ԵՄ-Հնդկաստան համագործակցության խորացումը՝ հնարավորություն Հարավային Կովկասում թուրք-ադրբեջանական մենաշնորհի դեմ
Հնդկաստանը և Եվրամիությունը ստորագրել են փաստաթուղթ անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության մասին։ «Նյու Դելիում ակնկալում են, որ դա թույլ կտա ընդլայնել համատեղ պաշտպանական արտադրությունը»,- հայտնել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։
Ըստ Մոդիի՝ գործընկերությունը կամրապնդի համագործակցությունը մի շարք ոլորտներում, ինչը կհաստատի Հնդկաստանի ու ԵՄ-ի հավատարմությունը միջազգային կարգին՝ հիմնված կանոնների վրա, թույլ կտա ընդլայնել համագործակցության մասշտաբները Հնդկա-Խաղաօվկիանոսյան տարածաշրջանում և նոր հնարավորություններ կստեղծի պաշտպանական ընկերությունների համատեղ արտադրության համար։
Մոդին նշել է, որ աշխարհում անկայունության ֆոնին ԵՄ և Հնդկաստանի գործընկերությունը կարող է «կայունացնող գործոն դառնալ միջազգային համակարգում»։ «Բազմակողմ դիվանագիտության և միջազգային նորմերի հարգումը մեր ընդհանուր առաջնահերթությունն է։ Երկկողմ հարաբերություններում երբեմն գալիս է պահ, երբ պատմությունն ինքն է ասում, որ դա պատմական պահ էր, ժամանակ, երբ նոր դարաշրջան է սկսվում։ Այսօրվա պատմական գագաթնաժողովը այդ շրջադարձային պահն է»,- ավելացրել է Մոդին։
Հնդկաստանը և ԵՄ-ն ստորագրել են քաղաքական հռչակագիր ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտելու մասին։ Մոդիի խոսքով՝ համաձայնագիրը ոչ միայն խթան կհանդիսանա փոխադարձ ներդրումների համար, այլև կամրացնի մատակարարումների շղթաները գլոբալ մակարդակով։ Ի դեպ, Նյու Դելին և Բրյուսելը բանակցություններ են վարել ազատ առևտրի մասին մոտ 20 տարի։ Համաձայնագիրն առայժմ պաշտոնապես չի ստորագրվել, այն պետք է համաձայնեցվի՝ ինչպես ԵՄ, այնպես էլ՝ Հնդկաստանի ներսում։
ԵՄ-Հնդկաստան ազատ առևտրի համաձայնագիրը միայն տնտեսական փաստաթուղթ չէ, այլ աշխարհաքաղաքական առանցքային նոր հանգրվան։ ԵՄ-ն, ըստ էության, փորձում է ինստիտուցիոնալ կերպով ամրապնդել իր ներկայությունը Հնդկաստանում՝ Չինաստանի ազդեցության աճի, ինչպես նաև Մերձավոր Արևելք-Կովկաս հաղորդակցային ենթակառուցվածքների վերաձևավորման պայմաններում։ Այս գործընթացն անուղղակի, բայց հնարավորություններ է ստեղծում նաև Հայաստանի Հանրապետության համար։
Ակնհայտ է, որ Հնդկաստան-ԵՄ առևտրի ակտիվացումն օբյեկտիվորեն բարձրացնում է Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա և դրան հարակից այլընտրանքային երթուղիների արժեքը։ Եթե Թուրքիան և Ադրբեջանը փորձում են առաջ մղել հաղորդակցություններ, որոնք բավարարում են միայն իրենց շահերին, ապա Հնդկաստան-ԵՄ այս համագործակցությունը հնարավորություն է տալիս Հայաստանին զարգացնել ՀՀ շահերից բխող պրոյեկտներ։ Բնականաբար, ՀՀ-ի համար օրակարգային է դառնում «Հյուսիս–Հարավ» նախագիծը՝ որպես ԵՄ-Հնդկաստան շղթայի պոտենցիալ օղակ։ Սա հնարավորություն է՝ ճեղքել ռեգիոնում թուրք-ադրբեջանական ազդեցության խորացող մենաշնորհը։ ԵՄ-Հնդկաստան մերձեցումը թուլացնում է տարածաշրջանային մեկ կամ երկու ազդեցիկ խաղացողի տրամաբանությունը։
Վրացի վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլիի գնահատմամբ՝ սա Հարավային Կովկասի համար նոր հնարավորություն է։ Նրա խոսքով, Վրաստանը որոշակի առումով արդեն ինտեգրված է ԵՄ տնտեսական և տրանսպորտային ճարտարապետության մեջ, թեև ներկայումս պասիվ քաղաքական հարաբերությունները սառեցրել են առաջընթացը։ Սակայն, նրա խոսքով, Սև ծովի նավահանգիստները, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հաղորդակցական ենթակառուցվածքները, ԵՄ-ի հետ կապը ստեղծում են հնարավորություն օգտվելու ԵՄ-Հնդկաստան հեռանկարներից, որտեղ Հայաստանը, Վրաստանը կարող են տարանցիկ դեր ստանձնել։ «Հայաստանը պահպանում է կենսական կապն Իրանի հետ։ Սա թույլ է տալիս նրան ներկայանալ՝ որպես այլընտրանքային և քաղաքականապես ավելի հավասարակշռված երթուղի ԵՄ–Հնդկաստան շղթայում»,- ասաց Կախա Գոգոլաշվիլին։
Նրա կարծիքով, սակայն, այս փուլում ԵՄ-ի հետ հարաբերությունների խիստ բացասական ֆոնը բարդացնում է այս օրակարգը Վրաստանի համար։
Նշենք, որ հնարավորություններն ավտոմատ չեն, այլ կաշխատեն այն դեպքում, եթե Հայաստանը հանդես գա ոչ թե որպես գործընթացների օբյեկտ, այլ նախաձեռնող սուբյեկտ, որը հստակ դիրքավորում կունենա ԵՄ–Հնդկաստան տնտեսական ճարտարապետության մեջ, ակտիվ դիվանագիտություն Բրյուսելում և Նյու Դելիում և սեփական տարածքային և հաղորդակցական օրակարգի պաշտպանություն թուրք-ադրբեջանական պարտադրանքներից, ինչը ՀՀ ներկայիս իշխանությունների պարագայում դժվար պատկերացնելի խնդիր է։
Բնականաբար, ԵՄ–Հնդկաստան քաղաքական հռչակագիրը Հայաստանի համար ուղիղ լուծում չէ, բայց այն հնարավորության պատուհան է՝ տնտեսական դիվերսիֆիկացիայի, աշխարհաքաղաքական մանևրի և թուրք-ադրբեջանական ազդեցության հարաբերական հավասարակշռման համար։
Սակայն հարցն այն է՝ արդյոք կկարողանա՞ Հայաստանն այդ պատուհանը բացել, թե՞ ոչ։
