
Ի՞նչ է սպասվում քաղաքացիներին հերթական «պատմական բարեփոխումից» հետո

Ընտրություններից առաջ ՔՊ-ական վարչախումբը պատրաստվում է հերթական «պատմական բարեփոխումով» խաբել ու մոլորեցնել քաղաքացիներին։ Հայտարարում են, թե հաջորդ տարվանից համապարփակ բժշկական ապահովագրություն են ներդնելու։ Հաջորդ տարվան 3 ամսից էլ քիչ ժամանակ է մնացել. նույնիսկ բժշկական ապահովագրության մասին օրենք չկա։
Ոչինչ, որ բժշկական ապահովագրությունը պարտավորվել էին ներդնել շատ ավելի վաղուց։ Գրեթե 2 տարի ուշացրել են։ Հաջորդ տարի այդ համակարգն ամբողջությամբ պիտի ներդրած լինեին, բայց նոր են պատրաստվում սկսել, այն էլ՝ ձևական, որպեսզի ցույց տան, թե կատարել են իրենց խոստումը։
Բժշկական ապահովագրության ներդրմանը, անշուշտ, շատերն են սպասում, հատկապես՝ սոցիալական այն խավերը, ովքեր հնարավորություն ու միջոցներ չունեն բժշկի դիմելու։ Այս մարդիկ հույս ունեն, որ ապահովագրության ներդրումից հետո այլևս իրենցից փող չեն պահանջի, կկարողանան օգտվել անվճար բուժօգնությունից։ Բայց ստիպված ենք հիասթափեցնել նրանց։
Այն, ինչ մտադիր են անել, իրականում քիչ կապ ունի ապահովագրության հետ։ Ընդամենը պետպատվերի անունը փոխել, դարձրել են ապահովագրություն։ Իսկ թե քաղաքացիները մինչև հիմա որքանո՞վ են կարողանում օգտվել պետպատվերից ու ի՞նչ տառապանքների գնով, հայտնի է բոլորին։
Այս փոփոխության արդյունքում շատերը կարող են զրկվել անգամ նախկին ծավալով բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից։ Ապահովագրության ներդրումից հետո անվճար ծառայությունների շրջանակը խիստ նեղանալու է։ Կարող են օգտվել շատ սահմանափակ միջամտություններից։ Դա ենթադրում է, որ ապահովագրական փաթեթից դուրս մնացած մյուս ծառայությունների համար պարտավոր են լինելու վճարել։ Իսկ այդպիսի ծառայությունները շատ են։
Առաջին փուլում պետության կողմից տրամադրվող բժշկական ապահովագրության փաթեթից օգտվելու համար ներառել են մինչև 18 տարեկան երեխաներին։ Սա քաղաքացիների այն խումբն է, որոնց համար բժշկական ծառայություններից օգտվելը մինչ այդ էլ անվճար էր։ Նրանց համար անվճար ծառայությունները փոխելու են ապահովագրությամբ։ Ըստ այդմ՝ այդ ծառայությունների շրջանակը կսահմանափակվի միայն նրանցով, որոնք ընդգրկված են ապահովագրական փաթեթում։
Մյուս խումբը, որին կառավարությունը որոշել է ներառել ապահովագրության պետական օժանդակության մեջ, 65 տարեկանից բարձր քաղաքացիներն են։
Թե ինչո՞ւ 65 տարեկանից բարձր, դժվար է ասել։ Եթե նպատակը եղել է թոշակառուներին ապահովագրական փաթեթ տրամադրելը, ապա գոնե կարելի էր 63 տարեկանից սկսել։ Բայց կառավարությունը հավանաբար մտածել է, որ մինչև 65 տարեկան թոշակառուների սոցիալական պայմաններն այնքան լավն են, որ նրանք ապահովագրությունից օգտվելու կարիք չունեն։
Կամ գուցե մտադիր են մինչ այդ փոխել նաև կենսաթոշակային տարիքը և գործող 63-ից դարձնել 65 տարեկան։
Չնայած այնպես չէ, որ ապահովագրական այն փաթեթը, որը պետությունը պատրաստվում է տրամադրել 65 տարեկանից բարձր քաղաքացիներին, նրանց մեծ բան է տալու։
Պետության կողմից տրամադրվող փաթեթից օգտվելու են նաև հաշմանդամներն ու անապահովները։ Մինչ այդ, ինչպես հայտնի է, կառավարությունը պարտաստվում է էապես կրճատել անապահովների քանակը, որպեսզի տնտեսի նաև նրանց բժշկական ապահովագրության ծախսերը։
Հաշմանդամություն ունեցողների շրջանակի կրճատումը շատ ավելի վաղուց էին սկսել։
Հաջորդ խումբն այն աշխատող քաղաքացիներն են, որոնք ստանում են 200 հազար դրամից բարձր աշխատավարձ։ Այդպիսիք Հայաստանում 190 հազարն են։ Նրանք կամ, լավագույն դեպքում, նրանց գործատուները պետք է վճարեն ապահովագրական փաթեթ ձեռք բերելու համար։ Տարեկան վճարը սահմանվել է 129.6 հազար դրամ։
200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացին բժշկական պարտադիր ապահովագրությունից օգտվելու համար ստիպված կլինի վճարել իր աշխատավարձի 5.4 տոկոսը։
Սա նոր ֆինանսական բեռ է լինելու նրա գրպանի վրա։ Որքան աշխատավարձը բարձր լինի, այնքան ապահովագրական փաթեթի ազդեցությունը դրա վրա կփոքրանա։ Ասենք՝ 500 հազար դրամ աշխատավարձ ստացողն ապահովագրական փաթեթի ձեռքբերման համար կհատկացնի իր աշխատավարձի 2.16 տոկոս, իսկ 1 մլն դրամ ստացողը՝ 1.08 տոկոսը։
Ահա այսպիսի սոցիալական «արդար» սկզբունք է պատրաստվում ներդնել կառավարությունը պարտադիր բժշկական ապահովագրությունից օգտվողների համար։ Քիչ ստացողները ստիպված կլինեն իրենց աշխատավարձից շատ ավելի մեծ մասհանում կատարել՝ ապահովագրության փաթեթի ձեռքբերման համար, քան շատ ստացողները։
Ներդրումից առաջ իշխանությունները որոշել են ապահովագրական փաթեթի արժեքը՝ ի սկզբանե նախատեսվածի համեմատ, բավական նվազեցնել։ Բայց դա չեն արել քաղաքացիների նկատմամբ սիրուց ու հոգատարությունից դրդված։ Արել են, որպեսզի մի կողմից՝ տեղավորվեն եղած գումարների մեջ, մյուս կողմից՝ ցույց տան, թե խոստացած բժշկական ապահովագրությունը ներդրել են։
Այսպիսի մոտեցումներով ապահովագրության ինստիտուտի ներդրումը լինելու է հերթական աչքկապոցին։ Տպավորություն են ստեղծում, թե ապահովագրություն են ներդրում, բայց տակն արդյունք չի լինելու։ Վերջում պարզվելու է, որ մարդիկ չեն կարողանալու ապահովագրական փաթեթով ստանալ բազմաթիվ բժշկական ծառայություններ։
Մեկ այլ գլխացավանք է լինելու այն, թե ինչ մեխանիզմով են օգտվելու ապահովագրությունից։ Էլ չենք ասում, թե բժշկական հաստատությունները որքանո՞վ են պատրաստ սպասարկելու ամբողջ պահանջարկը։
Ապահովագրության ներդրումից հետո, անկախ ամեն ինչից, բժշկական ծառայությունների պահանջարկն ավելանալու է։ Մեծ հարց է՝ առողջապահական հաստատություններն ի վիճա՞կի են այն ամբողջությամբ բավարարել։ Դատելով այսօրվա իրավիճակից, պատրաստ չեն։ Դա գիտի նաև առողջապահության նախարարը, դրա համար էլ ասում է՝ համակարգը ընթացս կպատրաստվի։
Ստացվում է՝ քաղաքացիները փաթեթները ձեռներին պիտի սպասեն, թե երբ պատրաստ կլինի առողջապահական համակարգը, որպեսզի կարողանան օգտվել իրենց հասանելիք բժշկական ապահովագրությունից։
Արկածախնդրություն է քաղաքական նպատակներով ու ձևական մոտեցումներով հանպատրաստից գնալ այսպիսի կարևոր ինստիտուտի ներդրմանը։ Վաղը դա կարող է լուրջ ռիսկեր ու խնդիրներ ստեղծել՝ ինչպես առողջապահության ոլորտի, այնպես էլ՝ քաղաքացիների ու նրանց առողջության համար։ Անթույլատրելի է այդպիսի կարևոր ինստիտուտի ներդրումը դնել հարվածի տակ, ինչ է թե՝ քաղաքական իշխանությունն ուզում է ցույց տալ, թե խոստացել էր բժշկական ապահովագրություն ներդնել՝ ներդրել է։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ