207 միլիոն գաղտնի տվել եք մի ՀԿ-ի, որ իրական Հայաստանի գաղափարախոսություն մշակե՞ն. հարց ՝ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը՝ «Հայկական Ժամանակը», Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ մի քանի հարցադրումներ հղեց նրան։

ՀԺ-ի լրագրողը նախ ցանկացավ, որ Նիկոլ Փաշինյանն անդրադառնա Երրորդ նախագահի այն հայտարարությանը, որ պատերազմի ընթացքում Առաջին և Երկրորդ նախագահները ցանկություն են հայտնել մեկնել Մոսկվա՝ հանդիպելու ԱԳ նախարարի, հետ, սակայն Նիկոլ Փաշինյանը արձագանքել է, թե առանց այն էլ ԱԳՆ-ն ամենօրյա մակարդակում այդ բանակցությունները տանում է, ապա՝ խնդրեց մեկնաբանել Երկրորդ նախագահի դիտարկումն օգոստոսի 8-ի իրողություններն ու խաղաղությունը կասկածի տակ դնելու առնչությամբ՝ նկատելով, որ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ դա մեկ անձի ցանկությունից և տրամադրությունից կախված փաստաթուղթ է և առաջարկում է որպես երաշխավոր կողմեր ավելացնել՝ Չինաստանի և Ռուսաստանի հնարավորությունը դիտարկելով։ ՀԺ լրագրողը նաև հավելեց, որ Երկրորդ նախագահն ասել է, որ հուսով է՝ 2026 թվականին հայ ժողովուրդն այդ սխալը չի գործի, դուք չեք վերընտրվի։

Արձագանքելով այս հարցադրում-դիտարկումներին՝ Նիկոլ Փաշինյանը նախ արձանագրեց․ «Դե, հատկապես Ռոբերտ Քոչարյանի հույսը վաղուց մեռած պիտի լիներ, բայց ինչ-որ դիմադրում է՝ չենք հասկանում՝ ինչի հաշվին:

Հաջորդ հարցը, հա իմիջիայլոց, Սերժ Սարգսյանի հարցազրույցի հետ կապված ես հետո տեսա, որ ինչ-որ տոնակատարություն է և Սերժ Սարգսյանի կողմնակիցներն ասում են՝ Փաշինյանը գիշերը չի քնել և բան է արել, նայել է Սերժ Սարգսյանի հարցազրույցը։

Կարդացեք նաև

Ընդհանրապես, ամեն օր իմ աշխատանքային ժամը սկսվում է ժամը 5-ին, և պիտի անկեղծ ասեմ՝ ես չգիտեի, որ նոր է ավարտվել այդ հարցազրույցը։ Ընդհանրապես, երկու հոգու հավաքել և հինգ ժամ խոսել, նշանակում է՝ մարդը բան ունի, շփման ինչ-որ խնդիր ունի:

Ճիշտ է, ես էլ, չորս ժամանոց ասուլիս եղել է, նույնիսկ հինգ անում եմ, բայց այդ դեպքում լրագրողները, այսինքն՝ բոլոր հավատարմագրված, ցանկացող լրագրողները մասնակցում են:

Ինչ վերաբերում է երաշխավորներին․ մենք արդեն երաշխավոր ունեցել ենք, և այդ երաշխավորի մասին մեր պատկերացումներն են, որ մեզ համար ստեղծել են այն պրոբլեմները, որոնք մենք ունենք․ և դա ակնհայտ է:

Երեք ղեկավարների գնալու-չգնալու, և այլն, և այլն… ես այդ թեմաներին տասնյակ անգամ անդրադարձել եմ․ ես օդանավն եմ տրամադրել»։

Լրագրողների դիտարկմանը, որ ամեն դեպքում, չեք զանգահարել, ասել, որովհետև ամեն դեպքում պետք էր իշխանությունից հավաստիացում լիներ, նա արձագանքեց․ «Ստիպում եք՝ էլի անցնեմ խոսակցությունների ժանրի՞ն: Ես Ռուսաստանի գործընկերներին ի ցույց եմ դրել, որ եթե իրենք ուզում են իրենց հետ շփվեն, ես դեմ չեմ:

Այսինքն՝ իրենց կընդունեք այնպես, ոնց որ ինձ կընդունե՞ք, հա՞․․․ այսինքն՝ ասեի, որ իրենք երեքո՞վ են Հայաստանի վարչապետը, իրենց կընդունեք այնպես, ինչպես ինձ կընդունե՞ք, ես այլևս Հայաստանի վարչապետ չեմ, իրենք երեքո՞վ են Հայաստանի վարչապետ»։

Լրագրողների հստակեցմանը, որ պետք է ասվեր՝ երեք նախագահներն են ուզում հանդիպել, Նիկոլ Փաշինյանը հեգնեց․ «Հա, փաստորեն իրենք չեն ճանաչում, պիտի ես ասեի, որ իրենք Հայաստանի նախկին․․․ հարգելինե՛րս, իրենք ասել են, որ նման ցանկություն ունեն, ես ասել եմ՝ խնդրեմ, օդանավն էլ, ասել եմ, վերցրեք-գնացեք, որի վրա գրած է՝ «Հայաստան», թող գնային»։

Լրագրողները նաև Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին համացանցում առկա այն տեղեկությունների մասին, ըստ որոնց, Հայաստանում ստեղծվել է նոր արտաքին հետախուզական ծառայություն՝ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության և Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության աջակցությամբ:

Հիշեցնենք, նման հայտարարություն էր արել իշխանամերձ Արման Բաբաջանյանը։

«Սա ինչպե՞ս կմեկնաբանեք․ արդյոք նոր՝ արդեն գործող արտաքին հետախուզական ծառայությո՞ւն է, թե՞ այլ բան: Դուք նաև նշեցիք, որ Մայր Աթոռ կգնաք այն ժամանակ, եթե չեմ սխալվում, ասացիք՝ մինչև ամբողջությամբ մաքրվեք, հա՞․ շատ մեղքեր ունեք, ձեզ քանի՞ տարի է պետք կամ տասնամյակ, ինչքա՞ն ժամանակ է պետք»,- հարցրեց լրագրողը։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նախ ճշգրտեց՝ «Չասեցի ամբողջությամբ, ասեցի՝ բավարար չափով: Կապրենք, կտեսնենք:

Ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին, կներեք ընդհանրապես չեմ մեկնաբանի․ անհեթեթություն է»։

Նա հավելեց՝ Արտաքին հետախուզական ծառայությունը, ինչպես ցանկացած երկրի արտաքին հետախուզական ծառայություն, համագործակցում է Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Բրիտանիայի, մյուս երկրների, գործընկեր երկրների Արտաքին հետախուզական ծառայությունների հետ։

Լրագրողը նաև հստակեցրեց, թե 207 միլիոն դրամը, որ մինչև օգոստոսի 8-ը գաղտնի որոշումներով տրվել է ՀԿ-ներից մեկին, ի՞նչ նպատակով է տրվել․ «Իրենք ի՞նչ են արել և արդյո՞ք այս «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, որ կա և անընդհատ դուք խոսում եք, իրենք են մշակել ձեզ համար»։

«Ոչ, իրենք իրական Հայաստանի գաղափարախոսությունը չեն մշակել,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով,- Դա շատ կարևոր հետազոտություն է եղել կառավարության համար՝ քաղաքականություններ մշակելու տեսակետից, և ես կարծում եմ, որ դա շատ կարևոր համագործակցություն է եղել և շատ արդյունավետ։ Ընդ որում, դա էլ է հրապարակային դրված»։

Թե ինչո՞ւ օգոստոսի 8-ից հետո գաղտնազերծվեց այդ փաստաթուղթը՝ հարցին ի պատասխան էլ՝ Փաշինյանը պատասխանեց․ «Որովհետև դա մի ժամանակաշրջան էր, որ մենք և ես կարևոր էի համարում, որ գաղտնի լինի, և որպեսզի այդ թվում՝ արտաքին ուժերը չտիրապետեն այն տեղեկություններին, թե ենթատեքստային և սոցիալ-հոգեբանական ինչ թեմաների վրա է աշխատում Հայաստանի Հանրապետության կառավարությունը»։

Մեկ այլ հարց հնչեց նաև մամուլում առկա այն տեղեկությունների մասին, ըստ որոնց՝ Սամվել Կարապետյանի եղբորորդու և փաստաբանի՝ Թաքսոնին տված հարցազրույցից հետո Փաշինյանը հանձնարարել է աշխատակազմին մեկ այլ հարցազրույց կազմակերպել՝ ամերիկյան մեկ այլ հայտնի լրագրողի հետ։

«Որովհետև եկեղեցու դեմ սկսված այս գործողությունները շատ ծանր են տարել, այսինքն՝ Միացյալ Նահանգներում հայտնի է դարձել, քանի որ լրագրողը շատ հայտնի է։

Ի դեպ, ասում են՝ Թրամփի որդու Հայաստանը գալը չեղարկվել է հենց այդ հարցազրույցից հետո․ ի՞նչ կարող եք ասել, այդպիսի հանձնարարական կա՞, որպեսզի դուք ամերիկյան հայտնի լրագրողներից մեկի հետ փորձեք պարզաբանել իրավիճակը»,- հարցրեց լրագրողը։

«Հարգելինե՛րս, նախ սկսեմ նրանից, որ այսօր մենք բազմաթիվ միջազգային, այդ թվում՝ ամերիկյան լրագրողներից հարցազրույցի հայտեր ունենք, բայց ինչպես տեսնում եք, նախընտրում ենք հարցազրույց տալ հայաստանցի լրագրողներին,- ի պատասխան՝ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով,- Ես նկատի ունեմ՝ եթե ձեզ թվում է, թե պետության ղեկավարի համար մեծ բարդություն է միջազգային լրատվամիջոցներին հարցազրույց տալը, այդքան էլ ճիշտ չի ձեր պատկերացումը:

Ուղիղ հարցին ուղիղ պատասխանելով՝ ո՛չ, ոչ միայն չկա նման հանձնարարական, այլև չկա եկեղեցու դեմ արշավ՝ ինչպես ինքներդ եք ասում, որովհետև ինչպես ես ասել եմ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին իմ սրբությունն է, իմ եկեղեցին է, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր մկրտված են»։

Թրամփի որդու հետ կապված տեղեկությունները Փաշինյանը չպարզաբանեց։

«Ով այդ լրատվությունը տարածել է, թող նա պարզաբանի»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս