Գերմանիայում նախկին CDU պատգամավորը դատապարտվել է Ադրբեջանից 100.000 եվրո կաշառք ստանալու համար

Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավոր, Քրիստոնեադեմոկրատական կուսակցության (CDU) անդամ Աքսել Ֆիշերը Մյունխենի Վերին երկրամասային դատարանի կողմից դատապարտվել է կոռուպցիայի համար։ Դատարանը հաստատել է, որ նա 2011-2016 թվականներին Ադրբեջանից ստացել է ավելի քան 100 հազար եվրո և դրա դիմաց Եվրոպայի խորհրդում գործել է Բաքվի շահերին համապատասխան։ Այս մասին գրում է գերմանական «Spiegel» պարբերականը։

Նշվում է, որ սա առաջին դեպքն է Գերմանիայի իրավական պատմության մեջ, երբ Բունդեսթագի նախկին անդամը դատապարտվում է կաշառք ստանալու համար։ Ֆիշերին դատապարտվել է մեկ տարի և երկու ամիս պայմանական ազատազրկման, նրանից բռնագանձվել է 20.000 եվրո, և նա երկու տարով զրկվել է պասիվ ընտրական իրավունքից, ինչի հետևանքով կկորցնի նաև խորհրդարանական թոշակը։

Դատարանը մերժել է Ֆիշերի ներկայացրած բացատրությունները կանխիկ խոշոր մուտքերի վերաբերյալ՝ դրանք համարելով անհավաստի։ Գործում առանցքային ապացույց են համարվել ադրբեջանցի միջնորդ Մուսլում Մամադովի կազմած ցուցակները, որոնցում Ֆիշերի անունը նշված է կոնկրետ գումարների դիմաց, ապացույցները հայտնաբերվել են Բելգիայում իրականացված խուզարկության ընթացքում։

Դրանցում կաշառքների կազմակերպիչը մանրակրկիտ նշել է իր ծախսերը։ 2016 թվականի հունվարի նստաշրջանային շաբաթվա ծախսերի տակ նա նշել է Ֆիշերի անունը («Fişer» գրությամբ), որին հաջորդում է 20.000 թիվը։ Երկրորդ ցուցակում նշված են Ֆիշերին 2011 թվականի վերջում վճարված 5000 եվրոն և 2012 թվականի սկզբին վճարված 10.000 եվրոն։

Կարդացեք նաև

Մամադովի ցուցակներում ներառված են նաև այլ երկրների պատգամավորների անուններ՝ այդ թվում Իսպանիայից Պեդրո Ագրամունտը և Ժորդի Շուքլան, Մեծ Բրիտանիայից Մայք Հենքոքը, Ֆրանսիայից Թիերի Մարիանին և Իտալիայից Լուկա Վոլոնտեն։ Սա ցույց է տալիս կաշառակերության այս սկանդալի մասշտաբը։ Ֆիշերից բացի, այժմ արդեն մահացած CDU պատգամավոր Կարին Շտրենցը նույնպես եղել է Գերմանիայից «Ադրբեջանի բարեկամների» շարքում։ Անցյալ տարվա հուլիսին Մյունխենի Վերին երկրամասային դատարանը CSU նախկին պատգամավոր Էդուարդ Լինտներին դատապարտել է ինը ամսվա պայմանական ազատազրկման՝ կաշառքի համար։ Այդ դատավճիռը նույնպես դեռ վերջնական չէ։

Քաղաքականությունից հեռանալուց հետո Լինտները դարձել է Ադրբեջանի լոբբիստ և ստացել է միլիոնավոր գումարներ Ադրբեջանից։ Վերին երկրամասային դատարանի 6-րդ քրեական պալատը ապացուցված է համարել, որ Լինտները Ադրբեջանի անունից կաշառել է Կարին Շտրենցին։ Դրա դիմաց վերջինս Եվրոպայի խորհրդում առաջ է մղել Բաքվի ռեժիմի շահերը։

Դատավճիռը դեռ վերջնական չէ․ պաշտպանական կողմը պատրաստվում է այն բողոքարկել։ Գործը համարվում է եվրոպական կառույցներում Ադրբեջանի կողմից իրականացված համակարգային կաշառակերության ամենախոշոր բացահայտումներից մեկը։

Տեսանյութեր

Լրահոս