Ռուբիոն Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հետ քննարկել է Իրանի շուրջ իրավիճակը
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։
Կողմերը քննարկել են Իրանի հարցը և Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության վերականգնմանն ուղղված շարունակական ջանքերը:
Պետքարտուղարության փոխանցմամբ՝ քննարկման թեմաների թվում են եղել նաև «Եվրոպայի կողմից սեփական անվտանգության ապահովման կարևորությունը, ինչպես նաև պաշտպանական ներդրումների ավելացման և ՆԱՏՕ-ի դաշինքի շրջանակում բեռի ավելի լայն բաշխման անհրաժեշտությունը»:
Մարկո Ռուբիոն Շվեդիայում ՆԱՏՕ-ի գործընկերների հետ հանդիպմանը մեկնելիս հայտարարել է, որ Սպիտակ տունը «շատ վրդովված է» ՆԱՏՕ-ի անդամներից, որոնք «թաքնվել են» Իրանի պատերազմի ժամանակ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ քննադատության էր ենթարկել Մեծ Բրիտանիային Իրանի հակամարտության մեջ ներքաշվելու հարցում դժկամություն ցուցաբերելու համար՝ մեղադրելով վարչապետ Քիր Սթարմերին «թույլ» լինելու համար։



