Սրանք մեր արժեքային համակարգի հետ քարկտիկ խաղալու այս ռեժիմի մանիպուլյատիվ փորձերն են, ոչ ավել․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ իշխանական մեծամասնության հաստատումով միայն տոնացույցին՝ որպես հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր ավելացած նոր հիշատակի օրը՝ հունվարի 27-ը, տարբեր շրջանակների վրդովմունքին է արժանացել․ միտում են տեսնում բանակի ծնունդից 1 օր առաջ օր ընտրելու խորհրդի մեջ, զոհված զինծառայողների հարազատներն էլ նշում են, թե այս օրն ընտրվել է սեպտեմբեր 27-ի ադրբեջանական հարձակումն ու պատերազմի մեկնարկը մոռացության տալու համար։
Սա չի խանգարել, որ կառավարության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այցելեն «Եռաբլուր»․ ի դեպ, նրանք հիշատակի ու տոների այլ առիթներով բավարարվում էին լավագույն դեպքում ծաղկեպսակներ ուղարկելով։
Պանթեոնում ավելի վաղ հավաքվել էին զոհվածների ծնողները․ ինչպես լրագրողներին փոխանցեց զոհված ժամկետային զինծառայող Արման Ազատյանի հայրը, ծնողները հավաքվել էին, որպեսզի չթողնեին՝ «Փաշինյանը պղծեր հերոսների շիրիմները»։
Նիկոլ Փաշինյանը ոչ մեկի չի մոտեցել, ծաղիկներ է դրել ու արագ հեռացել։
«Ես հասկանում են նաև զոհերի ծնողների էմոցիաները, երբ այս ռեժիմը փորձում է ստեղծել իրենց քիմքին, ճաշակին ու իրենց աղճատված հոգեկերտվածքին հարազատ իրականություն, բայց խորհուրդ կտամ այդքան ծանր չտանել ո՛չ սրանց Քաղաքացու տոնը, ո՛չ սրանց հորինած հիշատակի օրը, ո՛չ սրանց հորինած որևէ մանիպուլյատիվ կուտ, որովհետև այս ամենը ժամանակավոր է,- 168․am-ի հետ զրույցում օրվա մասին իր անդրադարձում նշեց քաղաքական գործիչ, իրավապաշտպան Նաիրա Զոհրաբյանը, ապա շեշտեց,- Սրանք մեր արժեքային համակարգի հետ քարկտիկ խաղալու այս ռեժիմի մանիպուլյատիվ փորձերն են, ոչ ավել»:
Քաղաքական գործիչն ապավինում է ժողովրդի հավաքական կամքին և հույս ունի, որ «աղետը հնարավոր է կանգնեցնել», հակառակ պարագայում՝ մենք մոտ ենք վիլայեթացման:
«Ես չեմ բացառում, որ այս ռեժիմի հորինած 4-րդ Հայաստանում հայկական պատվիրակությունները գնան Բաքու ու շեհիդների պուրակում հարգանքի տուրք մատուցեն հայերին մորթածներին»,- նշեց նա՝ արձանագրմամբ, որ այսօր «ռեժիմը» փորձում է խեղել մեր արժեքային համակարգը, խառնել հերոսների ու հակահերոսների տեղերը։
Ամեն դեպքում, Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է, որ առկա պրոցեսները կասեցնելու պարագայում, ինչի ժամանակը, ըստ նրա՝ քիչ է, գնահատականներ պետք է տրվեն այս ամենին, ու ավելին՝ տոնացույցում ավելացվի դավաճանության օրը։
