Փաշինյանը խաբում է ուսուցիչներին
Դպրոցաշինության ու բանակաշինության ծրագրերը ձախողելուց հետո, Նիկոլ Փաշինյանը որոշել է ընտրություններից առաջ հիմա էլ զինվորականների ու մանկավարժների աշխատավարձերը շահարկման առարկա դարձնել։ Փորձում է տպավորություն ստեղծել, թե միայն իրենց աշխատավարձերը չէ, որ կրկնակի-եռակի բարձրացրել են։ Կտրուկ բարձրացրել են նաև զինվորականների ու ուսուցիչների աշխատավարձերը։
Ընդհուպ 700.000 դրամ և ավելի վաստակելու հնարավորություն են տվել։ Բայց ոչ բոլորն են ուզում օգտվել այդ առատաձեռնությունից ու 700.000 դրամ աշխատավարձ ստանալ։
Դժվար է պատկերացնել, իհարկե, որ կգտնվի որևէ զինվորական կամ ուսուցիչ, ով չի ուզենա շատ վաստակել։ Այլ հարց, թե դա ինչքանով է հնարավոր այն պահանջների պարագայում, որը պարտադրում է կառավարությունը։ Պահանջներ, որոնք հատուկ են այնպես սահմանել, որպեսզի հնարավորինս քչերը կարողանան օգտվել կառավարության «առատաձեռնությունից» ու ատեստավորում անցնելով՝ բարձրացնել իրենց աշխատավարձերը։ Պատահական չէ, որ այս ընթացքում զինվորականների ու մանկավարժների շատ փոքր մասին է հաջողվել ատեստավորվել։
Ներկայացնենք այն, ինչ տեղի է ունեցել մանկավարժների պարագայում։
Չորս-հինգ տարում 31.000-ի մանկավարժներից ընդամենը 6300-ն է ատեստավորվել։
Գրեթե 25.000-ը չի ատեստավորվել ու շարունակում է չնչին աշխատավարձ ստանալ։
Անշուշտ, կառավարությունը շահագրգռված չէ, որ այս մարդիկ հնարավորինս շուտ ատեստավորվեն ու բարձր աշխատավարձ ստանան, որովհետև այդ պարագայում ստիպված են լինելու կտրել իրենց բերաներից ու տալ մանկավարժներին։ Սա բոլորովին էլ իշխանությունների սրտով չէ, ու դրա համար ամեն ինչ արել ու անում են, որպեսզի նախ հնարավորինս քիչերը անցնեն ատեստացիայով, անցնելուց հետո էլ հնարավորություն չունենան բարձր աշխատավարձեր ստանալ։ Սա է պատճառը, որ մինչև հիմա մանկավարժների ընդամենը 20 տոկոսն է ատեստավորվել։ 80 տոկոսը դեռ սպասում է։
Եթե իսկապես ցանկություն ունենային բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերը, կարող էին այնպիսի պահանջներ սահմանել, որպեսզի այս մարդիկ գոնե մի փոքր արժանապատիվ աշխատավարձ ստանային։ Բայց հատուկ չեն արել, որովհետև նպատակը եղել է ոչ թե մանկավարժների համար արժանապատիվ ապրելու պայմաններ ստեղծելը, այլ ձևացնելը, թե բարձրացրել են ուսուցիչների աշխատավարձերը։
Ուսուցիչների աշխատավարձերի «աստղաբաշխական» բարձրացումների թեման Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ շահարկել է։ Մինչև վերջերս՝ գլուխ էր գովում, թե Հայաստանում 400 հազար, ընդհուպ 500.000 դրամ ստացող ուսուցիչ կա, կարևոր չէ, թե դրանք քանիսն են։ Ընտրություններից առաջ որոշել է դրանով էլ չբավարարվել, խաղադրույքները բարձրացրել է. Այժմ արդեն հայտարարում է, թե Հայաստանում 700.000 դրամ և ավելի ստացող ուսուցիչ կա, ոչինչ, որ խոսքը ընդամենը 2 ուսուցչի մասին է։
Կասկած չկա, որ այդ ուսուցիչների վարձատրությունը հատուկ են 700.000-ի հասցրել, որպեսզի Նիկոլ Փաշինյանն այդպիսի հայտարարություն անելու հնարավորություն ստանա։ Նույն ձևով կարող էին 1 միլիոնի էլ հասցնել, միևնույն է՝ դրանից շատ բան չէր փոխվի։ 2 ուսուցչի հաշվով՝ 300.000 դրամ՝ այս կողմ, 300.000 դրամ այն կողմ՝ մեծ բան չէր փոխելու։ Փոխարենը՝ Նիկոլ Փաշինյանը կարող էր ամպագոգոռ հերթական հայտարարությունն անել, ինչպես արեց կառավարության անցած նիստում։
Ասում է՝ Հայաստանում սեպտեմբերի դրությամբ կա 2,118 ուսուցիչ, ովքեր ստանում են 300.000-400.000 դրամ վարձատրություն, 863 ուսուցիչ, ովքեր ստանում են 400.000-500.000 դրամի վարձատրություն, 109 ուսուցիչ, ովքեր ստանում են 500.000-մինչև 600.000 դրամ վարձատրություն, 22 ուսուցիչ, ովքեր ստանում են 600.000-700.000 դրամ վարձատրություն և 2 ուսուցիչ, ովքեր ստանում են 700.000 դրամ և ավելի վարձատրություն։
Եկեք գումարենք այն բոլոր ուսուցիչները թվերը, որոնք ստանում են 300.000 դրամից ավելի գումար։ Կստանանք, որ այդպիսիք Հայաստանում 3114-ն են։ Ուսուցիչների ընդամենը 10 տոկոսը։ Իսկ ո՞ւր մնացին մյուսները, որոնք ստանում են միջին աշխատավարձից ցածր աշխատավարձ, ու նրանք ուսուցիչների 90 տոկոսն են։ Այս 90 տոկոսի աշխատավարձը վերջին 4-5 տարում, երբ սկսել են ատեստավորումը, չի փոխվել կամ չնչին փոփոխություն է կրել։ Այս 90 տոկոսի մեջ մտնող ուսուցիչների մեծ մասը ստանում է ընդամենը 100-120.000 դրամ աշխատավարձ։
Կարծում եք պատահակա՞ն է, որ Նիկոլ Փաշինյանը 300.000 դրամից ցածր վարձատրվող ուսուցիչների վերաբերյալ թվերը չի հրապարակում։ Եթե հրապարակի՝ կերևա այն ամբողջ թշվառությունը, որը թաքնված է ուսուցիչների աշխատավարձերը կտրուկ բարձրացնելու շուրջ այսքան տարի շրջանառվող կեղծիքի տակ։
Ուսուցիչների ճնշող մեծամասնությունը, ինչպես տարիներ առաջ, այնպես էլ այսօր ստանում է չնչին աշխատավարձ։ Այս մարդկանց աշխատավարձերը բարձրացնելու նպատակ իշխանություններն իրականում չեն էլ ունեցել։ Նպատակը եղել է հնարավորինս քիչ միջոցներ ծախսելով՝ տպավորություն ստեղծել, որ Հայաստանում ընդհուպ 700.000 դրամ ստացող ուսուցիչ կա։ Այս ամենն իրականում մեծ խաբկանք է, ու դրանում համոզվելու համար ընդամենը պետք է 300.000 դրամ ու բարձր վարձատրություն ունեցող այդ 3114 ուսուցիչների ատեստացիայից հետո ավել ստացած աշխատավարձերը բաժանել 31.000 ուսուցիչների վրա։ Կպարզվի, որ յուրաքանչյուրին մի քանի հազար դրամ կհասնի։
Դա կլինի այն ամբողջը, որը վերջին 4-5 տարիներին իշխանությունները հատկացրել են ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելու համար։ Մնացածը խաբեություն է. 3114 ուսուցչի բարձրացված աշխատավարձի հետևում ուզում են քողարկել մնացած տասնյակ-հազարավոր ուսուցիչների չբարձրացված աշխատավարձերի ու չնչին վարձատրության խնդիրները։ 2 ուսուցիչ՞ կստանա 700.000 դրամ, 12-ը, թե՞ անգամ 112-ը, մեծ բան չի փոխում 31.000 ուսուցիչների կյանքում։
Էականն այս ամենի մեջ այն է, որ նրանց առնվազն 80 տոկոսը շատ ցածր աշխատավարձ է ստանում։ Տարիներ շարունակ իշխանություններն այնպիսի համակարգեր են ստեղծել, որ խուսափեն այս մարդկանց աշխատավարձերը բարձրացնելուց։ Դա էլ քիչ է՝ այնպես են արել, որ դրա մեղավորությունը դնեն ուսուցիչների վրա, որ իբր պատրաստ չեն ատեստավորվել ու աշխատավարձերի բարձրացում ստանալ։
Ատեստավորման միջոցով փորձել են նվաստացնել ուսուցիչներին՝ երբեմն երկարամյա ու փորձառու մանկավարժներին դուրս թողնելով ատեստավորումից ու դպրոցից։
Սա է եղել ուսուցիչների նկատմամբ իշխանությունների ցուցաբերած «հոգատարությունը», որը տարիներ շարունակ շահարկել են, այսօր էլ շահարկում են՝ ընտրություններից առաջ տպավորություն ստեղծելով, թե ուսուցիչներին 700.000 դրամ աշխատավարձ են տալիս։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

