
Փաստեր՝ Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի համար. Արդյո՞ք ՊԲ բոլոր զորամասերը բացազատված են եղել

Ցորի զորամասի գործով ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը վճռաբեկ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել իր վերաբերյալ վճիռը և կայացնել արդարացման դատական ակտ։
Նշենք, որ հունիսի 18-ին Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, անփոփոխ էր թողել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վերաբերյալ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով նա դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման։
Եվ հիմա պարզ է դարձել, որ ՀՀ վճռաբեկ դատարանի 26.09.2025թ. որոշմամբ մեղադրյալ Ջալալ Հարությունյանի և նրա պաշտպանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, և դատավճիռը ստացել է օրինական ուժ: Այսինքն, Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում:
Հավելենք, որ ՊԲ նախկին հրամանատարը սկզբում մեղադրվում էր հակահարվածի հայտնի օպերացիայի ձախողման համար, բայց նշանակված ռազմագիտական փորձաքննությունից հետո նրա նկատմամբ այս դրվագով քրեական հետապնդումը դադարեցվել էր՝ արդարացման հիմքով: Եվ հարց է՝ ում փրկեց ռազմագիտական փորձաքննությունը և դրա արդյունքը՝ Ջալալ Հարությունյանի՞ն, Նիկոլ Փաշինյանի՞ն, թե՞ երկուսին միասին:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը 2020-ի հոկտեմբերի 6-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որտեղ խոսում էր Արցախ կատարած այցի մասին: Եվ այդ համատեքստում հաղորդագրություն է հրապարակվում, որից տեղեկանում ենք, որ հակահարվածի օպերացիայի քննարկմանը ներկա են եղել Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Ջալալ Հարությունյանը, Արգիշտի Քյարամյանը՝ որպես ՀՀ ԱԱԾ տնօրեն, Արցախի ԱԱԾ տնօրենի կարգավիճակում՝ Կամո Աղաջանյանը, որպես ՀՀ ԱԺ նախագահ՝ Արարատ Միրզոյանը, Արցախի ԱԽ քարտուղարի կարգավիճակում՝ Սամվել Բաբայանը և այլք:
Իսկ Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, նաև այս օպերացիայի ձախողման պատասխանատվությունն էր դրել ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի վրա, ինչն ավելի ուշ շարունակել էր 44-օրյայի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ կարգված Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ Ջալալ Հարությունյանը վարում էր մեկ պաշտպանական շրջանի ճակատի կռիվ, և սլաքներն ուղղել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի ուղղությամբ, ով այսօր արդեն քրեական գործով է անցնում հարավային ուղղությամբ արձանագրված ձախողումների համար:
168.am-ը գրել է, որ հակահարվածի հայտնի օպերացիայի դրվագով Ջալալ Հարությունյանն արդարացվել է, բայց գործը չեն փակել, և թե ում «գրպանը» Փաշինյանը կգցի դրա ձախողումը, ժամանակը ցույց կտա: Կամ՝ շատ կարևոր հարց է՝ արդյոք այս օպերացիային առնչվող գրավոր որևէ փաստաթուղթ կա՞ և դրա տակ կա՞ արդյոք 44-օրյայի ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ստորագրությունը, ով իրականում վերապահումներ է ունեցել այս օպերացիայի հետ կապված:
Ի դեպ, հետաքրքիր է՝ Ցորի զորամասի գործով Ջալալ Հարությունյանին ազատազրկելը մտնո՞ւմ էր փաշինյանական պլանների մեջ:
Ուշագրավ է, որ սրան զուգահեռ՝ Factor.am-ի հետ հարցազրույցում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքներին, փորձել է «արդարացնել» Ջալալ Հարությունյանին՝ նշելով.
«Զորամասերը բացազատված են եղել ամբողջությամբ: Ունեցել ենք կորուստներ, բայց զորամասերից անձնակազմը հանվել է ռազմական տեխնիկայով: Օրինակ, իմ տղան ծառայել է «Հայկազով» զորամասում, և պատերազմից մի քանի օր առաջ բացազատվել են»:
2020 թվականի պատերազմից հետո 168.am-ն ուսումնասիրությունների շարք է հրապարակել, թե ինչպես են 44-օրյա պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, դիմավորել կարևոր ուղղություններում տեղակայված զորամասերում, ընդ որում, բաց աղբյուրների փաստերի վրա: Մինչև դրանց ներկայացումը, հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի ՊԲ-ն 15 րոպեում արդեն կորցրել էր հակաօդային ուժերի 50 տոկոսը, հրետանու՝ 40 տոկոսը:
«Մենք պետք է այդ հնարավորությունից իրենց զրկեինք: Ես ուզում եմ մեր հասարակությունը տեղյակ լինի, որ հրետանու 40 տոկոսը կորցնելը մեծ աղետ է, հակաօդայինն էլ՝ 50 տոկոսը։ Հրետանին ամբողջ ռազմաճակատում կարկուտի պես թափվել է, ինչպես ասել էի, բայց գլխավոր երկու ուղղությամբ՝ Թալիշ-Մատաղիս ու Հորադիս»,- ասել էր Ս. Բաբայանը՝ նշելով, որ չորս-հինգ օր անց հակառակորդը ճեղքել էր հարավային ուղղությունն ու չորս-հինգ ուղղությամբ սկսել ծավալվել, մի քանի օր անց զարգացնելով գրոհը։
Ավելին, 2021 թվականի հունիսին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով վերջին պատերազմի ժամանակահատվածում զբաղեցնում էր Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, ասել էր, որ ինքը նախապես տեղյակ չի եղել պատերազմի ժամկետից, և հավելել է. «Հետագայում պարզել եմ, որ ամսի 19-ին, ամսի 25-ին ԱԱԾ պետը՝ Կամո Աղաջանյանը, հստակ ասել է, որ պատերազմ է սկսվելու: Էդ հետո եմ ես ճշտել: Այո, Աղաջանյան Կամոն զեկուցել էր մի անգամ՝ ամսի 19-ին, մի անգամ՝ ամսի 25-ին, և զորքերի մեծ մասը տարել են առաջին գիծ: Հետո եմ դա իմացել»:
Այժմ անդրադառնանք փաստերին:
– 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Արտակ Միքայելյանի հայրը` Ջիվան Միքայելյանը, «Պրեսսինգ» հաղորդաշարի շրջանակում նշել էր, որ Ցորի զորամասին խփել են սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7:00-ին. մինչև սեպտեմբերի 27-ը դուրս եկած չեն եղել մշտական տեղակայման վայրից:
«Իմ տղան ծառայել է Ցորի զորամասում: Բանակի հիմնական ռեզերվն է, մինչև ամսի 27-ը դուրս եկած չեն եղել մշտական տեղակայման վայրից: Առավոտյան ժամը 7-ին խփել են Ցորին, առավոտյան ժամը 7:30-ին են դուրս եկել: Մեր ծնողներից մեկն այնտեղ է եղել, երեխան նույնիսկ չի ասել, որ իրանք պատրաստ են»,- ասել էր Միքայելյանը:
- Գոռ Ավետիքյան
2020 թվական, սեպտեմբերի 27, առավոտ
Մարտունի 3
Գոռը լվացված դուրս եկավ բակ, նայեց պայծառ, կապուտակ երկնքին, մի լավ ձգվեց ու մտածեց. «Այսօր լավ օր է լինելու», և հենց այդ պահին լսվեց պայթյունի ձայն:
Ու հենց այդ պահին լսվեց ռումբի պայթյունը, թշնամին հարվածել էր զորամասի հարևան մասնաշենքի վրա։ Միանգամից հասկացել էր, որ սա արդեն հերթական կեղծ տագնապը չէ։ Թշնամին հարձակվել է։ Գոռն իր զինակից ընկերների հետ վազում է ներս՝ հագնվելու և զինվելու։
«Թշնամու հարվածներից մեկը զորամասի շենքի ուղղությամբ էր։ Մուտքը փլվեց։ Գոռը ֆիզիկապես շատ ուժեղ էր, ընկերների խոսքով՝ պատուհանից դուրս է բերել վիրավոր ծառայակից ընկերներին, չի հեռացել այնքան ժամանակ, մինչև վերջին մարդը զորամասից դուրս չի եկել»,- ամիսներ առաջ «Սպուտնիկ Արմենիային» պատմել էր Գոռի մայրը: Նոյեմբերի 3-ի առավոտը եղավ Գոռի վերջին առավոտը…
– Պատերազմի օրերին Հատուկ նշանակության զորքերի շտաբի պետ, փոխգնդապետ Արթուր Ֆահրադյանը «Զինուժին» պատմել էր. «Առավոտը 7:15-ին արդեն հրթիռակոծություն սկսվեց մեր զորամասի ՄՏՎ-ի վրա (մշտական տեղակայման վայրի.- Մ.Պ.): Անմիջապես տագնապ տվեցինք, անձնակազմը հանեցինք»:
Տագնապ ազդանշանից հետո փոխգնդապետ Ֆահրադյանն իր հատուկ նշանակության ստորաբաժանման հետ անցել է պաշտպանության, հաջողվում է հետ վերցնել մի քանի կարևոր բարձունք, սակայն շուտով զորքն ընկնում է շրջափակման մեջ: Փոխգնդապետին հաջողվել է գործադրած հնարքի միջոցով 62 զինվորի դուրս բերել շրջափակումից:
– Զոհված փոխգնդապետ Սամվել Սահակյանի հայրը պատմել էր. «Ջրականում եղել է հրաձգային գումարտակի հրամանատար: Ինքը պատերազմի սկսվելու ժամանակ գտնվել է 45-օրյա արձակուրդում: Արձակուրդայինից ընդամենը տասը օրն է անցած եղել, երբ իր տեղակալներից մեկը զանգել է և ասել՝ հրամանատար ջան, կրակոցներ կան: Ինքն այդ ժամանակ եղել է Կապան քաղաքում՝ վարձով բնակարանում: Միանգամից տեղից վեր է կացել և ասել՝ զորքս մնաց անտեր, ես պիտի հասնեմ զորքիս: Իրեն պաշտոնական հետկանչ չի եղել զորամաս: Զուտ իր տեղակալն է զանգել»:
– «Հրապարակը» սեպտեմբերի 27-ից բացառիկ կադրեր էր հրապարակել, որտեղ զինվորներն ասում էին, թե պատրաստվում էին ճաշարան գնալ, բայց թշնամին «հարամեց»:
– Մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Դավիթ Նիկոլայի Առուշանյանի մայրը Blog News-ին պատմել էր.
«Մի տարի էր, որ մնում էի Ղարաբաղում, ամսի 27-ին սկսվեց ռմբակոծությունը: 1992-ից հետո «սալյուտներ» շատ էր լինում: Այդ օրը առավոտյան ժամը 7-ը չկար և «սալյուտ» էր, ասեցի՝ Դավիթ, սա «սալյուտի» բան չի, սա ինչ է: Գլուխը բաղնիքից հանեց և ասեց՝ թուրքերն են: Բաղնիքից դուրս եկավ առանց սրբվելու, հագնվեց և դուրս եկավ»:
Հավելենք, որ ՊԲ հրամանատարի երկու տեղակալները, որոնք զոհվեցին 44-օրյա պատերազմի ժամանակ՝ Արթուր Սարգսյանը և Հովհաննես Ավագյանը, այդ օրն առավոտյան տնից են գնացել աշխատանքի: Ավելին, տարբեր տեղեկություններով, ինքը՝ Ջալալ Հարությունյանը, պատերազմը սկսվելուց հետո է գնացել աշխատանքի, այսինքն, տեղում չի եղել, որտեղ պիտի լիներ:
Եվ սա այն դեպքում, որ ռադիոկլանման կամ ռադիոհետախուզության միջոցով 2020-ի սեպտեմբերի 25-ին պարզ է դարձել, որ պատերազմ է սկսվելու: Իսկ դրանից առաջ այդ ժամանակ ՀՀ ԶՈԻ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը որոշ կարգադրություններ է տվել, բովանդակությունը կարելի է քննարկել, բավարար չհամարել: Մյուս կողմից, չպետք է մոռանալ, որ ՊԲ հրամանատարն ունի բավարար ինքնուրույնություն որոշումներ կայացնելու համար:
Այս համատեքստում նշենք, որ 2021 թվականի հոկտեմբերին ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարց էր ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ «տվյալ եք ունեցել, որ պատերազմ է լինելու, և եթե անգամ հարյուր տոկոսով չեք հավատացել կամ չեք վստահել, ինչո՞ւ Ձեզ, ՀՀ-ն և Արցախը ապահովագրելու համար, պետական կառավարման համակարգը և ԶՈՒ-ն պատրաստության վիճակի չեք բերել»։
Ի պատասխան՝ Փաշինյանն ասել էր.
«Զինված ուժերն ունեն կիրառման պլան, և զինված ուժերը գործում են՝ ըստ իրենց կիրառման պլանի: Էնպես չի՝ սուբյեկտիվ ցանկություն է, որ մեկ էլ զինված ուժերը հանում ես, և այլն, և այլն: Այսինքն, ինստիտուտ է, այնուամենայնիվ, հետո հետ կդառնանք և կտեսնենք, թե էդ ինստիտուտը ոնց է աշխատում: Եվ, այո՛, կա կիրառման պլան, կան անհրաժեշտ ընթացակարգեր, և էդ ընթացակարգերը պետք է աշխատեն, ապահովագրելու-չապահովագրելու մասին չի»:
Այսինքն, կան առանցքային հարցեր, որոնք դեռ պատասխանի կարիք ունեն, արդյո՞ք դրանք առկա են Քննիչ հանձնաժողովում, թե՞ հարցին մոտեցել են, ինչպես Անդրանիկ Քոչարյանն է ներկայացրել վերևում հիշատակված հարցազրույցում:
Իսկ Անդրանիկ Քոչարյանի տղան՝ Վազգեն Քոչարյանը, այո, զորակոչված է եղել ՊԲ «Հայկազով» զորամաս, պատերազմից հետո տեղափոխվել է Վանաձորում տեղակայված զորամաս: