35-55 տարեկան կանայք՝ ռիսկի խմբում․ որո՞նք են արգանդի պարանոցի քաղցկեղի առաջին նշանները
Արգանդի պարանոցի քաղցկեղն առաջանում է արգանդի վզիկի բջիջներում: Մեծ դեր են խաղում մարդու պապիլոմավիրուսի տարբեր շտամեր։ Հիվանդության, բուժման եղանակների մասին զրուցել ենք ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոգինեկոլոգիական բաժանմունքի բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ Արթուր Բոյաջյանի հետ։

– Ի՞նչն է հանդիսանում արգանդի պարանոցի քաղցկեղի զարգացման պատճառ։
– Արգանդի պարանոցի քաղցկեղն այն հիվանդությունն է, երբ սկսում են արգանդի պարանոցում զարգանալ, աճել կամ տարածվել ոչ նորմալ բջիջներ։ Զարգացման ընթացքում կանայք սկսում են գանգատվել ացիկլիկ արգանդային արյունահոսությունից, այսինքն՝ դաշտանից դուրս արյուն են տեսնում։ Լինում է նաև սեռական հարաբերության ժամանակ քսվող բնույթի կամ առատ բնույթի արյունային, դեղնավուն տհաճ հոտով արտադրություն։ Մի մասը բողոքում է՝ որովայնի ստորին հատվածի, մյուս մասը՝ գոտկային շրջանի ցավերից, իսկ երբ հիվանդությունն արդեն ավելի է զարգանում, այսինքն՝ սկսում է ուռուցքն աճել հարևան օրգանների վրա, որոնք են՝ միզապարկն ու ուղիղ աղիքը, արդեն գումարվում են նոր գանգատներ, սկսվում են արյունամիզություն, միզակապություն, դժվարամիզություն, ուղիղ աղիքային արյունահոսություն և դեֆեկացիայի խանգարումները։
Ասեմ, որ հիմնականում հիվանդանում են 35-55-տարեկան կանայք, սակայն 20 % դեպքերում 65-ից բարձր տարիք ունեցող կանայք նույնպես հիվանդանում են, և ավելի հազվադեպ՝ 20 տարեկանից ցածրերը։ Համաշխարհային առողջապահության կազմակերպության տվյալների հիման վրա տարեկան գրանցվում է մոտ 600․000 նոր դեպք, որից, ցավոք, 300․000-ն ունենում է մահացու ելք։ Հիմնական 90 %-ը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում է, իսկ 10 %-ը՝ զարգացած երկրներում։
Հայաստանի տվյալներով՝ մենք տարեկան մի փոքր նվազում ունենք, բայց, իհարկե, գոհացուցիչ չեն տվյալները․ ունենում ենք 250 նոր դեպք, այսինքն՝ 100․000 բնակչի հաշվով՝ 16 նոր դեպք։
– Իսկ տարիքային առումով։
– Հայաստանում ևս 35-50 տարեկանների սահմանում է հիմնականում։ Արգանդի պարանոցի քաղցկեղը եզակի ուռուցքներից է, որ կարելի է կանխարգելել և վաղ ախտորոշել։ Առաջացման պատճառների մեջ 90 %-ը հիմնականում մարդու պապիլոմավիրուսն է։ Մենք գիտենք, որ պապիլոմավիրուսն ունի բազմաթիվ՝ 100-ից ավելի շտամեր, մի մասը՝ օնկոգեն հատկություն ունի, մյուս մասը՝ ոչ։ Մենք ուշադրություն պետք է դարձնենք ամենաագրեսիվ, ամենաչար շտամերին, դրանք 16-ը և 18-ն են, կա նաև 31-ը, 33-ը, 35-ը և այլն։
Հիվանդության առաջացման պատճառների մեջ նաև մտնում է վաղ սեռական կյանքով ապրելը, բազմաթիվ սեռական զուգընկերներ ունենալը, վաղ մենարխեն, ուշ դաշտանադադարը, շաքարային դիաբետը, ծխելը, ժառանգականությունը և այլն։
– Հղիության արհեստական ընդհատումներն արգանդի պարանոցի քաղցկեղի զարգացման պատճառ դառնո՞ւմ են։
– Որոշ չափով կարող են նպաստել՝ զուտ մեխանիկական վնասվածքների հետևանքով, և, իհարկե, բերելով քրոնիկ բորբոքումների, որոնք չբուժելու հետևանքով ևս կարող է լինել։
– Պապիլոմավիրուսի առաջացման հիմնական «մեղավորներն» ովքե՞ր են, ինչպե՞ս է ի հայտ գալիս։
– Հիմնականում պապիլոմավիրուսն անցում է սեռական ճանապարհով, ուրիշ ձև հնարավոր չէ վարակվել։
– Եվ այն կանխելու համար ի՞նչ պետք է անեն։
– Եթե ունենք վիրուսային ծագում, լավագույնը կանխարգելումն է՝ պատվաստվելով։ Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը մի քանի տարի առաջ ծրագիր կազմեց, որը պետք է գործի մինչև 2030 թիվը։ Կազմված է 3 կետից։ Եթե մենք ասում ենք՝ 100․000 բնակչի հաշվով ունենք 16 նոր դեպք, պետք է նվազեցնենք՝ հասցնելով 4 և ավելի պակասի։ Կազմված է 3 կետից։ Առաջին կետն այն է, որ մինչև 15 տարեկան աղջիկների 90 %-ը պարտադիր պետք է պատվաստված լինի։ Երկրորդ՝ հատկապես 30-65 տարեկան կանանց գոնե 70 տոկոսը պետք է ընդգրկված լինի սքրինինգային հետազոտման ծրագրերում։ Եվ երրորդ՝ կանանց 90 %-ը, ովքեր ունեն արգանդի պարանոցի պաթոլոգիա, օրինակ՝ բորբոքումներ, դիսպլազիա, պետք է ենթարկվեն բուժման։
Մեր երկրում էլ այս տարի շատ լավ սքրինինգային ծրագիր են կազմել, կարելի է ասել, աշխարհի լավագույն ծրագիրն է լինելու․ 30-60 տարեկան կանայք պետք է ընդգրկվեն ծրագրի մեջ և պարտադիր բոլորը հանձնեն մարդու պապիլոմավիրուսի թեստ։ Չեն ընդգրկվելու այն կանայք, ովքեր վիրահատված են, և նրանք, որոնց մոտ արդեն ախտորոշվել է արգանդի պարանոցի քաղցկեղ։ Եվ չեն ընդգրկվելու այն աղջիկները, ովքեր առայժմ սեռական կյանքով չեն ապրել։
Եթե թեստ հանձնեն ու այն բացասական լինի, այսինքն՝ մարդը վիրուսակիր չլինի, այս դեպքում հաջորդ հետազոտությունը կատարվելու է 5 տարի հետո։ Եթե անձը վիրուսակիր է, ապա պարտադիր պետք է կատարվի կոլոպոսկոպիա։ Եթե արգանդի պարանոցին անհանգիստ հատվածներ կան՝ նմուշ են վերցնում, ուղարկում հյուսվածքաբանական հետազոտության։ Եթե պատասխանը բացասական կլինի, ապա հաջորդ տարի կինը պետք է հանձնի ՊՇՌ թեստ, իսկ խնդրի դեպքում կուղղորդվի մասնագիտացված կենտրոն՝ բուժում ստանալու համար։ Որոշ եվրոպական երկրներ արդեն 100․000 բնակչի հաշվով ունենում են հիվանդացության մեկ դեպք։

– Դեպքերն այլ երկրներում նվազել են նաև պատվաստմա՞ն շնորհիվ։
– Այո։ Մինչև 15 տարեկան կանանց 90 տոկոսը պետք է պատվաստված լինի։ Եթե անձը 25 տարեկանից փոքր է, ապա երկու դեղաչափ է պահանջվում պատվաստման համար, 25-ից բարձրի դեպքում՝ երեք։ Առաջին պատվաստումից հետո երկրորդ դեղաչափը ստանալու է 6 ամիս հետո, քանի որ մինչև 25 տարեկանների մոտ իմունիտետն ավելի բարձր է։ Մյուսների դեպքում երկրորդ պատվաստումը կատարվելու է առաջինից 2 ամիս հետո, երրորդը՝ առաջին պատվաստումից 6 ամիս հետո։
Անպտղության մասին խոսակցությունները միֆեր են։ Ցանկացած դեղորայքի կողմնակի ազդեցությունները մանրամասն գրված են։ Ամենավտանգավորը հիմնականում անաֆիլակտիկ շոկն է, երբ կարող ենք առողջ մարդուն կորցնել։ Բայց 1․5 միլիոն սրսկումից մեկ հոգու մոտ է լինում, կարելի է ասել՝ կողմնակի ազդեցություն չկա։
– Կա՞ն երկրներ, որ պատվաստումների շնորհիվ ազատվել են այս խնդրից։
– Այո, եվրոպական որոշ երկրներ, հատկապես Ֆինլանդիան 100.000 բնակչի հաշվով 1 դեպք է ունենում։
– Նրանք, ովքեր սեռական կյանքով են ապրում, կարո՞ղ են պատվաստվել։
– Այո, թեկուզև վիրուսակիր լինեն՝ կարող են պատվաստվել, քանի որ պապիլոմավիրուսը բազմաթիվ շտամեր ունի։ Կարող է վիրուսակիր լինեն որոշ շտամերով, որոնք առայժմ քաղցկեղ չեն առաջացնում։ Հիմնականում պատվաստանյութը օնկոգեն՝ 16, 18 շտամերի համար է և կապ չունի՝ սեռական կյանքով ապրե՞լ են, թե՞ ոչ։
– Արգանդի պարանոցի քաղցկեղը սկսվում է արգանդի էրոզիաների՞ց։
– Կան նախաքաղցկեղային հիվանդություններ, որոնցից է դիսպլազիան, որն ունի երեք աստիճան՝ թեթև, միջին, ծանր։ Երբ ՊԱՊ թեստով հայտնաբերում ենք, որ տվյալ անձն ունի առաջին աստիճանի դիսպլազիա, հսկողության տակ ենք պահում և կարող է ոչ մի բուժում չնշանակենք, եթե կողմնակի որևէ խնդիր չունենք, և 6 ամիս հետո նորից կրկնենք բջջաբանական հետազոտությունը։
2-րդ աստիճանի դիսպլազիայի դեպքում արդեն նշանակում ենք հակաբորբոքային, համապատասխան դեղորայքային բուժում, որից հետո կրկնում ենք ՊԱՊ թեստը, որ նայենք՝ արդյոք մեր 2-րդ աստիճանի դիսպլազիան վերացե՞լ է։ Իսկ 3-րդ աստիճանի դիսպլազիայի կամ «ծանր դիսպլազիայի», հիմա նաև ասում են՝ արգանդի պարանոցի քաղցկեղի զրո փուլի դեպքում կարելի է կատարել արգանդի պարանոցի ամպուտացիա, այսինքն՝ պարանոցի մի մասը հեռացնում ենք, ուղարկում հյուսվածքաբանական քննության, որից հետո հասկանում ենք՝ պետք է բուժո՞ւմ, թե՞ հսկողություն։
Իսկ արդեն բուն քաղցկեղի 4 փուլ կա։ Վիրահատական բուժում կատարվում է առաջին փուլում և երկրորդի որոշ ենթափուլերում։ Սա մի քիչ բարդ վիրահատություն է․ հեռացնում ենք արգանդի մարմինը, պարանոցը, արգանդափողերը, ձվարանները և հեշտոցի 50 տոկոսը։ Պարտադիր պետք է հեռացվեն նաև կոնքի ավշային հանգույցները։ Իսկ 3-րդ, 4-րդ փուլերում, ցավոք, վիրահատություն կատարել հնարավոր չէ, հիմնականում քիմիաճառագայթային բուժում է լինելու։
– Արգանդի պարանոցի քաղցկեղն ունի՞ տեսակներ։
– Հիմնականը տափակ բջջային քաղցկեղն է, և ավելի քիչ հանդիպողը՝ ադենոկարցինոման։
– Ծխելը հանգեցնո՞ւմ է տափակ բջջային քաղցկեղի զարգացման։
– Այո, նպաստում է։
– Ի՞նչ պարբերականությամբ կանայք պետք է հետազոտվեն, և որո՞նք են հետազոտման մեթոդները։
– Այսօր ունենք ժամանակակից հետազոտման մեթոդները, որոնք թույլ են տալիս հստակ ախտորոշել և նաև որոշել հիվանդության տարածվածության աստիճանը, և ըստ այդմ մենք կարող ենք որոշել բուժման ճիշտ տակտիկան։ Հիմնական հետազոտման մեթոդներն են՝ կոլոնոսկոպիան, ՊԱՊ թեստը, իմունոմորֆոլոգիական, ուլտրաձայնային հետազոտությունը, տրանսվագինալ սոնոգրաֆիան, ԿՏ, ՄՌՏ։
– Խոսեցիք նախաքաղցկեղային փուլի մասին․ քանի՞ տարի է տևում, այսինքն՝ կարո՞ղ են շուտ բացահայտել և բուժվել։
– Իհարկե, արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման համար ամենաքիչը երևի 7-8 տարի է պահանջվում։ Դեպքեր կան, որ շուտ են դիմում, դեպքեր կան՝ շատ ուշ, երբ արդեն 3-րդ կամ 4-րդ փուլն է և հիմնականում գանգատվում են միզակապությունից, միզարձակման խանգարումից, արյունամիզությունից։ Որոշ հետազոտություններ կատարելուց հետո արդեն ուղարկում ենք ճառագայթային բուժման և քիմիոթերապիայի։
