«Խնդրում-պահանջում եմ Արտակիս հիշատակը չխառնել այս օրվա հետ». զոհվածի մայր
Զոհվածի մայր Նաիրա Բալայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «1945 թվականի հունվարի 27-ի առավոտյան Օսվենցիմի և Բիրկենաուի ճամբարներում մնացել էր մոտ 7000 բանտարկյալ։ Մինչ այդ Օսվենցիմում սպանվել էր մեկ միլիոնից ավելի բանտարկյալ, այնինչ մահվան ճամբարներում ոչնչացված հրեաների ընդհանուր թիվը հասնում է վեց միլիոնի, այն հրեաների, որոնց սպանում էին միայն նրա համար, որ հրեա էին, ոչ թե ապրում էին նախապապերի հողում ու խանգարում էին այլոց նկրտումներին։
Եվրոպայի խորհուրդը շարունակեց Եվրոպայի կրթության նախարարների նախաձեռնությունը, որոնք 2002 թվականին առաջարկեցին հունվարի 27-ը սահմանել Հոլոքոստի զոհերի հիշատակի և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օր։
Ըստ էության` Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը ՄԱԿ-ի միջազգային օր է, որը նշվում է հունվարի 27-ին՝ խորհրդային զորքերի կողմից Օսվենցիմի նացիստական համակենտրոնացման ճամբարի ազատագրման օրը, և այն սահմանվել է 2005 թվականին։
Այդ պատճառով խնդրում-պահանջում եմ Արտակիս հիշատակը չխառնել այս օրվա հետ։
Իմ որդու սխրանքը ազգային-հայրենասիրական մեծագույն իմաստ ունի։
Ես այն երբեք չեմ շահարկում, երբեք նրա համար շքանշաններ չեմ մուրացել կամ գնել, արած գործը չեմ ուռճացրել, ատում եմ պաճուճանքներով իբր զարդարված֊աղճատված որդիների նկարների հրամցնելը համացանցում, և հետևաբար ցանկացած կեղծ բան խորթ է ինձ ու անընդունելի։
Ինչպես Արտակս չէր ընդունում կեղծը և քսու հեղինակությունների չէր հանդուրժում, այնպես էլ ես կեղծ բաները չեմ կարողանում ընդունել։
Հ.Գ. Իմ որդին չի ընկել, որ դուք, մենք ապրենք։ Իմ որդին բարձրացել է երկինք, որ ավելի լավ տեսնի` ինչ եք անում իր հայրենիքում»։
