում է հասարակության ոչ պատշաճ վերաբերմունքն իրենց նկատմամբ, «ինչը բարոյալքման ֆոն է ստեղծում»: Եվ հետո, ըստ այդ հաղորդագրության՝ լրագրողներն ինչ-որ բան այնպես չեն ներկայացնում` ազատամարտիկները ոչ թե բողոքում են, այլ հրավիրում են իշխանությունների ուշադրությունն Արցախյան ազատամարտին իրենց մասնակցությունն ունեցած անձանց ու նրանց ընտանիքների խնդիրներին:
Իշխանություններից ազատամարտիկներն ակնկալում են նաև օրենսդրական փոփոխություններ, տոնացույցում` Ազատամարտիկի օր: Եվ վատ չէր լինի, եթե հիմնվեր ազատամարտիկներին նվիրված թանգարան:
Վստահ եմ, որ լրացուցիչ մեկ ազատ օրը նաև իշխանությունների սրտով է: Թանգարանի համար էլ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին միայն պետք է ասել. Հանրապետության հրապարակի գողտրիկ մի անկյունում դա կազմակերպելը պիտի որ խնդիր չլինի:
Իսկ զեղչերն ու որոշ արտոնությունները լրիվ հասկանալի պահանջներ են: Եվ, ամենակարևորը, արդար:
Արդարության հանդեպ պահանջը հատկապես սրվում է, երբ մարդը հայտնվում է էքստրեմալ վիճակում, ուր կյանքի ու մահվան եզրագծին է: Կյանքն ամեն րոպե կորցնելու վտանգը ստիպում է վերագնահատել արժեքները. այն, ինչ կարևոր էր թվում, դառնում է անարժեք, այն, ինչ երկրորդական էր թվում, դառնում է առաջնահերթ: Նյութական արժեքները կորցնում են իրենց գինը` կյանքի հետ համեմատելիս:
Պատերազմից հետո` ապրելով ընկերների մահը, անելանելի իրավիճակներում պատահականորեն ողջ մնալուց հետո՝ նրանք վերադառնում են քաղաքացիական կյանք: Եվ ակնկալում իրենց կրած բարոյական, ֆիզիկական զրկանքներին համարժեք փոխհատուցում: Պետությունը սահմանում է որոշ արտոնություններ: Սակայն դրանք սիմվոլիկ են և ավելի շուտ նվաստացուցիչ են:
Պատերազմն անցած հազարավոր այդ տղամարդիկ խաղաղ կյանքում իրենց ներկայությամբ պիտի որ իշխանությունների համար զսպող դեր ունենային: Նրանք պիտի հաղթանակը հավասար բաշխեին բոլորի միջև` որպես համընդհանուր ձեռքբերում:
Այդպես չեղավ:
Հաղթանակն անգամ ազատամարտիկներն իրար մեջ չկարողացան ճիշտ բաշխել. դափնիները հասան մի քանի գեներալի: Մյուսները մնացին խաղից դուրս:
Ղարաբաղյան պատերազմի թեման տաբու է դրել մի շարք խնդիրների վրա: Դժվար է իրավունք վերապահել քեզ և ասել, որ ազատամարտիկների մեծ բանակը` 20 000 տղամարդը, սոցիալական կոնկրետ խնդիրներից, զեղչերից ու անհրաժեշտ արտոնություններից բացի` պիտի որ բարձրացներ այլ խնդիրներ: Այդ ուժեղ, պատերազմում հաղթած տղամարդկանց մեծ բանակը չպիտի թույլ տար իրենց կյանքի, երիտասարդության, ժամանակից շուտ ծերանալու գնով ձեռք բերված խաղաղությունն այնքան արժեզրկել: Չպիտի թույլ տար, որ խաղաղությունն այնքան չգնահատվեր, որ այդ խաղաղությունից իրենց հայրենակիցները զանգվածաբար փախչեին:
Երեկ Ազատության հրապարակում մի խումբ ազատամարտիկներ վերսկսեցին նստացույցը` պահանջելով ուշադրություն դարձնել իրենց ընտանիքների անդամների սոցիալական խնդիրներին: Տեղ կհասնե՞ն նրանց պահանջները: Փոքրիկ այդ խումբը տպավորիչ է բարձրացրած խնդիրների սրությամբ, սակայն իշխանությունների վերաբերմունքն ազատամարտիկների նոսր շարքի հանդեպ արդեն ակնհայտ է. լրագրողներից մեկին ազատամարտիկները դժգոհել էին, թե նախորդ նստացույցից հետո իրենց ընդամենը 10.000 դրամ պարգևավճար են տվել:
«Ազատամարտիկ» եզրը պետությանն առանձնապես ոչինչ չի պարտավորեցնում, եթե այդ բառի կողքին չկա մեկ այլ կարևոր բառ` «զոհված»: Զոհված ազատամարտիկներն առանձնապես խստապահանջ չեն. առիթից առիթ` ծաղկեպսակներ, հայրենասիրական կրակոտ ելույթներ` նրանց շիրիմներին: Ապա պաշտոնյաներն արագ նստում են իրենց սպասող ավտոմեքենաներն ու սլանում պետական ծառայության: Այս ամենը հիշեցնում է հայտնի երկխոսությունը` «Նույն այն Մյունհաուզենը» ֆիլմից.
– Ժամը 8-10-ը` սխրանք:
– Ինչպե՞ս դա հասկանալ:
– Դա նշանակում է` որ առավոտյան 8-10-ը նա (Մյունհաուզենը) ծրագրել է սխրանք կատարել: Դե, պարոն քաղաքագլուխ, ի՞նչ կասեք այն մարդու մասին, ով ամեն օր գնում է սխրանքի` ինչպես ծառայության:
– Ես ինքս էլ ծառայում եմ: Ամեն օր, առավոտյան, ժամը 9-ին ես պետք է գնամ քաղաքապետարան: Չեմ կարող ասել` դա սխրանք է, բայց դրանում ինչ-որ հերոսական բան, այնուամենայնիվ, կա: