«Արցախում մնացած վերջին հայերը գերու կարգավիճակում են պահվել՝ ազատ տեղաշարժի հնարավորությունից զրկված». Մետաքսե Հակոբյան
Հունվարի 23-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ մինչ այժմ Արցախում բնակվող 10 հայեր և ազգությամբ մեկ ռուս՝ ՀՀ քաղաքացիությամբ, դիմել են Ադրբեջանի և Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։
2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Արցախում մնացած վերջին հայ բնակիչներն Ադրբեջանի կողմից տեղահանվեցին։
10 հայերի մասին հատուկենտ տեղեկություններ են հայտնի, դրանք մեծ մասամբ հիմնված են ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութերի վրա, որոնցում ադրբեջանցիներն այս հայերի միջոցով ուզում են ցույց տալ, թե օկուպացված Ստեփանակերտում մնացած հայերն ինչ «լավ ու անվտանգ» են իրենց զգում։ Արցախահայերն արդեն լավ պատկերացնում են, թե ինչու 2,5 տարի անց այս անձինք դուրս եկան Արցախից։
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք տեղեկություն ունի՞ Արցախի տեղահանված վերջին բնակիչների մասին, այս պահին նրանք որտե՞ղ են գտնվում։
Ի պատասխան՝ նա ասաց, որ ՀՀ գերատեսչություններից որևէ մեկն իրենց որևէ բան չի ասել, ավելին՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախում մնացած մի քանի հայերի վերաբերյալ իրենց որևէ գերատեսչություն որևէ տեղեկատվություն չի տվել։
«Մենք մեր ջանքերով ենք փորձել որևէ ինֆորմացիա գտնել։ Այն անձինք, ովքեր տեղահանությունից հետո մնացել էին Արցախում, սակայն որոշ ժամանակ անց վերադարձան Հայաստան, նրանց հետ զրույցներում կարողացանք ճշտել, որ Արցախում ի սկզբանե մոտ 50 արցախցի է մնացել, նրանց մի մասն աստիճանաբար վերադարձավ Հայաստան, մնացել էր մեկ տասնյակը։
Պարզեցինք, որ մնացող այս անձանց գերու կարգավիճակում են պահել այնտեղ, ազատ տեղաշարժի հնարավորությունից բացարձակապես զրկված են եղել։ Նրանց բաժանել են սննդի կտրոններ, որոնց դիմաց սնունդ են ստացել։ Նրանց ադրբեջանական որոշակի գումար են տվել, որն ազատ չեն կարողացել օգտագործել, կարողացել են միայն շրջիկ մեքենաներից գնումներ անել։ Այս անձանց պահել են Ստեփանակերտի «Դղյակ» հյուրանոցում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մետաքսե Հակոբյանը։
Նա հայտնեց, որ Արցախից տեղահանված վերջին 10 անձինք հիմնականում միայնակ ապրող մարդիկ են եղել, քչերն են ունեցել հարազատներ, որոնք 2023 թվականին բռնի տեղահանվել են և եկել Հայաստան։ Նրանք ուղղակի չեն լսել իրենց հարազատների հորդորներն ու դուրս չեն եկել Արցախից, մնացել են իրենց տներում։
«Այս տարեց անձինք ունեին տարբեր առողջական խնդիրներ, այդ թվում՝ հոգեկան առողջության հետ կապված։ Արցախահայերի հետ հանդիպումների ժամանակ միշտ փորձել ենք այս անձանց մասին ամեն ինչ ճշտել՝ անուններից մինչև ապրելու վայրը, նրանց մասին տեղեկատվությունը շատ քիչ էր։ Այս անձանց մեջ, իհարկե, կային մարդիկ, որոնց մենք ճանաչում էինք, տեղեկացանք նաև, որ այդ անձանցից մեկը չի էլ ցանկացել գալ։
Հստակ տեղեկություն չենք կարողացել իմանալ, քանի որ նույնիսկ այն անձինք, որոնք ունեն քիչ հարազատներ, նրանց հարազատներն էլ նախապես չեն իմացել, որ այդ անձանց բերելու են»,- հավելեց Մետաքսե Հակոբյանը։
Պատգամավորը փոխանցեց նաև, որ չգիտեն՝ այդ անձինք այս պահին որտեղ են, միայն Արցախի ՄԻՊ-ը կարող էր ճշտել, սակայն վերջինս էլ որևէ տեղեկատվություն չունի։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի ու նրա խաղաղ բնակչության վրա, իսկ դրանից առաջ նա 9 ամիս Արցախը պահել էր տոտալ շրջափակման մեջ։ Մեկօրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանն օկուպացրեց Արցախն ամբողջությամբ և ցեղասպանության վտանգի ներքո բռնի տեղահանեց արցախահայերին։
