
Ո՞վ էր հայ դավաճան Նիկոլը, որ կարողացավ բռնությամբ խլել եկեղեցիները, գանձերը և օտարացնել Լեհաստանի հայերին

Հրաչյա Աճառյանի «Հայոց անձնանունների բառարան»-ը, որը բաղկացած է 5 հատորից, հայ իրականության մեջ ամենաբացառիկ գիտական աշխատություններից մեկն է: Այն հայ մատենագրության մեջ հիշատակված անձնանունների մասին է:
Աշխատությունը տպագրվել է 1942-1962 թվականներին: Բառարանում ընդգրկված են հայ ժողովրդի ամենահին ժամանակներից մինչև 1500 թվականը տարբեր աղբյուրներում հիշատակված բոլոր հայկական կամ հայերի կողմից գործածված անունները։
Բացի դրանից, ընդգրկվել են նաև 1500-1700 թվականների պատմության և գրականության մեջ կարևոր դեր խաղացած անձանց, կաթողիկոսների, պատրիարքների, նշանավոր ճանապարհորդների և այլ պատմական դեմքերի անունները։ 1700 թվականից հետո ներկայացված են Էջմիածնի, Աղթամարի, Սսի կաթողիկոսների, ինչպես նաև Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի պատրիարքների անունները։ Բառարանում տեղ են գտել նաև նոր կամ անսովոր անուններ: Այս ամենի հետ մեկտեղ՝ բառարանում տրվում է նաև անունների ստուգաբանությունն ու ծագումնաբանությունը:
Թերթելով Աճառյանի «Հայոց անձնանունների բառարան»-ը՝ կարդում ենք Նիկողայոս անվան ստուգաբանության մասին և իմանում, որ այն հունական ծագում ունի, որը նշանակում է «ժողովրդահաղթ»:
Նիկողայոս անունը հայ իրականության մեջ գործածվել է 13-րդ դարից սկսած: Անունը գործածվել է տարբեր ձևերով: Անվան օտարաձև գործածություններից մեկն էլ Նիկոլ ձևն է: Հայ իրականության մեջ անվան տարբեր ձևերով հանդես եկած մարդկանց ցանկը մեծ է:
Նիկողայոս անվամբ հիշատակվողների ցանկում կարդում ենք 17-րդ դարում հանդես եկած մի սկզբունքային, սեփական անձն ու կրոնը չուրացած պատանու մասին, ով մահմեդականների կողմից դաժանաբար սպանվում է: Նրա մասին մասնավորապես կարդում ենք.
«Նիկողայոս մանուկ Տիգրանակերտցի, 15 տարեկան գեղեցիկ պատանի էր. շուկայում երկու թուրք՝ Մահմետ անունով սկսեցին լրբաբանել նրա հետ, պատանին սկսեց հայհոյել երկու Մահմետներին էլ. նրանք դիմեցին դատավորին և փաշային՝ չարախոսելով թե պատանին հայհոյել է Մահմետ մարգարեին. երկու սուտ վկա հաստատեցին նրանց խոսքը. դատավորը և փաշան առաջարկեցին պատանուն ուրանալ հավատքը, խոստանալով տալ նրան գեղեցիկ կին, հարստություն, իշխանություն և ամեն բարիք. մինչև իսկ փաշան խոստացավ որդեգրել նրան:
Բայց պատանին մերժեց ամեն ինչ և հաստատ մնաց հավատքին: Տարին հրապարակը, ոտքերը և ձեռքերը կացինով ջարդեցին. մարմնի կոճղը արյունաթաթախ փոխադրեցին իր տունը, ուր երեք օր տանջվելուց հետո՝ մեռավ անմեղ նահատակ պատանին «1642 թ»: (Աճառյան Մ., «Հայոց անձնանունների բառարան», հատոր Դ., Երևան, 1948, էջ 78):
Այս պատմությունը փաստում է հայ պատանու խիզախության և հավատի ամրության մասին: Նմանատիպ մարդկանց բառարանում շատ ենք հանդիպում: Սակայն, այս ամենի հետ մեկտեղ՝ հանդիպում ենք նաև պատմական տարբեր դարաշրջաններում հանդես եկած հայ դավաճանների, ովքեր սկզբունքային չեն, չունեն ազգային, կրոնական և մշակութային արժեքներ, և հանուն գումարի վաճառում են իրենց և կործանում հայ մարդուն թե՛ իր հայրենիքում, թե՛ հայրենիքից դուրս: Նմանատիպ կերպարներից է եղել Նիկոլ Թորոսովիչը, ով գործել է 17-րդ դարում՝ Լեհաստանում: Նրա մասին մասնավորապես կարդում ենք.
«Նիկոլ Թորոսովիչ, արքեպիսկոպոս Հայոց Լեհաստանի. կաշառքով եպիսկոպոս օծվեց Մելիքսեթ կաթողիկոսի ձեռքով Իլվով քաղաքում, հակառակ ժողովուրդի կամքին 1626 թ.: Ժողովուրդը խորշեց նրանից և եկեղեցուց դուրս վռնտեց:
Նիկոլը դիմեց ճիզվիթներին, ընդունեց կաթոլիկությունը և իր հոտն էլ կաթոլիկ դարձնելու խոստումով, նրանց միջոցով և զինվորական օգնությամբ բռնի խլեց եկեղեցիները, գրավեց գանձերն ու կալվածները, որ սկսավ ծախել և շռայլ ու անառակ կյանքով վատնել: 24 տարի ամբողջ՝ ժողովուրդը առանց եկեղեցու և առանց ծիսակատարության մնալուց հետո, ստիպվեց ընդունել Նիկոլին: Եվ այսպես Նիկոլը կամաց-կամաց հայ ժողովուրդը կաթոլիկության առաջնորդեց, որով և ամբողջ Լեհաստանի հայությունը օտարացավ ու լեհ դարձավ։ – Մեռել է 1681թ.»: (Նույն տեղում, էջ 79):
Հրաչյա Աճառյանի «Հայոց անձնանունների բառարան»-ում սա մեկ օրինակ է Հայոց պատմության մեջ հանդես եկած Նիկոլ անունով հայ դավաճանի կյանքից և գործունեությունից:
Աճառյանը ցույց է տալիս, թե ինչպես միևնույն անունը կրողը կարող է լինել հավատի ու սկզբունքի խորհրդանիշ (Նիկողայոս մանուկ Տիգրանակերտցի), և՛ որպես դավաճանության ու հոգևոր անկման օրինակ (Նիկոլ Թորոսովիչ)։
Աճառյանի աշխատանքի շնորհիվ երկու պատմական կերպարները հավերժացել են Հայոց պատմության մեջ:
Եվ ցավալիորեն պետք է փաստենք, որ դավաճանությունը հայ իրականության մեջ և հատկապես մեր օրերում շարունակում է ունենալ իր ազգային կործանարար դրսևորումները:
Զ. Շուշեցի