ՆԻԿՈ՛Լ ՓԱՇԻՆՅԱՆ, ՁԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՍՊԻՏԱԿ ՓԱՐԹԻՆԵՐԻՆ  ՄԱՍՆԱԿՑՈՂ ՄԱՅՐԵՐԻ՞Ն ԵՍ ԼՍԵԼ… ԵՐԵԽԱ ՈՒՆԵՆԱ՞ԼՆ Է ՄԵՂՔ, ԹԵ՞ 5000 ԵՐԵԽԱ ԶՈՀԵԼԸ

«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն ու լրագրող, 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված զինծառայող Դավիթ Գևորգյանի մայրը՝ Ալիսա Գևորգյանն են։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Կարդացեք նաև

Էլինար Վարդանյան.– 60-ից ավելի մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում՝ պայմանավորված իրենց քաղաքական հայացքներով։ Քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանի կալանքը բոլորիս ամոթն է․ դա պատիժ է Լիդյայի, Բագրատ սրբազանի, բոլոր քաղբանտարկյալների, բոլորիս հանդեպ։ Լիդյայի նկատմամբ վրեժխնդրություն է իրականացվում։ Իր խոսքի ժամանակ Լիդյան ասաց՝ իրեն պատժում են բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի մասին ինֆորմացիայի տիրապետմամբ։ Երեկ արդեն Լիդյայի պաշտպանն ասաց՝ այդ պաշտոնյան ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն է։

Ալիսա Գևորգյան.– Միջադեպը հրահրվել է ակցիաներից մեկի ժամանակ․ տեսանյութը կա։ Դա տեղի է ունեցել Վահագն Ալեքսանյանի մոր հետ, ով Լիդյային շատ կոպիտ, վիրավորական արտահայտություններ է հասցնում, ինչին պատասխանում է Լիդյան։

Էլինար ՎարդանյանԼիդյայի կալանքը ոչ միայն երկարացրել են, այլև սահմանափակված են Լիդյայի տեսակցությունները։ Սա պատիժ է, անգամ մենք՝ պատգամավորներս, իրավունք չունենք տեսակցել նրան։ Սա պատիժ է գործով մեղադրյալ տղամարդկանց համար, ովքեր ասում են՝ բոլորիս փակե՛ք, միայն թե բա՛ց թողեք Լիդյային։ Լիդյայի կալանքը նաև նրանց արժանապատվությունը նսեմացնելու համար է։

Մենք կտեսնենք՝ ինչ է նորից հորինել դատավորը, բայց փաստը մնում է փաստ, որ այսօր մենք ունենք կին քաղբանտարկյալ, ու նրա նկատմամբ կիրառվում է պատիժ։

Ալիսա Գևորգյան.- Ես շատ ուզում եմ խոսել նաև քաղբանտարկյալ Մովսես Շարբաթյանի մասին, որի կալանքը նույնպես այդ օրը երկարացվեց։ Երեք անչափահաս երեխաների հայր է։ Վերջին տղայի ծնվելուց 40 օր հետո Մովսեսին տարան։ Կիրթ, իր հավատի հետևից գնացող, հայրենասեր անձնավորություն է, Մայր Աթոռի երգչախմբի բազմամյա ղեկավար Ռուբեն Շարբաթյանի որդին։ Լիդյայի ու Մովսեսի կալանքը բոլորիս խարանն է, բայց ես հավատում եմ, որ նրանք լինելու են այս պայքարի լուսավոր կետերը։ Մեր բարոյական ու հոգևոր ներուժն այսօր կենտրոնացած է դատարաններում։

Էլինար Վարդանյան.– Եթե որևէ քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) սկսում են տեղ ազատել, արդեն շրջանառվում են խոսակցություններ, թե հանրային գործիչներից ում են բերելու։ Ռեպրեսիվ մեքենան շարունակելու է գործել։

Սիրելի հայրենակիցներ, անկախ նրանից, որ «18 արդարների» գործով կալանավորվածներից շատերն արդեն տնային կալանքի ռեժիմում են, նրանք, այնուամենայնիվ, հորինած քրեական գործով գտնվում են մեղադրյալի կարգավիճակում, ու դատարանը շարունակելու է քննել ահաբեկչության միֆը։

Երբ դիմում ենք եվրոպական դեսպաններին, մեզ ասում են՝ ցույց տվեք մի միջազգային կազմակերպություն, որի զեկույցների մեջ գրված կլինի, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան։ Այո՛, նման զեկույցներ չկան, բայց դա նրանց ամոթն է։ Այսօր աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ հենց այս իշխանությունն է, որ իրենց ձեռք է տալիս, որովհետև ավելի տվող իշխանություն նրանք չեն էլ կարողանալու գտնել։ Բայց գալու են ժամանակներ, երբ միջազգային կազմակերպությունները գրելու են այսօրվա մասին։

Ալիսա Գևորգյան.Նժարի մի փոքր փոփոխության դեպքում նախկին տերերին ծառայողները շատ արագ իրենց կաշին փոխում են։ Բայց ես ուզում եմ հիշել քաղբանտարկյալ Տիգրան Գալստյանին, ով իր ոտքով մտավ դատարան ու կալանավայր, դուրս եկավ անվասայլակի վրա… Եվ շատերի խափանման միջոցը հենց առողջական վիճակով պայմանավորված է փոփոխվել։ Այս մարդիկ մինչև հիմա պատժվում են ջուր, իրենից ոչինչ չներկայացնող գործերով։ 

Էլինար Վարդանյան.- Ամենաամոթալին այն է, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովի ամբիոնն օգտագործեց կեղծ տեղեկություններ տարածելու համար, ու մինչ օրս ներողություն չի խնդրել։

Քննչական կոմիտեի ղեկավարն ԱԺ-ում ասում է՝ էդ գործում կա մի փաստաթուղթ, որի վրա ձեռքով գրված է՝ ահաբեկչության պլան։ Ես հետո խոսել եմ գործով ներգրավված բոլոր պաշտպանների հետ, և որևէ մեկը նման փաստաթուղթ գործում չի տեսել։ Ակնհայտ կեղծիք ու սուտ է տարածում, ու երբ աղմուկը բարձրացավ, արդյունքը եղավ այն, որ Բագրատ սրբազանին տարան հարցաքննության։ 

Ալիսա Գևորգյան.– Լիդյայի թեման մարսել չի կարելի։ Այս թեման անընդհատ պետք է պահել ուշադրության կենտրոնում, պարսավանքի ենթարկել բոլոր նրանց, ովքեր կապ ունեն սրա հետ։ Երբ գնում եմ դատավարությանը, տեսնում եմ՝ հանրային մեղադրողները չգիտեն՝ իրենց գլուխները, ամոթից կարմրած դեմքերը որտեղ թաքցնեն… Դատավորն ավելի կոփված է։ Նրանց բոլորին անընդհատ պետք է հիշեցնել՝ ովքեր են իրենք։ Ես չեմ հավատում, որ ազնիվ, շարունակական պայքարն արդյունք չտա։

Էլինար Վարդանյան.– Կան հարցեր, որի շուրջ բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը կարող են միավորվել, և քաղբանտարկյալների հարցը դրանցից մեկն է։

Դա եղել է մի գործուղման ընթացքում, դեռ մինչև Արցախը հանձնելը, երբ ես ՔՊ-ական պատգամավորներին ասում էի՝ Արցախը, պետությունը կորցնում ենք, ի՞նչ պատասխան եք տալու։ Նրանցից մեկը (Սիսակ Գաբրիելյանը,- հեղ.) ինձ ասաց՝ որ պետություն, պետականություն չլինի, ո՞ւմ առաջ ենք պատասխան տալու… Ու հետագայում ես հասկացա, որ իրենք բոլորն էլ այդպես են մտածում՝ նախ, մնանք իշխանության, որ պատասխան չտանք, բայց եթե հանկարծ գա այդ ժամանակը, այնպես անենք, որ չլինի պետություն, որ պատասխան էլ տանք։ Եվ հենց դրա համար են իրենք կառչած իրենց աթոռներից։

Ալիսա Գևորգյան.- Զոհերի ցուցակն ինչո՞ւ չեն հրապարակում․ միգուցե թիվը 5000-ից ավելի է, դրա համա՞ր չեն հրապարակում։ Կամ ի՞նչ է, անգամ եթե 4000 է, քի՞չ է։ Ես երբ գնում եմ դատարան, հույս ունեմ մի օր Նիկոլ Փաշինյանին տեսնել մեղադրյալի աթոռին։ Ես հարց ունեմ՝ եթե հիմա հայտարարում է, թե մեր զինվորներն ի՞նչ գործ ունեին ուրիշ երկրի տարածքում՝ նկատի ունենալով Արցախը, թող պատասխանի՝ մերև տղաներին ինչո՞ւ տարավ ուրիշ երկիր ու զոհեց։ Ես ամեն ինչ անելու եմ, որ տեսնեմ՝ ինքն ինչպես է այս հարցերին պատասխանում դատարանում։

Ինձ ամեն օր զարմացնում է ՔՊ-ական երիտասարդ մարդկանց մեջ կուտակված ատելության այդ ծավալը։

Այս ատելությունը հիմա մտել է Եկեղեցի։ Սա շատ վտանգավոր է։ Մեր հասարակության մեջ արդեն հոգևոր հողի վրա սպանություններ են տեղի ունենում։ Այն, ինչ իրականացվում է Եկեղեցու դեմ այսօր, Եկեղեցին պառակտելու, մարդկանց, քահանաներին իրար հետ թշնամացնելու համար է։ Եթե այս իշխանության մեջ դեռ կան ադեկվատ մարդիկ, պետք է կանխել սրա արյունոտ հետևանքները։ Տերարամիզմը շարունակվում է մյուս եկեղեցիներում։ Նախկին հոգևորական Տեր Արամ, Ստեփան Ասատրյան, դու Մաթևոսի Ավետարան չե՞ս կարդացել, չգիտե՞ս, որ եղբայրներիդ նկատմամբ մատնություն անել չի՛ կարելի, որ եթե եղբորդ հետ հարց ունես, գնա, խոսիր հետը, ոչ թե գնա Հ1 ու բամբասիր։ Հիմա էլ մյուսներին է ներքաշում։

 Էլինար Վարդանյան.– Եղել են նախկինում տարաձայնություններ, բայց երբեք մեր հասարակությունը չի ապրել ատելության այս ծավալի հետ։

Իրենց պետք է Եկեղեցին քանդել, որովհետև Եկեղեցին միակ կառույցն է, որը բարձրացնում է արցախցիների վերադարձի իրավունքի հարցը, միակն է, որը ՔՊ-ի քաղաքական գծից տարբերվող դիրքորոշում ու խոսույթ ունի։ 

Ալիսա Գևորգյան.- Իսկ Նիկոլ Փաշինյանը չի՞ լսել այն մայրերին, որոնց զավակները զոհվել են պատերազմը կանգնեցնելու առաջարկներն իր կողմից մերժելուց հետո, թե՞ միայն այն մայրերին է լսում, ովքեր իր մոտ աշխատանքի են անցել ու իրենց կազմակերպած սպիտակ փարթիներին են մասնակցումԼսո՞ւմ է այն մայրերին, որոնց զավակները Սև լճում այսօր անցնում են ադրբեջանցիների թրի տակով։ 

Էլինար Վարդանյան.– Իսկ ինքը մայրերին բացատրո՞ւմ է, որ բանակի ժամկետի կրճատման դեպքում իրենց տղաները դիրքերից իջնելու հնարավորություն չեն ունենալու։ Ինքը մանիպուլյացիայի արքան է, հիմա էլ ասում է՝ վաղարշապատցիներն են արտոնել Մայր Աթոռի վրա արշավը, իբր մայրերն են ուզում բանակի ժամկետի կրճատում… 

Ալիսա Գևորգյան.- Մարդու մեղքը երեխա ունենա՞լն է… Իսկ 5000 երեխու զոհելը մեղք չէ՞։ Նիկոլ Փաշինյանի ձեռքերն արյունոտ են, ու այդ արյունոտ ձեռքերով գնում է Եկեղեցու վրա՝ մեղադրելով, թե իբր հոգևորականները երեխա ունեն։ Վատագույն դեպքում երեխա է ծնվել ու ապրում է ոչ քո հաշվին։ Աստված տա՝ մի 10 տեղ էլ դու երեխեք ունենայիր, բայց քո պատճառով 5000 երեխա չզոհվեր։ Երեխայի ծնո՞ւնդն է մեծ մեղք, թե՞ հազարավոր երեխաների մահը։ Ինչքա՞ն ցինիկ պիտի լինես, որ նման բան ասես։ Թող բոլոր թեմերի քահանաները երեխաներ ունենային, միայն թե այդքան երեխա չզոհվեր։

Ես Վաղարշապատում իրենց ոգևորությունից հասկացա, որ անգամ իրենք չէին հավատում իրենց հաղթանակին։ 2018 թվականի ժողովուրդն արդեն չկա։

Էլինար Վարդանյան.- Հասարակության մի հատված 2018թ․ եղել է փողոցում, ու այսօր մարդիկ չեն կարողանում դուրս գալ այդ սթրեսից, որ իրենց պատճառով Արցախ ենք կորցրել։ Ու իրենք մեծ թիվ են կազմում։ 

Ալիսա Գևորգյան.- Եթե Լիդյա Մանթաշյանն ու մյուսներն ահաբեկչություն էին ուզում կազմակերպել, ուրեմն, Նիկոլ Փաշինյան, դուք արդեն ահաբեկիչ եք, որովհետև իրականացրել եք նրանց մտածածը։ Բա էդ հեղափոխական Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ կալանավայրում չէ։ Լիդյան ի՞նչ է արել։ Դուք եք պառկել ավտոբուսի տակ, կոտրել «Ռադիոտան» դուռն ու ներխուժել, դուք եք դագաղներով կենդանի մարդկանց թաղումներ արել 

Էլինար Վարդանյան.Արցախում կորուստ ունեցող մայրերն էլ էին մտածում, որ երբեք չեն թողնելու իրենց շիրիմները, բայց այս իշխանության կամքով հիմա իրենք չեն կարողանում այցելել իրենց շիրիմներին։ Արցախցիները, փառք Աստծո, գալու տեղ ունեին, մե՞նք ուր ենք գնալու։ 

Ալիսա Գևորգյան.Յուրաքանչյուր շարժում, թեկուզ, եթե այն ձախողվում է, արժանապատվությունը պահելու ճիգ է։ Կուզեի՝ նոր գործընթացներում հաշվի առնվեր երիտասարդների ձայնը։ Պետք է ամեն կերպ դուրս գալ հին ու նորի բախումից։

Տեսանյութեր

Լրահոս