Սուրեն Պապիկյան, նախարար ես, դու ինչի՞ չես զոհվել, իսկ Ազատի կացարանի տղերքն ինչի՞ են զոհվել. Թաթոյան
«Սուրեն Պապիկյան, դու կարա՞ս հիմնավորես՝ ինչու չես զոհվել, դու կարա՞ս հիմնավորես՝ 15 մեր զինվորները, որոնք կացարանում հրդեհի հետևանքով մահացան, ինչու զոհվեցին»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ անդրադառնալով նախընտրական քարոզարշավի ընթացքին:
Արման Թաթոյանը նշեց, որ կարիք կա ամփոփել այս երկու շաբաթների նախընտրական քարոզարշավը և այն խայտառակ վիճակը, որը ստեղծված է: Նրա գնահատմամբ, ձևավորվել է վախի ու ատելության քարոզի մթնոլորտ, տպավորություն է, որ ամեն կողմից կա ռեսուրսների մրցավազք: Եվ այս ֆոնին, ըստ նրա, ստացվում է այնպես, որ մարդը պետք է ընտրություն անի՝ որ արտաքին ուժերի օգտին է ընտրություն կատարելու՝ Մոսկվա, Բրյուսել, Բաքու, Վաշինգտոն: Թաթոյանի կարծիքով, որևէ մեկը չի խոսում այն մասին, թե Հայաստանին ինչ է պետք, Հայաստանի ընտրությունն ինչպիսին պետք է լինի:
Արման Թաթոյանը գտնում է, որ իշխանությունները դարձել են վախ սերմանող ասպետներ ու ատելություն, խաբեության տարածելու վարպետներ:
Ըստ նրա, իշխանություններն իրենց փորձում են դիրքավորել՝ որպես ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպաններ, սակայն ստեղծված է այնպիսի սխեմա, որ մարդկանց մեջ տարածվում է վախ, սփռում են սպառնալիքներ՝ ինչպես անձնական, այնպես էլ՝ պատերազմի սպառնալիք:
Թաթոյանի խոսքով, այդ իրավիճակն անընդհատ զարգացնում ու պահում են, որովհետև դրա վրա է նստած ամբողջ քարոզարշավը, և դա տարածվել է ողջ երկրով մեկ:
«Փոխանակ ավելի միասնական լինենք, ամբողջը նստած է պառակտման ու թշնամանքի վրա»,- ընդգծեց քաղաքական գործիչը:
Թաթոյանը նշեց նաև, որ այս ամենը տեղի է ունենում ժողովրդավարության շղարշի ներքո: Նա հիշեցրեց անցած շաբաթ իր հրապարակած աղմկահարույց ձայնագրությունը:
«Հստակ ցույց տվեցի, որ գործում է սխեմա, Արմավիրի պետական տարածաշրջանային քոլեջի օրինակով ցույց տվեցինք, որ կամակերպված, բարձր մակարդակով ուսանողների, դասախոսների պարտադրում են գնալ իշխանության նախընտրական հավաքներին: Ու ի՞նչ, մինչև հիմա ոչ մի բան, ոչ մի արձագանք, հատուկ անուններ էլ նշել էի, հանցագործության մասին հաղորդմամբ ներկայացրել էինք»,- ասաց Արման Թաթոյանը:
Նրա գնահատմամբ, իրավապահ մարմիններն իշխանության հետ սինխրոն աշխատում են:
Քաղաքական գործչի խոսքով, այս իշխանությունը մահը դարձրել է պաշտամունք, խոսում են վերջերս զինվորների, մարդականց զոհվելուց, ասում՝ ինչո՞ւ չեք զոհվել պատերազմի ժամանակ, իրենց վրայից մեղքը գցում են, դնում զինվորների վրա՝ պատասխանատվությունից փախչելու համար:
«Ո՞նց կարող է ՀՀ վարչապետը ուրախանալ կամ ասել՝ հիմնավորեք, ինչո՞ւ չեք զոհվել: Հակառակը, չէ՞՝ պետք է ուրախանա, որ մարդիկ չեն զոհվել, կենդանի են մնացել, ամեն մեկի կյանքն արժեք է: Ու Պաշտպանության նախարարն էլ, տեսեք՝ ինչ է անում, լակոտի պես պահելով, «արա»-ով խոսելով, ուղիղ եթերով ասում է՝ հիմնավորեք՝ ինչո՞ւ չեք զոհվել:
Բա դու կարա՞ս հիմնավորես՝ ինչու չես զոհվել, դու կարա՞ս հիմնավորես՝ 15 մեր զինվորները, որոնք կացարանում հրդեհի հետևանքով մահացան, ինչու մահացան: Մահացան վարչապետի նշանակած նախարարի, Սուրեն Պապիկյանի ու նաև նրա ընտրած հրամանատարների պատճառով: Բա դու Պաշտպանության նախարար ես, նախարարի ֆունկցիան այն է, որ դու պատերազմն այնպես կազմակերպես, որ հնարավորինս քիչ մարդ զոհվի, ոչ թե ուրախանաս կամ ասես՝ ինչո՞ւ չեք զոհվել: Ստալինի ժամանակ մարդիկ, որ ճակատից վերադառնում էին, մարդկանց տանում հարցաքննում ու պատժում էին, սա նույն ստալինիզմն է»,- նման կարծիք հայտնեց Թաթոյանը:



