«Աստծուց միայն մեկ բան եմ խնդրում». Կամարիսում 6 անչափահաս երեխաները ծնողների հետ ապրում են գոմին կից փոքր կառույցում. ունեն օգնության կարիք

Մկրտիչ Մարգարյանի բազմանդամ ընտանիքը բնակվում է Կոտայքի մարզի Կամարիս գյուղում։ 6 անչափահաս երեխաները՝ 3 տղա և 3 աղջիկ, Մկրտիչ Մարգարյանն ու կինն ապրում են երկու գոմերին կից մի կառույցում՝ այն տուն անվանել չեն կարող, քանի որ այդ «կառույցի» ներսում տարրական պայմաններ չկան։ Գոմից գրեթե ոչնչով չտարբերվող այս կառույցում կա 2 մահճակալ, մի քանի աթոռ, փոքրիկ սեղան, կիսախարխուլ մի պահարան, և վերջ։

52-ամյա Մկրտիչ Մարգարյանը նախկինում տուն ունեցել է, սակայն հարազատների պատճառով այն կորցրել է՝ հոր մահից հետո հարազատներն այն վաճառել են։ 2021 թվականին աշխատելու նպատակով տեղափոխվել է Կամարիս գյուղ, աշխատել է երկու գոմերում, կարողացել է ապահովել ընտանիքի հացը, սակայն որոշ ժամանակ անց ֆերմերը որոշել է վաճառել անասուններին, ինչի արդյունքում Մկրտիչը մնացել է առանց աշխատանքի։

«2021 թվականի սեպտեմբերի 1-ից այս կառույցում եմ բնակվում՝ ընտանիքիս հետ միասին։ Այստեղ ի սկզբանե ես եկել եմ աշխատելու համար, 2 հսկայական գոմ է  եղել, միայնակ աշխատել եմ, գումարը ստացել եմ, երեխաներիս ապահովել եմ։ Ճիշտ է՝ տունս փոքր է եղել, բայց նորմալ պահել եմ։ Ես այնպես եմ աշխատել, որ այն, ինչ ես չեմ ունեցել, կարողանամ ապահովել գոնե իմ երեխաների համար։

Կարդացեք նաև

Այս կառույցը, որտեղ բնակվում ենք՝ ունի 6 մետր երկարություն, 2,5 մետր լայնությունն, 8 հոգով այս սենյակում ենք ապրում։ Այստեղ տարրական որևէ պայման չկա, այստեղ էլ վարձով ենք ապրում՝ 20.000 դրամ ենք վճարում։ Բայց այդ 20.000 դրամն էլ չկա, որ վճարենք՝ արդեն 1 տարի 7 ամիս։ Ես այս կառույցի սեփականատիրոջն իրավիճակը բացատրել եմ, ասել եմ՝ այս պահին չեմ կարող տալ, քանի որ երեխաների նպաստն էլ են կտրել, հավանաբար հասկացավ մեր վիճակը։ Նպաստը դեկտեմբերին չենք ստացել, դե գիտեք, այնպես է, որ ամեն տարի պետք է փաստաթղթերը թարմացնենք, բայց իմ ու կնոջս ID-ի քարտերի ժամկետը լրացել էր։ Դե, սոցապ բաժին գնացինք, այդ մասին տեղյակ պահեցինք, դեկտեմբերի 16-ին Եղվարդից մեր ID-ները վերցրեցինք ու տարանք սոցապ բաժին։

Մեզ ասացին, որ այս ամիս մերժվել է, թե ինչ կլինի հաջորդ ամիս՝ ասացին, որ չեն կարող ասել։ Երեկ էլ է կինս գնացել, սոցապ բաժնի աշխատակիցն ասել է, որ հասկանում է մեր վիճակը, բայց այս պահին որևէ բան չեն կարող ասել ու անել։ Սոցապ նախարարությանը դիմում ենք գրել, տեսնենք՝ ինչ կպատասխանեն»,- 168.amի հետ զրույցում ասաց Մկրտիչ Մարգարյանը։

Նա նշեց, որ արդեն 5 տարի է՝ ապրում են Կամարիսում, որևէ մեկն իր կամ իր ընտանիքի կողմից որևէ վատ արարք չի տեսել։ Ասում է՝ դրկիցներն իրեն շատ են հարգում, ինքն էլ դրկիցներին է հարգում, բայց որևէ մեկն իրեն չի կարող օգնել։

«Համայնքապետարանը, քաղաքապետարանը, գյուղապետարանն էլ մեզ չեն կարող օգնել։ Միայն այս տարի է, որ համայնքապետարանը մի քանի կուբ փայտ է տվել մեզ՝ որպես անապահով ընտանիքի։

Այս կառույցում ո՛չ բաղնիք կա, ո՛չ զուգարան։ Փոքր տղաս 1 տարեկան է, մեծը՝ 10, ձմռանը ջուրը տաքացնում ենք, հենց ներսում լողացնում, ամռանն էլ՝ դրսում ենք լողացնում։ Ինքս այս վիճակից առողջական խնդիրներ եմ ձեռք բերել, բայց այս պահին էլ աշխատանք լինի՝ կանեմ։ Կինս, դե, չի կարող աշխատել, որովհետև երեխաները փոքր են, նրանց պետք է ուշադիր լինի»,- նշեց մեր զրուցակիցը։

52-ամյա տղամարդն ուրախությամբ շեշտեց, որ գյուղի խանութների հետ խնդիր չունի, գիշերվա որ ժամին էլ գնա՝ խանութպանները երեխաների համար հացն էլ կտան, կաթն էլ։

«Երբ էլ գնամ, խանութպանները չեն մերժում՝ հացը պարտքով տալիս են, մինչև նոյեմբեր, ամեն ամիս երբ նպաստը ստացել եմ՝ տարել առաջինն իրենց գումարն եմ տվել, այսինքն՝ «երեսատեղ» թողել եմ, չեմ ուշացրել գումարը։ Ես Աստվածավախ մարդ եմ, ես չեմ կարող խաբել, դրա համար հանգիստ ամեն ինչ տալիս են։ Բայց հիմա խնդիրն այն է, թե այդ մարդկանց գումարը որտեղի՞ց եմ տալիս, եթե այս ամիս էլ նպաստը չստացա, չգիտեմ՝ ինչ եմ անելու։ Մարդ կա՝ մի երեխա չունի, Աստված ինձ 6-ն է տվել, հիմա ես ինչպե՞ս շնորհակալ չլինեմ, բայց մեծ է ցավս, որ այս պահին իմ երեխաներին չեմ կարողանում պատշաճ ապահովել ամեն ինչով։

Հիմա ես Աստծուց միայն մեկ բան եմ խնդրում, մի դոմիկ, մեկ էլ՝ մի փոքր աշխատանք, մնացածը ես կանեմ։ Այս կառույցի տերն ասել է՝ երբ դոմիկ լինի, տարածք կտա։ Մարդն ասում է՝ «Մուկուչ ջան, երբ դոմիկ ունենաս, բեր դիր ու ինչքան ուզես՝ ապրի»»,- հավելեց մեր զրուցակիցը։

Մկրտիչ Մնացականյանը նաև մեկ բանի մասին է երազում՝ երեխաները կուշտ փորով ու առողջ իրենց գլուխը բարձին դնեն։ Ասում է, որ ամեն ինչ արել է, որպեսզի երեխաները դպրոցից հետ չընկնեն, մեծ աղջկան՝ Լիանային, 1 տարի ուշացումով է դպրոց ուղարկել, մտածել է, որ հիմնական բնակվելու համար այլ վայր կտեղափոխվեն՝ մի այլ գյուղ, և այնտեղ կուղարկի դպրոց։ Սակայն կորցնելով աշխատանքը և մնալով Կամարիսում, ստիպված է եղել 1 տարի անց ուղարկել դպրոց։

«Երեխաներս դպրոցում լավ են սովորում։ Ինչ ասեմ՝ մեկ-մեկ ինձանից ձեռք եմ քաշում, բայց որ ինձանից ձեռք քաշեմ, իմ երեխաներն ո՞ւմ բռին նայեն»,- հուսահատ ասաց Մկրտիչ Մարգարյանը։

Տեսանյութեր

Լրահոս